Հավաստիացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
Երեկՙ մինչ կառավարության նիստի սկսվելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ՙ ներկայացնել բյուջեի կատարողականի ութ ամսվա արդյունքները:
Ներկայացնելով ցուցանիշները, ֆինանսների նախարարն ասաց, որ ութ ամիսների ընթացքում պետական բյուջեն ունեցել է 576 մլրդ 156 մլն դրամի եկամուտ, այդ թվումՙ 552 մլրդ 109 մլն դրամի հարկեր, տուրքեր եւ սոցվճարներ: «Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում են շուրջ 4 միլիարդ դրամով: Միայն օգոստոսին ունենք 390 մլն դրամի հարկերի եւ տուրքերի գերակատարում` նախանշած ցուցանիշների համեմատ», ասաց նա, ավելացնելով, որ չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա հունվար-օգոստոսին դրանք եղել են 574 մլրդ 148 մլն դրամ, ընդ որում, օգոստոսին` 72 մլրդ 232 մլն դրամ: «Այս տեմպերով շարունակելու դեպքում մեզ մոտ դեֆիցիտը կլինի ավելի ցածր, քան պլանավորված էր: Մենք այս պահին ամբողջությամբ ԾԻԳ-ի տվյալները չենք կարող ասել, սակայն մեր կանխատեսումներով` նախատեսված 132 մլրդ դրամից մեր դեֆիցիտը մի քանի տասնյակ միլիարդով տարեվերջին ավելի ցածր կլինի», նշեց Վաչե Գաբրիելյանը:
Ա. Մ.