Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ուզբեկների նկատմամբ: Հաղթանակն ապահովեցին Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մարատ Ջումաեւին եւ Անդրեյ Կվոնին: Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Ռուստամ Կասիմջանովի հետ մրցավեճում, Սերգեյ Մովսիսյանն էլ հաշտություն կնքեց Անտոն Ֆիլիպովի հետ: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր ու կրկին տեղ զբաղեցրեց առաջատարների խմբում:
8-րդ տուրից հետո միանձնյա առաջատարի դերը պահպանեց Ռուսաստանի հավաքականը, որը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին ու վաստակեց 15 միավոր: Չինաստանի եւ Ադրբեջանի մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի: Մյուս կարեւոր մրցախաղերի արդյունքներն այսպիսին են. Մակեդոնիա-ԱՄՆ ` 1-3, Անգլիա-Ֆիլիպիններ` 1-3, Գերմանիա- Հունգարիա` 2,5-1,5, Հնդկաստան-Սերբիա` 2-2, Իսպանիա-Իսրայել` 0,5-3,5: Հայերի հետ 13-ական միավոր են վաստակել նաեւ Չինաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆիլիպինների հավաքականները:
Վերջին տուրերում վերելքով է հանդես գալիս Հայաստանի կանանց հավաքականը` տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Մեր շախմատիստուհիները 3-1 հաշվով հաղթեցին Ռումինիայի ընտրանուն: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան, որոնք առավելության հասան համապատասխանաբար Քրիստինա Ֆոյսորի եւ Ալինա, Լ’Ամիի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյան-Իրինա Բուլմագա, Լիլիթ Գալոյան-Ելենա Կոսմա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: ՀՀ հավաքականը վաստակեց 12 միավոր ու մոտեցավ առաջատարների խմբին:
Կանանց մրցաշարում երկիշխանություն է: 14-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականները: Ռուսները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին ուկրաինուհիներին, իսկ Չինաստանի հավաքականը հաղթեց լեհերին` 3-1: 13-ական միավոր ունեն Ֆրանսիայի, Ուզբեկստանի եւ Հնդկաստանի շախմատիստուհիները: Օլիմպիադայի ավարտին մնաց 3 տուր: