ՖԻՖԱ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 3 հորիզոնականով բարձրացել ու զբաղեցնում է 53-րդ տեղը: 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր հավաքականի առաջիկա մրցակից Մալթայի ընտրանին առաջընթաց է ունեցել 4 հորիզոնականովՙ զբաղեցնելով 139-րդ տեղը: Իսկ Բուլղարիայի հավաքականը, որի հետ մեր ֆուտբոլիստները կմրցեն սեպտեմբերի 11-ին, 89-րդ տեղում է: Բուլղարացիները նախորդ ամսվա համեմատ առաջադիմել են 5 տեղով:
Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Իտալիայի ընտրանին, որը պահպանել է իր դիրքը 6-րդ հորիզոնականում: 10-րդ տեղում է Դանիայի հավաքականը, որի դիրքը եւս անփոփոխ է մնացել: Նույնը վերաբերում է նաեւ չեխերին, որոնք 19-րդ տեղում են:
Լավագույն տասնյակում նույնպես փոփոխությունները չնչին են: Առաջին եռյակը պահպանել է դիրքերը: Դասակարգման ցուցակի առաջատարն իսպանացիներն են, որոնց հաջորդում են Գերմանիայի ու Անգլիայի հավաքականները: Պորտուգալացիները շրջանցել են Ուրուգվայի հավաքականին ու զբաղեցնում են 4-րդ տեղը: 7-9-րդ տեղերը պահպանել են Արգենտինայի, Հոլանդիայի եւ Խորվաթիայի ընտրանիները:
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանը, որը 2 հորիզոնականով նահանջել է ու զբաղեցնում է 13-րդ տեղը: 2-րդ արդյունքն ունի Ուկրաինան, որը 6 հորիզոնականով բարձրացել է ու զբաղեցնում է 39-րդ տեղը: 3-րդ արդյունքը Հայաստանի հավաքականինն է, որից 2 հորիզոնական ներքեւ են հանգրվանել էստոնացիները: Նրանք 6 տեղով նահանջել են:
Մյուս հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 70. Ուզբեկստան, 76. Բելառուս, 86. Վրաստան, 94. Լատվիա, 107. Ադրբեջան, 116. Լիտվա, 127. Թուրքմենստան, 141. Մոլդովա, 142. Ղազախստան, 143. Տաջիկստան, 197. Ղրղզստան: