«Տաշիր գրուպ» ընկերությունը պաշտոնապես հերքել է Հայաստանում McDonald՛s արագ սննդի սպասարկման ռեստորանների ցանց բացելու լուրերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին «Տաշիր գրուպ» ընկերության ռուսաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, ընկերությունը McDonald՛s-ի հետ նման պայմանագիր չի ստորագրել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Տաշիր Գրուպը» ձեռք է բերել Երեւանում McDonald՛s ռեստորանների ցանցի հիմնման լիցենզիան:
«Տաշիր գրուպի» մամուլի ծառայությունից տեղեկացրին նաեւ, որ տվյալ պահին ընկերությունը զարգացնում է Grand Food հասարակական սննդի կետերի ցանցը, որի մեջ մտնում է նաեւ «Տաշիր պիցցա» ռեստորանների ցանցը: Ցանցն այսօրվա դրությամբ արդեն ներառում է 68 սպասարկման կետեր` Հայաստանում եւ Ռուսաստանում: Մամուլի ծառայության տվյալներով` մինչեւ 2012 թվականի ավարտը կբացվեն ավելի քան 20 պիցցերիաներ: