«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՏԵՐՆԵՏԻ, ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Մրցունակության համաշխարհային զեկույցին երեկ կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Հիշեցնենք, որ ըստ այդ զեկույցի Հայաստանը 10 կետով բարելավել է իր դիրքը: Սակայն, վարչապետի կարծիքով, մենք չենք կարող բավարարվել այս ցուցանիշով, քանի որ դեռեւս ունենք բազմաթիվ խոցելի կետեր եւ անելիքներ: Միեւնույն ժամանակ, նրա համար անհասկանալի էին տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի հասանելիության վերաբերյալ գնահատականները: «Հասկանալի չէ, թե ինչու են զեկույցի հեղինակներն օգտվել 2009 թվականի տվյալների բազայից», ասաց վարչապետը, նշելով, որ այդ ցուցանիշի վատթարացումը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ օգտագործվել են 2009 թվականի ցուցանիշները: Նա առաջարկեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ՙ ներկայացնել այս ոլոտում ցուցանիշները:

Հանձնաժողովի նախագահը նույնպես անդրադարձավ զեկույցի այն մասին, որտեղ նշված է, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել շարժական եւ ինտերնետային կապի ոլորտում: Ըստ նրա ներկայացրած ցուցանիշների, բջջային կապի բաժանորդագրություն 100 բնակչի հետ կապված ցուցանիշում Հայաստանի վարկանիշը 33 է, Ադրբեջանինը` 75, Վրաստանինը` 104: Ինտերնետից օգտվողների ցուցանիշով 100 բնակչի հետ կապված Հայաստանն ունի 68-րդ, Ադրբեջանը` 73-րդ, Վրաստանը` 85-րդ վարկանիշը: Զեկույցում նշվում է , որ մեր երկրում վերջին հինգ տարիներին բջջային կապի բաժանորդների թիվը եռապատկվել է. 2007 թվականի 1,2 միլիոնից հասնելով 3,3 միլիոնի, ինչի արդյունքում զեկույցի կողմից գնահատված երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է 33-րդ տեղը 100 բնակչին ընկնող բջջային կապի բաժանորդների քանակով:

«Ինտերնետային ծառայությունների ոլորտում թերեւս գրանցվել է աննախադեպ առաջընթաց, մասնավորապես, վերջին չորս տարիների ընթացքում ինտերնետից օգտվողների քանակի քառապատիկ աճ է գրանցվել: Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է: Ինտերնետի օգտագործման մակարդակով Հայաստանն ունի 37 տոկոսի ցուցանիշ, Ադրբեջանը` 36, Վրաստանը` 17, ԱՊՀ միջին երկրները` 29 տոկոս: Մրցակցության եւ շարժական ինտերնետային ծառայությունների ընդլայնման արդյունքում կտրուկ նվազել են ինտերնետային ծառայությունների մանրածախ գները, իսկ մեծածախ գները 2008-ի 1,2 մլն դրամից հասել է 50 հազարի, այսօր դա կազմում է 15 հազար դրամ», պարզաբանեց Ռոբերտ Նազարյանը:

Վարչապետը հանձնարարեց տրանսպորտի եւ կապի նախարարինՙ ծառայողական քննություն սկսել հասկանալու համար, թե ինչու է միջազգային հաղորդակցության միությունն օգտագործում 2009 թվականի տվյալները, եթե նախարարությունը ժամանակին ներկայացրել է տվյալները:

Խոսելով Հայաստանի մրցունակության թերություններից, Տիգրան Սարգսյանը նշեց, որ ամենավատ ցուցանիշներից կարեւորագույնը մրցակցությունն է եւ մրցունակությունը: Նա առաջարկեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ՙ ներկայացնել հանձնաժողովի վերլուծություններն այս հարցում:

«Առաջին ցուցանիշը գերիշխող դիրքերի ազդեցությունն է մրցակցության վրա», ասաց հանձնաժողովի նախագահը եւ շարունակեց. «Այս ցուցանիշի գծով մենք բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել. 43 կետով առաջ ենք գնացել: Երբ համեմատում ենք այլ երկրների հետ, ապա մեր հարեւան Վրաստանն 9 կետով հետ է գնացել, Ռուսաստանը` 6, ԱՊՀ շատ երկրներ եւս հետընթաց են արձանագրել այս ցուցանիշի գծով: Համեմատելով Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, ապա շատ երկրներ կրկին հետընթաց են արձանագրել, մասնավորապես, ամենամեծ հետընթացն արձանագրել է Հունգարիան` 29 կետով: 144 երկրների շարքում ամենամեծ աճն արձանագրել ենք մենք, այսինքն` 43 կետով մենք առաջ ենք գնացել»:

Հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության եւ հակամենաշնորհային մարմնի գործունեության արդյունավետության ցուցանիշով Հայաստանն առաջ է գնացել 23 կետով, երբ մեր հարեւաններ Վրաստանն ու Ադրբեջանը հետընթաց են արձանագրել: Ամենամեծ հետընթացն ԱՊՀ երկրների շարքում գրանցել է Ռուսաստանը, որը 13 կետով հետ է գնացել: Արեւելյան Եվրոպայի շատ երկրներ եւս հետընթաց են արձանագրել: Ամենամեծ հետընթացն ունեցել է Ռումինիան` 23 կետով:

Երրորդը ներքին շուկային մրցակցության ինտենսիվության ցուցանիշն է: Այստեղ եւս Հայաստանը 9 կետով է առաջ գնացել: Ադրբեջանն ու Վրաստանը եւս առաջընթաց ունեցել են, բայց փոքր չափերով:

«Մրցակցության այս 3 ցուցանիշների գծով նախորդ տարիներին Հայաստանն այս զեկույցում մշտապես հետընթաց է ունեցել: Սա առաջին տարին է, որ այս ցուցանիշների գծով մենք առաջընթաց ենք արձանագրել, եւ ինչպես վիճակագրական ցուցանիշներն են ցույց տալիս` մեր առաջընթացն զգալի է: Այս ուսումնասիրության արդյունքները հիմնվում են հիմնականում հարցման արդյունքների վրա, որոնք անցկացվում են միջազգային կազմակերպությունների կողմից գաղտնի կերպով: Հիմնականում այս հարցումներն իրականացվում են բիզնեսի շրջանակներում», եզրափակեց Արտակ Շաբոյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4