ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Վաղը Վլադիվոստոկ քաղաքում բացվում է Ասիական-խաղաղօվկյանոսյան տնտեսական համագործակցության տնտեսությունների առաջնորդների 24-րդ գագաթաժողովը: Այդ գագաթաժողովին մասնակցելու են քսանմեկ պետությունների նախագահներ եւ վարչապետներ: Ի՞նչ կապ ունի հեռավորարեւելյան այս իրադարձությունը Հայաստանի ու Հարավային Կովկասի հետ: Շատ պարզ: Այդ գագաթաժողովի երկու մասնակիցներ` Ռուսաստանն ու Չինաստանը, մեր խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերներ են: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության ցուցանիշները քաջ հայտնի են: Հայաստան-Չինաստան ապրանքաշրջանառության ծավալները 2011 թվականին կազմել են 421 մլն ԱՄՆ դոլար: Հուլիսին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը կանխատեսել է, որ այս տարի հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության ցուցանիշը կհասնի 500 մլն ԱՄՆ դոլարի, եւ դա դեռ սահմանագիծ չէ: Անցյալ տարի մոտ 60%-ով ավելացել է Վրաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառությունը` կազմելով 553 մլն ԱՄՆ դոլար: Չինական ներդրումները Ադրբեջանի նավթային եւ ոչ նավթային սեկտորներում անցած տարիների ընթացքում կազմել են մոտ 700 մլն ԱՄՆ դոլար: Այժմ այնտեղ իրականացման փուլում են ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ համատեղ տնտեսական ծրագրեր: Չինացիները հայտարարել են, որ պատրաստվում են մոտակա հինգ տարիներին Վրաստանում կատարել 1,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ: Եթե առեւտրի ծավալները համեմատենք երկրի տնտեսական ներուժի հետ, ապա կստացվի, որ Հարավային Կովկասում Չինաստանի ամենասերտ գործընկերը առայժմ Հայաստանն է: Իսկ եթե հայ-ռուսական երկկողմ առեւտրի ընդհանուր ծավալից հանենք գազի բաղադրիչը, ապա կստացվի, որ Չինաստանը հավակնում է Հայաստան ամենախոշոր ապրանք ներմուծողի դերին: Ահա թե ինչու Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող գործընթացները ուղղակիորեն կարող են մեզ հետաքրքրել:
Արեւելքի տնտեսական նոր հսկաները
Որ Ճապոնիան աշխարհի ամենազարգացած տնտեսական հսկաներից է` գիտեն բոլորը: Որ Չինաստանը սկսել է գերազանցել Ճապոնիային արտադրության, արտահանման եւ արտաքին ներդրումների ոլորտներում, աշխարհի ուշադրությունը լրջորեն սկսեց գրավել մոտ մեկ տասնամյակ առաջ: Այն ժամանակ էր, որ ամերիկյան նշանավոր քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին խոր ուսումնասիրության ենթարկեց Չինաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացման հեռանկարները, կանխատեսելով, որ Չինաստանը կսկսի մրցել ԱՄՆ-ի հետ տնտեսական բացարձակ ցուցանիշների առումով, ապա քաղաքական իմաստով նրան չի հաջողվի մոտակա տասնամյակներում «խարխլել աշխարհում ձեւավորված հիերարխիան» եւ ԱՄՆ-ն կշարունակի համաշխարհային առաջատարի իր դերակատարությունը: Բժեզինսկու եզրակացություններից հետո Չինաստանը դարձավ ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ տնտեսական գործընկերը, իսկ անցյալ տարվա վերջին եռամսյակում Չինաստանի եւ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառության ծավալները նույնիսկ հավասարվեցին: Այսօր աշխարհում համարյա ոչ ոք չի կասկածում, որ մոտավորապես 2030 թ. Չինաստանը կլինի աշխարհում խոշորագույն ապրանք արտահանողն ու արտաքին ներդնողը: Չինաստանի եւ Ճապոնիայի տնտեսական մրցակցությունը, փաստորեն, ձեւավորեց մի նոր միջավայր, որտեղ այսօր շարունակում են զարգանալ Հարավարեւելյան Ասիայի «տնտեսական նոր հսկաները»: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկ տնտեսական զարգացման տեսանելի հեռանկարն այնքան ակնհայտ է, որ ճանաչված ռուս քաղաքագետներից մեկը բանաձեւել է. «Այսօր բլորը հասկանում են, որ ներդնելը ճիշտ է Արեւելքում, իսկ ծախսելը` Արեւմուտքում»: Այդ տարածաշրջանի նոր հսկաներից մեկն էլ Ինդոնեզիան է, որն Իսլամական համագործակցության կազմակերպության խոշորագույն անդամն է, եւ որի հետ երկխոսություն չվարելն այլեւս անհնար է: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը ծրագրում է մոտ ապագայում դեսպանատուն հիմնել Ջակարտայում, ինչպես որ հայտարարել է այդ մասին Հայաստանի արտգործնախարարը:
Ռուսաստանի ակնկալիքը Վլադիվոստոկի գագաթաժողովից
Վերջին տարիներին Ռուսաստանում մեծ թափով ընթանում էր Վլադիվոստոկի գագաթաժողովին նախապատրաստվելու աշխատանքը: Ծախսվել են հսկայական գումարներ եւ Ռուսաստանի հեռավորարեւելյան այդ դարպասը գագաթաժողովի հյուրերին է ներկայանում նորացված, վերակառուցված դեմքով, ինչը կոչված է խորհրդանշելու Ռուսաստանի Դաշնության ջանքերը` ներկայանալու իբրեւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անբաժանելի ու կարեւոր մասնիկ: Բացարձակ ցուցանիշներով աճի միտում ունեն այդ տարածաշրջանի երկրների մեծ մասի առեւտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Չինաստանն այսօր աշխարհում նրա խոշորագույն առեւտրական գործընկերն է: Ակնհայտ է, որ հետխորհրդային իրողություններում ռուս-չինական բարդ եւ բազմաբնույթ փոխհարաբերությունները ձեւակերպելու եւ ուղղորդելու կարիք կար: Աշխարհն այլեւս բազմակենտրոն է, եւ Ռուսաստանն ու Չինաստանը նոր աշխարհակարգի ձգողության եւ ազդեցության ինքնուրույն բեւեռներ են: Ռուսաստանում այժմ ընթանում են Վլադիմիր Պուտինի երկրորդ նախագահության արտաքին քաղաքականության հիմնադրույթների ձեւակերպման աշխատանքները: Դրանք կամբողջանան տարվա վերջում: Ռուսաստանն, ի թիվս այլ խնդիրների, ջանքեր կգործադրի հաստատելու համար իր անփոխարինելի դերը իբրեւ Հարավային Ասիայի եւ Եվրոպական միության միջեւ եվրասիական միջանցքի: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը գտնում է. «Եկել է ժամանակը, երբ Ռուսաստանը կոնկրետացնում է իր արտաքին քաղաքական նախապատվությունները: Եթե Եվրասիական միությունը դիտարկենք իբրեւ Եվրոպայի հետ մերձեցման ձեւ, ապա այդ դերը անհրաժեշտ կլինի ամրապնդել մյուս, նախ եւ առաջ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածքի հարեւանների հետ հարաբերություններով: Եթե մինչ այժմ համոզված կարելի էր խոսել Ռուսաստանի եվրոպական պլանների մասին, ապա դժվար էր ասել, թե ինչպիսին է Հարավարեւմտյան Ասիայի հետ հարաբերությունների հեռանկարը: Բնական կլիներ, որ Ռուսաստանը պնդեր իր կապող տարածաշրջանի դերը, որը կմիացներ բուռն զարգացող Արեւելքը զարգացած Արեւմուտքի հետ: Սա արդիական է գլոբալ առումով, արդիական է նաեւ տարածաշրջանային մասշտաբով, Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի համար»: Հետաքրքությամբ ուսումնասիրելով վերջին մի քանի օրերին Վլադիվոստոկում ընթացող տարբեր միջոցառումների մասին տեղեկությունները, նկատեցինք, որ վաղվա գագաթաժողովի հիմնական խնդիրներն են ներդրումային միջավայրի բարելավումը տարածաշրջանում, համատեղ տնտեսական ծրագրերի առաջմղման գործում ջանքերի համադրումը եւ տրանսպորտային միջանցքների եւ հաղորդակցության ժամանակակից միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը: Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ ձեւավորվող Եվրասիական միությունը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել իբրեւ հումքի եւ ապրանքների տեղափոխության ամենամատչելի միջանցք, առնվազն կասկածի տակ դնելով հետխորհրդային ժամանակների այն ծրագրերը, որոնց նպատակը հումքի եւ առաջին հերթի վառելիքի տեղափոխումն էր Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային երթուղիներով:
Մեր ակնկալիքը եվրասիական միջանցքից
Ինչպես տեսանք, Հարավային Կովկասի երկրների առեւտրատնտեսական կապերը Չինաստանի եւ նրա հարեւանների հետ անընդհատ զարգացման միտում ունեն: Սակայն դրանից միանշանակ եզրակացություն անել, որ մենք շուտափույթ կօգտվենք նոր ձեւավորվող եվրասիական տարանցիկ միջանցքի ընձեռած բարեբեր հնարավորություններից, դեռ շուտ կլինի: Հայաստանը շարունակում է գտնվել մասնակի տնտեսական շրջափակման մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, եւ այն, որ օրինակ` Չինաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը այդքան մեծանալու միտում ունի, ուղղակի զարմացնում է փորձագետներին: Ես խնդրեցի մեկնաբանել Հարավային Կովկասի երկրների ներկրման եւ արտահանման ծավալների մեծացման հեռանկարները Չինաստանի եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս երկրների հետ Հայաստանի խոշորագույն միջազգային բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանին , նա ասաց. «Իհարկե, եվրասիական միջանցքը կարող է դրա համար ունենալ աճող նշանակություն: Սակայն կան օբյեկտիվ հիմնախնդիրներ, որոնք դրան խանգարում են: Հայաստանը դեպի արտաքին աշխարհ երկու ելք ունի. առաջինը Վրաստանի սեւծովյան նավահանգիստներն են, որտեղով անցնում է բեռնափոխադրումների 70%-ը, եւ Իրանը, որտեղով անցնում է բեռնափոխադրումների 30%-ը: Խոսել բեռնափոխադրումների ժամկետների էական նվազեցման եւ դրանց տրանսպորտային բաղադրիչի էժանացման մասին կարելի կլինի այն ժամանակ, երբ կարգավորվեն Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները եւ վերսկսի գործել Աբխազիայով անցնող երկաթուղու հատվածը, որն անգործության է մատնված 1992 թվականից: Եվրասիական տրանսպորտային միջանցքը Հայաստանի համար իրական այլընտրանք չի ունենա միայն այդ դեպքում: Եվրասիական միջանցքի դերը կարող է մեծանալ նաեւ կես տարի հետո, երբ Ղազախստանում շահագործման կհանձնեն երկաթուղու նոր մայրուղին, որը կկապվի իրանական երկաթուղու հետ: Այդ ժամանակ էլ արդիականություն եւ նոր հնչեղություն կստանա Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցը»: Այսպիսով, եթե նույնիսկ իրականանան Ռուսաստանի ձգտումներըՙ կապված Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսության զարգացման եւ համաշխարհային տնտեսության մեջ նրա դերի մեծացման գլոբալ ակնկալիքների հետ, ապա Հայաստանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրների համար եվրասիական միջանցքի դերը շատ ավելի գրավիչ եւ կարեւորված կլինի, երբ դրական տեղաշարժեր լինեն սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Առավել եւս, եթե Հարավային Կովկասի պետությունների հարաբերությունները Չինաստանի ու նրա հարեւանների հետ բարձրանան այնպիսի մակարդակի, երբ պարզ ապրանքափոխանակության եւ առեւտրի հետ մեկտեղ կսկսեն իրականացվել ժամանակակից տնտեսական ծրագրեր: Այս մասին, իմիջայլոց, սկսել են խոսել փորձագետները:
Հայաստանը բարձր մակարդակի հարաբերություններ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Չինաստանի հետ: Չինաստանի դիրքորոշումները Հայաստանին հուզող արտաքին քաղաքական հարցերում միշտ եղել են հավասարակշռված եւ բարյացակամ: Դառնալով Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից եւ Եվրոպական միությունից հետո, Չինաստանը հանգիստ, բայց հետեւողականորեն շարունակում է մեծացնել իր համագործակցությունը մեր երկրի հետ; Որոշ վերլուծաբաններ նույնիսկ հնարավոր են համարում համագործակցության նոր ոլորտների ներառումը, ինչպիսիք են օրինակ` ռազմատեխնիկականը կամ նորարարությունները:
Ինչեւէ, թե՛ Չինաստանի, թե՛ Ճապոնիայի, թե՛ Հարավային Կորեայի հետ Հայաստանի համագործակցության քսանամյա փորձը մեծ դասեր ու մեծացող փորձառություն է պարունակում: Ահա թե ինչու, հետեւելով Վլադիվոստոկում հավաքված Արեւելքի առաջնորդների ասույթներին ու շարժուձեւին, մենք կմտածենք մեր զարգացման դեռեւս չօգտագործված հնարավորությունների մասին: