ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջոն Քերին դատապարտել է Ադրբեջանի նախագահի կողմից հայ սպային դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովին ներում եւ հերոսի կոչում շնորհելու փաստը:
Սեպտեմբերի 5-ին տարածած իր հայտարարության մեջ Ջոն Քերին նշել է. «Ապշած ու ցնցված եմ, որ Ադրբեջանը ոչ միայն ողջունել է Սաֆարովին իր տանը, այլեւ ներել եւ վերաբերվել է նրան որպես հերոսի: Սադրիչ այս գործողությունը վտանգում է երկու երկրների միջեւ եղած «փխրուն» խաղաղությունը եւ կոտրում ադրբեջանական կառավարության հանդեպ եղած վստահությունը»:
Ջոն Քերիի հայտարարության մասին տեղեկացանք ՀՅԴ Հայ ազգային կոմիտեից, որի Արեւելյան ափի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը ողջունում է սենատոր Քերիի հայտարարությունը եւ նշում. «Բոլոր ամերիկահայերս ողջունում ենք սենատոր Քերիի արած դատապարտումը եւ նրան հայտնում մեր երախտագիտությունն անարդարության դեմ տարվող նրա սկզբունքային աշխատանքի համար»:
Միշել Հակոբյանն իր եւ ամերիկահայերի անունից նաեւ կոչ է արել Ջոն Քերիին ու նրա օրենսդիր գործընկերներին` ի շահ խաղաղության ջանքեր գործադրել կրճատելու Միացյալ Նահանգներից Ադրբեջանին հատկացվող ռազմական օնությունը, վաճառքներն ու տրանսֆերները»:
Սենատոր Քերիի արձագանքին նաեւ միացել են Ներկայացուցիչների պալատից, որի էներգետիկայի ու առեւտրի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Հենրի Ուոքսմանը նշել է, որ ինքը եւս անհանգստացած է Ադրբեջանի` Սաֆարովին ներեմ շնորհելու որոշումից:
ԱՄՆ կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը եւ ուրիշներ եւս արտահայտել են իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը ոճրագործին մեծարելու վերաբերյալ:
Ի. Պ.