Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք Ամերիկայի Հայկական իրավանց խորհրդի (Հայ դատի) նախագահ Երվանդ Ազատյանի նամակըՙ ուղղված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:
«Հարգարժան պրն նախագահ,
Այս պահին, երբ թեժանում է նախագահական ընտրությունների արշավը, հայազգի մի զինվորի սպանությունը հասկանալիորեն չի կարող դասվել ձեր գլխավոր առաջնահերթությունների շարքում: Սակայն հարցը չի սահմանափակվում մեկ անձի, 26-ամյա հայաստանցի սպա Գուրգեն Մարգարյանի կորստով, որին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:
Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտվելուց հետո նա արտահանձնվեց իր ծննդավայր Ադրբեջան, որտեղ որպես հերոսի ողջունեցին նրան: Նախագահ Ալիեւը ներում շնորհեց նրան, մայորի աստիճան պարգեւեց, իսկ ադրբեջանական կառավարությունը, որը հունգարական իշխանություններին հավաստիացրել էր, որ էքստրադիցիայի պայմանների համաձայն ռասիստ մարդասպանը կշարունակի իր պատժի մնացած չափաբաժինը կրել ադրբեջանական բանտերից մեկում, առատորեն պարգեւատրեց նրան:
Սպիտակ տան հրապարակած հայտարարությունը մեզ վստահեցնում էր, որ Դուք «մտահոգություն» եք արտահայտել գործի առնչությամբ եւ պարզաբանում պահանջել հունգարական իշխանություններից:
Բայց, պրն նախագահ, հունգարական կառավարությանը դիմելուց առաջ (նկատել տամ, որ), պատասխանատվությունը ձեր տան շեմի վրա է ընկնում, քանի որ սպա Գուրգեն Մարգարյանը ընդգրկված էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ գործող «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրում: Ուրեմն նա ՆԱՏՕ-ի իրավական դաշտի հովանու ներքո էր գտնվում: Լինելով ՆԱՏՕ-ի կառույցի գլխավոր գործընկեր եւ առաջնորդըՙ Մ. Նահանգները գլխավոր պատասխանատվությունն է կրում ծրագրի մասնակիցների անվտանգությունը ապահովելու գործում:
Այս անարդար արտահանձնումը եւ դրան հետեւող «սպանության արտոնության» շնորհումը ոչ միայն ծաղրի է ենթարկում միջազգային իրավունքը, այլեւ հավանություն է տալիս թիրախ դարձած էթնիկական խմբավորումների սպանությանը, ինչպես Ռամիլ Սաֆարովի դատապաշտպանն էր ասել դատավարության ժամանակ, որ «հայերին սպանելը հանցագործություն չէ»:
Հայկական զինված ուժերի որոշակի քանակակազմեր պատվով եւ օրինակելի ձեւով ծառայել են Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքոՙ վտանգի ենթարկելով իրենց կյանքը, բայց ՆԱՏՕ-ն չի կարողացել պաշտպանել իր ծրագրի մասնակիցներից մեկինՙ Գուրգեն Մարգարյանին, որին կացնահարել է նույն ծրագրի ադրբեջանցի մասնակիցը:
Այնպես որ «մտահոգություն» արտահայտելը որպես երրորդ կողմ դեռ բավական չէ, որովհետեւ Մ. Նահանգներըՙ որպես ՆԱՏՕ-ի ղեկավար երկիր, առաջին տեղն է զբաղեցնում այնտեղ: Այն, որ հունգարական կառավարությունը մեղավոր է ստվերոտ գործարքի մեջ մտնելու համար, հունգարական ժողովրդի գործն է, որն իսկապես զայրացած է այս սկանդալի առնչությամբ:
Սպանության այս արարքը եւ դրան հաջորդած արտահանձնումը միջադեպեր են, որոնք ոտնահարում են ՆԱՏՕ-ի պաշտպանած սկզբունքներըՙ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի եւ բարոյական նորմերի վերաբերյալ: Մ. Նահանգներում մեր կառավարությունը պարտավոր է զբաղվել այս հարցերով, եթե ցանկանում ենք, որ այլ երկրներ հարգեն մեր բարոյական կեցվածքն աշխարհում»: