Որո՞նք են Հայաստանի ուշագրավ առավելություններն ու թերությունները մրցունակության համաշխարհային զեկույցում
2012-2013-ի մրցունակության համաշխարհային զեկույցն ու Հայաստանի ցուցանիշներն ըստ այդ զեկույցի երեկ «Նովոստի» մամուլի ակումբում ներկայացրին «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը եւ կենտրոնի աշխատակից Սոնա Գրիգորյանը :
Սեւակ Հովհաննիսյանը մասնավորապես հայտնեց, որ, համաձայն այդ զեկույցի, Հայաստանը 10 կետով առաջընթաց է արձանագրել եւ այժմ զբաղեցնում է 82-րդ տեղը 144 երկրների մեջ: Նա նշեց, որ Հայաստանն այս զեկույցում ընդգրկվել է 2005-ից, ապա անդրադարձավ համաշխարհային տնտեսության իրավիճակին:
Ըստ «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի խորհրդի անդամիՙ համաշխարհային տնտեսությունը գտնվում է անկայուն եւ անորոշ վիճակում: Եվրոգոտու խնդիրները հանգեցրել են պարտքային ճգնաժամի եւ եվրոգոտուց դուրս շուկաների դանդաղ վերականգնման: Ինչ վերաբերում է մրցունակության համաշխարհային զեկույցին, ապա այն գնահատվում է 100 գործոններով եւ 12 հենասյուներով: Նկատի են առնվում նաեւ երկրի տնտեսական զարգացման փուլերը: Դրանք երեքն են` ռեսուրսների վրա հիմնված, արդյունավետության վրա հիմնված եւ նորարարությունների վրա հիմնված: Հայաստանը անցյալ տարի նահանջել էր եւ գտնվում էր առաջին փուլում, հիմա նորից հայտնվել է երկրորդ` արդյունավետության վրա հիմնված փուլում, որտեղ տարեկան 3000-9000 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ ունեցող երկրներն են:
Աշխարհի առավել մրցունակ 15 երկրները այս զեկույցում մնացել են անփոփոխ: Փոխվել են միայն նրանց տեղերը այդ ցանկի ներսում: Առաջին տեղում Շվեյցարիան է, երկրորդում` Սինգապուրը, երրորդում` Ֆինլանդիան:
12 հենասյուներից, Հայաստանը, նախորդ զեկույցի համեմատ, առաջընթաց է արձանագրել ինստիտուտների, մակրոտնտեսական կայունության, առողջապահության եւ տարրական կրթության, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, ապրանքների շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացածության, գործարար կատարելագործվածության, նորարարության հենասյուներում, հետընթաց` ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության, եւ անփոփոխ է մնացել շուկայի չափը:
Ամենաուշագրավ դրական փոփոխություններից նշվեցին պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկության, շուկայում գերիշխող ուժերի առկայության, նոր բիզնես սկսելու համար պահանջվող օրերի քանակի եւ ընթացակարգերի քանակի, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության գործոններով: Բացասական փոփոխություններից ուշադրության արժանի է ինտերնետ օգտագործողների թվի ցուցանիշը, որի առնչությամբ, սակայն, Սեւակ Հովհաննիսյանը հայտնեց, որ հիմք է ընդունվել Միջազգային հեռահաղորդակցության միության 2009-ի ցուցանիշը:
Մի շարք առումներով, Հայաստանը, այնուամենայնիվ, զբաղեցնում է բավականին ցածր տեղեր: Մեր երկրի ուշագրավ թերություններից են` տեղական մրցակցության ուժգնությունը` 130-րդ տեղ, մաքսային գործըթնացների բեռը` 127-րդ տեղ, բիզնեսի կրթությունը` 127-րդ տեղ, արտասահմանյան շուկաների ինդեքսը` 122-րդ տեղ եւ այլն:
ԱՊՀ երկրներից Ադրբեջանը զբաղեցնում է 46-րդ տեղը` 9 կետով առաջընթաց գրանցելով, Ղազախստանը` 51-րդ տեղը` 21 կետով առաջընթացով, Ռուսաստանը` 67-րդ տեղը` 1 կետով հետընթացով, Ուկրաինան` 73-րդ տեղը` 9 կետով առաջընթացով, Վրաստանը` 77-րդ տեղը` 11 կետով առաջընթացով, Մոլդովան` 87-րդ տեղը` 6 կետով առաջընթացով, Տաջիկստանը` 100-րդ տեղը` 5 կետով առաջընթացով եւ Ղրղզստանը` 127-րդ տեղը` 1 կետով հետընթացով:
Ամփոփելով, Սեւակ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի մրցունակության առանցքային զարգացումներն են մակրոտնտեսական միջավայրի կատարողականի բարելավումը (կառավարելի պետբյուջեի դեֆիցիտ եւ արտաքին պետական պարտք), հակամենաշնորհային քաղաքականության ակտիվացումը: Սակայն կոռուպցիան, մաքսային վարչարարությունը, դատական համակարգի անկախության ցածր մակարդակը, պետության կողմից նորարարության խթանման բացակայությունը բացասաբար են անդրադառնում երկրի մրցունակության վրա:
Մասնավոր հատվածում Հայաստանի մրցունակության հիմնախնդիրներն են` տրանսֆորմացիայի ցածր մակարդակը, բիզնեսի կատարելագործվածության, նորարարության եւ տեխնոլոգիական պատրաստվածության ցածր մակարդակը: Առավել խնդրահարույց գործոններն են մարկետինգը, կորպորատիվ կառավարումը, բիզնես գործընթացների կատարելագործվածությունը, լիազորությունների պատվիրակումը, հետազոտությունների եւ մշակումների ծախսերը, անձնակազմի վերապատրաստումը:
«Ազգի» հարցըՙ ուղղված Սեւակ Հովհաննիսյանին, հետեւյալն էր. «Ինչո՞ւ մրցունակության ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվում այնպիսի կարեւոր հանգամանք, ինչպիսին տնտեսության դիվերսիֆիկացման ցուցանիշն ու նրա փոփոխություններն են»: Ստացանք «դա ավելի շատ հետեւանքային գործոն է» պատասխանը, որն, ըստ էության, չի կարելի համոզիչ ու փաստարկված համարել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ