ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ խստիվ քննադատել է Անվտանգության խորհրդի անգործունեությունը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Բան Կի Մունի խոսքերով, ԱԽ «կաթվածային վիճակը ցավ է պատճառում Սիրիայի ժողովրդին», ինչպես նաեւ թուլացնում է վստահությունը հենց ԱԽ-ի հանդեպ:
«Մենք չենք կարող անմասն մնալ, երբ բռնությունը դուրս է գալիս վերահսկողությունից, իսկ ճգնաժամը դուրս է գալիս Սիրիայի սահմաններից», ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա հույս է հայտնել, որ ԱԽ-ում ազդեցություն ունեցող երկրները շտապ ջանքեր կգործադրեն հակամարտության դրական լուծում գտնելու նպատակով:
2011-ի մարտից Սիրիայում ապստամբների եւ կառավարական ուժերի բախումների հետեւանքով սպանվել է ավելի քան 24 հազար մարդ, գաղթականների թիվը հասնում է 1,2 միլիոնի:
ՄԱԿ-ի ԱԽ-ն բազմիցս փորձել է հակամարտության լուծում գտնել, սակայն Արեւմուտքի երկրները մերժում են Ռուսաստանի ու Չինաստանի առաջարկները, իսկ վերջիններս դեմ են արտահայտվում Սիրիա ներխուժելու Արեւմուտքի նկրտումներին: