Ստամբուլում իրենց մրցավեճն ավարտեցին մինչեւ 16 տարեկան պատանի շախմատիստները, որոնք վիճարկում էին համաշխարհային պատանեկան օլիմպիադայի պարգեւները: Հայաստանի պատանեկան հավաքականը, որ 1998-ին եւ 2010-ին նվաճել էր օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը, այս անգամ հաջող հանդես չեկավ: 10 մրցախաղերում վաստակելով 22 միավոր, մեր հավաքականը 40 թիմերի մրցապայքարում զբաղեցրեց 12-րդ տեղը:
9-րդ տուրում մեր հավաքականը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Պերուի շախմատիստներին: Միակ կես միավորը Դիեգո Կուելարի հետ պարտիայում մրցակցին զիջեց Տիգրան Հարությունյանը: Մանուել Պետրոսյանը հաղթեց Ալեքսանդր Պրինցիպեին, Նորայր Թորոսյանն առավելության հասավ Պաուլա Պարեդեսի նկատմամբ, իսկ Վլադիմիր Կանջարյանը պարտության մատնեց Էդիտ Վեգային:
Ավարտական տուրում մեր հավաքականի մրցակիցը Ռուսաստանի պատանի շախմատիստներն էին, որոնք իրանցիների հետ պայքարում էին օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսի համար: Մեր շախմատիստներից միայն Վլադիմիր Կանջարյանին հաջողվեց կես միավոր վաստակել Մաքսիմ Վավուլինի հետ մրցավեճում: Տիգրան Հարությունյան-Ուրի Ելիսեեւ, Մանուել Պետրոսյան-Մաքսիմ Չիգաեւ, Նորայր Թորոսյան-Վլադիսլավ Արտեմեւ պարտիաներում հաղթեցին ռուսները: Այդ հաղթանակի շնորհիվ ռուսները վաստակեցին 29 միավոր ու արժանացան չեմպիոնի կոչմանը: Նրանց ընդամենը կես միավոր զիջեցին իրանցիները, որոնք լեհերին պարտության մատնեցին 2,5-1,5 հաշվով: Բրոնզե մրցանակակիր դարձավ Հնդկաստանի հավաքականը, որը 2,5-1,5 հաշվով հաղթելով ավստրալացիներին, վաստակեց 25,5 միավոր: