«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


Ե՞ՐԲ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ «ՉԵՄԲԵՌԼԵՆԻՆ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Տարածաշրջանում ստեղծված փխրուն իրավիճակի առաջնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան է, ինչպես նաեւ` էթնիկ մաքրագործումները եւ հայ հանցագործների կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ գործած այլ հանցագործությունները», այսպես է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր ձեւակերպմամբ` «եվրոպական դիվանագիտության ղեկավար» Քեթրին Էշթոնի հայտարարությանը: Էշթոնը, ինչպես գիտենք, մտահոգություն էր հայտնել հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ նրան հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունների առթիվ: Եվ եթե ադրբեջանական ԱԳՆ-ն այդ առթիվ «բավարար հիմնավորումներ» ունենար, ապա կշարադրեր դրանք, ոչ թե իրեն երկարականջի տեղ կդներ:

Խնդիրն այս պահին հետեւյալն է. միջազգային կառույցները, մասնավորապես` Եվրոմիությունը, «Չեմբեռլենին պատասխան» տալու քաջություն կունենա՞ն, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ պարզ կլինի` նրանք իրո՞ք մտահոգված են իլհամալիեւյան բռիությամբ, թե՞ պարզապես մտահոգություն են խաղում: Որքան էլ մեծ է դիվանագիտական նրբասացությունները հարգելու ցանկությունը, այս պահին դա երկրորդական է: Ադրբեջանի «չոբանական» պահվածքը նման «սեթեւեթանքների» տեղ չի թողնում, եւ հարցը մնում է ճակատային` կա՞ այդ երկրի ամբիցիաները զսպելու միջազգային ցանկություն եւ, ամենակարեւորը` մեխանիզմ, թե՞ հայկական կողմը, ինչպես 90-ականների սկզբին, դարձյալ պիտի ապավինի միայն սեփական իմունիտետին:

Կա՞, արդյոք, միջազգային մի փաստաթուղթ, որտեղ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի», այն է` «Հայաստանի կողմից դրանց բռնազավթման փաստն» արձանագրված է: Այդպիսի փաստաթուղթ չկա: Ադրբեջանական կողմը մշտապես հղում է անում ՄԱԿ-ի ԱԽ-ին` «Հայաստանի կողմից մինչ այժմ չկատարված», չորս բանաձեւերին: ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին` չորրորդ բանաձեւն ընդունվել է 1993 թ. նոյեմբերի 12-ին: Այնտեղ արձանագրված է. «Անհանգստությամբ նշելով ռազմական գործողությունների էսկալացիան` ի հետեւանք կրակի դադարեցման խախտման եւ ի պատասխան այդ խախտումների ուժի չափից դուրս գործադրումը, մասնավորապես` Ադրբեջանում Զանգելանի շրջանի եւ Հորադիզ քաղաքի օկուպացումը...»: Այս ձեւակերպումները «թարգմանելու» կարի՞ք կա: Ըստ երեւույթին` այո: Մենք կաշխատենք դա անել ադրբեջանական դիվանագիտության համար հասկանալի «լեզվով»: Եվ այսպես. ՄԱԿ-ի ԱԽ-ն անհանգստությամբ նշում է, որ կրակի դադարեցման համաձայնության հետեւանքով ռազմական գործողությունները բանաձեւի ընդունման պահին էսկալացված էին, բայց դա տեղի է ունեցել այդ խախտումներին ի պատասխան` չափից դուրս ուժ կիրառելու արդյունքում, ինչի հետեւանքով Ադրբեջանում «օկուպացվել են» Զանգելանի շրջանը եւ Հորադիզ քաղաքը: Եթե Զանգելանը եւ Հորադիզ քաղաքը «օկուպացվել են» Ադրբեջանում, իսկ ըստ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի դա այդպես է, նշանակում է, որ կրակի դադարեցման խախտում կատարել է Ադրբեջանը, որի դեմ գործադրվել է «չափից դուրս» ուժ:

Ի՞նչ է հաջորդում դրան: Բանաձեւի առաջին կետով ՄԱԿ-ի ԱԽ-ն «դատապարտում է կողմերի (չի ասված` Ադրբեջանի եւ Հայաստանի, այլ` կողմերի- Վ. Ա.) հաստատած` կրակի դադարեցման խախտումները, որոնք հանգեցրել են ռազմական գործողությունների վերսկսման, եւ մասնավորապես դատապարտում է Զանգելանի շրջանի եւ Հորադիզ քաղաքի օկուպացիան, խաղաղ բնակչության վրա հարձակումները եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքի գնդակոծումները»:

Կողմերի գործողությունները համաչափորեն դատապարտելու` բանաձեւի դիվանագիտական մոտիվներից եթե վերացարկվենք, քանի որ պատասխանատվության տեսակետից կարեւորագույնը իրավական հղումներն են, ապա կունենանք այսպիսի պարզ պատկեր. ՄԱԿ-ի ԱԽ-ն հավասարապես դատապարտում է ե՛ւ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման համաձայնության խախտումը, ե՛ւ ի պատասխան դրա` «չափից դուրս ուժի կիրառումը», իհարկե` դրա փաստացի հետեւանքներով հանդերձ: («Խաղաղ բնակչության դեմ հարձակումների» հանգամանքը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. այդ առթիվ պետք է հիշեցնել Հեյդար Ալիեւի հայտնի ելույթը, որի սղագրությունը տպագրվել, հետագայում դասվել է «համազգային առաջնորդի «ընտիր» երկերի» շարքին եւ տեղադրված է www.heydaraliev. org կայքում. նա խաղաղ բնակչությանը «դասալիք» է անվանում, քանի որ «թողնում-հեռանում» են իրենց հողից` փոխանակ «պատվով մեռնելու»):

Իրավիճակը հաղթահարելու ի՞նչ ուղիներ է առաջարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը: Խնդրեմ. «Կոչ է անում Հայաստանի կառավարությանը` օգտագործելու իր ազդեցությունը` հասնելու համար Ադրբեջանի լեռնայինղարաբաղյան ռեգիոնի հայերի կողմից 822 (1993), 853 (1993) բանաձեւերի հարգմանը եւ ապահովել, որպեսզի ներգրավված կողմերին ռազմական կամպանիան շարունակելու համար միջոցներ չտրվեն»: Դարձյա՞լ թարգմանենք: Հաճույքով. ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտական գործողությունների մեջ ներքաշված կողմեր է ճանաչում Ադրբեջանը եւ «Ադրբեջանի լեռնայի-ղարաբաղյան ռեգիոնի հայերին», Հայաստանի կառավարությանը կոչ է անում վերջիններիս վրա իր «ազդեցությունը օգտագործելու», որպեսզի նրանք հարգեն ավելի վաղ ընդունված բանաձեւերը, ինչպես նաեւ` այնպես անել, որպեսզի ներքաշված կողմերին չտրվեն «ռազմական կամպանիան շարունակելու համար միջոցներ»: Փաստորեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը Հայաստանի կառավարությանը տվել է պատերազմող կողմերի միջեւ միջնորդություն իրականացնելու եւ հավասարապես երկուսի էլ պատերազմական միջոցների ձեռքբերումը վերահսկելու մանդատ:

Այնուհետեւ բանաձեւը «շահագրգիռ կողմերից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ թշնամանքի ակտերը, Զանգելանից եւ Հորադիզից օկուպացնող ուժերի միակողմանի դուրսբերում եւ օկուպացնող ուժերի դուրսբերում Ադրբեջանի` վերջերս օկուպացված շրջաններից` համաձայն Անվտանգության խորհրդի 822 (1993) եւ 853 (1993) բանաձեւերի կատարման անհետաձգելի միջոցառումների Նորացված գրաֆիկի, 1993թ. նոյեմբերի 2-8-ին Վիեննայում Մինսկի խմբի խորհրդակցության ընթացքում դրանում արված ուղղումներով հանդերձ»: Վերեւում ասացինք, որ բանաձեւը ռազմական գործողություններում ներքաշված կողմեր է ճանաչել Ադրբեջանը եւ ԼՂ-ն: Ուստի այս կետով սահմանված պահանջների կատարման պարտավորվածությունն էլ, բնականաբար, պետք է կրեին նրանք, որ երկրորդ ձեւակերպմամբ հավասարապես անվանված են «շահագրգիռ կողմեր»:

Չափազանց կարեւոր է հաջորդ կետի այն ընդգծումը, երբ Անվտանգության խորհուրդը, «ամենահամառ ձեւով շահագրգիռ կողմերին» կոչ անելով «շուտափույթ վերսկսել կրակի դադարեցման պահպանումը», ընդգծում է, որ կրակի դադարեցման համաձայնությունը ձեռք էր բերվել «անմիջական կոնտակտների արդյունքում` Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ եւ Մինսկի խմբի սատարմամբ»: Ադրբեջանի ԱԳՆ-ի դեղնակտուց մամլո խոսնակին խորհուրդ ենք տալիս կրկնակի ակնոցներով զինվել եւ բացել իր գերատեսչության արխիվները: Այնտեղ պետք է որ պահված լինեն ռազմական գործողություններում ներգրավված կողմերի անմիջական կոնտակտների, ներառյալ «համազգային առաջնորդի» եւ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի միջեւ ՌԴ-ի արտգործնախարարության նստավայրում բանակցությունների մասին փաստաթղթեր: Իսկ եթե «համազգային առաջնորդը», ինչպես սովորություն է ունեցել, կենսագրությունը «անցանկալի մանրուքներից մաքրագործելու» մարմաջով դրանք վերացրել է, փույթ չէ. պաշտոնական Ստեփանակերտը, կարծում ենք, մեծահոգաբար կլրացնի բացը:

Ուշադրություն եւ համապատասխան մեկնաբանություն է հայցում նաեւ նույն կետի հետեւյալ ձեւակերպումը. ՄԱԿ-ի ԱԽ-ն դարձյալ «ամենահամառ ձեւով ռազմական գործողություններում ներքաշված շահագրգիռ կողմերին կոչ է անում» կրակի դադարեցումը «դարձնել էֆեկտիվ եւ մշտական եւ շարունակել Մինսկի պրոցեսի» եւ Նորացված գրաֆիկի «կոնտեքստում հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելու հնարավորությունների որոնումը»:

Սույն բանաձեւի ընդունումից առավելագույնը մեկ ամիս անց, օգտագործելով հրադադարի ընձեռած հնարավորությունները եւ վերադասավորելով ուժերը, Ադրբեջանն սկսել է 1993-94թթ. «ձմեռային մեծ բեկման» ռազմագործողությունը: Մեկ անգամ արդեն առիթ ենք ունեցել անդրադառնալու իրողությանը, որ 1993թ. դեկտեմբերից մինչեւ 1994-ի մայիս տեւած ամենարյունալի եւ Ադրբեջանին «գրեթե կոլապսի» հասցրած պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ դա շուրջ կես տարի ձգված ժամանակահատված է, Անվտանգության խորհուրդն այլեւս ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտությանը չի անդրադարձել: Բացարձակապես: Արդյոք դա Միավորված ազգերի կազմակերպության կողմից Ադրբեջանի իշխանություններին տված պատասխան չէ՞ր:

Ի վերջո, «ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիայի» պայմաններում է, որ պաշտոնական Բաքուն ստորագրել է զինադադարի համաձայնագիրը: Ընդ որում, այդ փաստաթուղթը ստորագրել են նաեւ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչները: Սրանք են իրողությունները: Սա է, որ միջազգային հանրությունը, որպես պատասխան «Չեմբեռլենին», պետք է ուղղակիորեն հնչեցնի: Եթե, իհարկե, շահագրգռված է, որ տարածաշրջանում կայունությունը պահպանվի եւ ԼՂ խնդրին գտնվի բոլոր կողմերին բավարարող լուծում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4