ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին նախ Երեւանի պետական համալսարանում, այնուհետեւ նախագահական նստավայրի մոտ սպասում էին Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու երիտասարդ համալսարանականները: Ավելի քան 1000 երիտասարդներ եկել էին իրենց բողոքի ձայնն ու դժգոհությունն արտահայտելու Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, նրան ներում շնորհելու եւ միջազգային կառույցների ոչ համարժեք հայտարարությունների հանդեպ:
NATO-Azerbaijan coorporation, Oil. a New European Value? NATO-Safarov վերտառությամբ պաստառներով երիտասարդները պահանջում էին, որ ՆԱՏՕ-ն հստակ կեցվածք դրսեւորի Սաֆարովի արտահանձնման առնչությամբ եւ արժանի գնահատական տա: Երիտասարդները Ռասմուսենին հիշեցրին, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել հենց ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացի ժամանակ. հետեւաբար միջազգային այդ կառույցը պարտավոր է հետամուտ լինել կատարվածին եւ խիստ գնահատականներ տա:
«ՆԱՏՕ-ն մտահոգ է Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ: Այն, ինչ կատարվեց 2004-ին, հանցագործություն էր, որը չպետք է դափնիներ ստանար: Այս քայլերը չեն նպաստում տարածաշրջանի խաղաղությանը», այսպես սկսեց իր ելույթը ԵՊՀ-ում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենի մեկնաբանությամբՙ ՆԱՏՕ-ն եւ Հունգարիան պատասխանատու չեն Գուրգեն Մարգարյանի սպանության համար, քանի որ հանցագործությունը կատարել է մեկ հոգի, նրան տարել են դատարան եւ նա դատապարտվել է: Ռասմուսենը կարծում է, որ Սաֆարովի փոխանցումն էլ տեղի է ունեցել միջազգային իրավական հիմունքներին համահունչ:
«Ես լավ եմ հասկանում ձեր գործողությունները, ես համապատասխան ուղերձ կտանեմ ինձ հետ Ադրբեջան», ասաց նա համալսարանականներին:
Ավելի ուշՙ արդեն նախագահական նստավայրում, նախ առանձին հանդիպմամբ, այնուհետեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նույնպես անդրադարձ կատարվեց ադրբեջանական թիվ մեկ մարդասպանինՙ Սաֆարովին:
«Միջազգային հանրության չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին», ասաց նախագահ Սարգսյանըՙ հավելելով, որ պաշտոնական Երեւանը տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել է եվրոպացի գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձեւակերպումները վտանգավոր են եւ քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը:
«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի որոշմամբՙ հանցագործին ներում շնորհելու վերաբերյալ, քանի որ այն վնասում է վստահությանը: Այդ ահավոր եւ սահմռկեցուցիչ միջադեպը հանցագործություն է եւ չպետք է փառաբանվի ու խրախուսվի», սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ուղերձն է Ադրբեջանի նախագահ Ալիեւին. այն ընթերցվեց Երեւանում, իսկ անձամբ Ալիեւին կփոխանցվի Բաքվում:
Ռասմուսենը շեշտում է, որ ստեղծված իրավիճակում պետք է բացառել վերադարձը դեպի հակամարտությանը, այլ մտածել խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու շուրջը:
«Ստեղծված իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: Այն միանշանակ եւ աներկբայորեն պետք է արժանանա համընդհանուր դատապարտմանՙ ուղերձ հղելով արդարության հաստատման եւ անպատժելիության բացառման», ասաց Սերժ Սարգսյանըՙ հավելելով, որ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին մարտահրավեր էր առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց:
«Հանցագործը ներում է ստացել այդ երկրի նախագահից: Այստեղ ես «ներում» բառը վերապահությամբ եմ օգտագործում, որովհետեւ թեեւ այդ հրամանագիրը կոչվում էր «ներման հրամանագիր», բայց պարունակում էր արդարացման բովանդակություն, դրա բովանդակությունը Սաֆարովին արդարացնելն էր, որովհետեւ աշխարհի որեւէ երկրում ներում շնորհելուն չեն հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգեւատրում: Աշխարհի որեւէ երկրում հանցագործության համար պատիժ կրելը չի համարվում աշխատանք կամ ծառայություն: Բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին եւ կոչում շնորհեցին: Սա է խնդիրը: Ապշեցուցիչ է, թե ինչպիսի բացահայտ ցինիզմով եւ միջազգային նորմերի ոտնահարմամբ է Ադրբեջանում տեղի ունենում մարդասպանի հերոսացումը: Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի», ասաց նախագահըՙ հավելելով, որ այդ երեւույթը լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանը: Շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնելով հունգարացիներին, ովքեր իրենց կուսակցության այդ գործարքի դեմ բողոք բարձրացնելով բարձր բարոյականություն դրսեւորեցին, նախագահ Սարգսյանն ասաց, որ Հունգարիայի կառավարության քայլն անընդունելի է, քանի որ այդ երկրում պետք է տեղյակ լինեին, որ ալիեւյան Ադրբեջանում Սաֆարովը հերոսացվել է, հետեւաբար արտահանձնումից հետո դժվար չէր կանխատեսել, որ Սաֆարովն ազատ է արձակվելու:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանըՙ պաշտոնական Երեւանի դիրքորշումը հստակ է. մենք պատրաստ եւ վճռական ենք պահպանելու եւ զարգացնելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը: Իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության գործընկերության գործողությունների ծրագրի երրորդՙ 2011-2013թթ փաստաթուղթը: Նախագահը շեշտեց, որ Հայաստանը հաջողությամբ է համադրում համագործակցությունը ՀԱՊԿ-ում եւ ՆԱՏՕ-ում: «Անդամակցությունը ՀԱՊԿ-ին երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղկացուցիչ մասն է: Մենք դա արել ենք գիտակցված եւ հիմա էլ հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքներին ու գաղափարներին», ասաց նախագահըՙ հավելելով, որ չի համարում, թե ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն հակամարտող կազմակերպություններ են:
«Իմ այցը Հայաստան ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է հանձնառու լինել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում», ասաց Ռասմուսենըՙ բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, որը նաեւ նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը:
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: