Հարգելի խմբագրություն, ընթերցեցի ձեր թերթում տպագրված գյուղապետի թեկնածու Սոկրատ Հովսեփյանի, այսպես կոչված, պատասխան հոդվածը ուղղված ինձՙ նույն պաշտոնի թեկնածուիս:
Հիասթափություն ապրեցի նախկին ինժեների, նախկին դատախազի... կով պահած, կովի տակը մաքրած, խոզի տակը լվացած.... Հովսեփյանի ինձ ուղղված վիրավորանքներն ընթերցելիս:
Ինքս էլ լինելով աշխատավոր գյուղացու ընտանիքի, ավելինՙ Ղարաբաղյան պատերազմի մասնակցի որդի, լավ եմ հասկանում գյուղական կյանքի բոլոր դժվարությունները: Ինձ ուղղված մեղադրանքների անլրջության հիմնավորում եմ համարում այն, որ իմ մրցակից Սոկրատ Հովսեփյանը, այդպես էլ չճանաչելով ինձ, փորձում է ինձ վերագրել գյուղից ու գյուղացուց կտրվածի պիտակ:
Ինչ վերաբերում է նրա. «Ասեմ, որ 70 տարեկան ծերուկս առողջական որեւէ խնդիր չունեմ, այդ մասին նա քաջ տեղյակ է: Տղամարդկային ոչ մի որակ չեմ կորցրել առ այսօր» արտահայտությանը, ապա կասեմ մեկ բանՙ քո անձնական տղամարդկային հատկությունները գյուղացիներին հետաքրքիր չէ:
Զարմանում եմ, թե ինչպես է պրն Հովսեփյանը իր անձնական կյանքի մանրամասները փորձում մատուցել ժողովրդին եւ դա առավելություն համարում ընտրապայքարում:
70 տարին բոլորած, ինչպես ինքն է ասումՙ ծերուկը, առավել եւս դեռեւս գործող համայնքապետը նման ոչ հարիր արտահայտություններ անելու բարոյական իրավունք չունի: Անդրադառնալով նրա հաջորդ հեքիաթային մտքին, թե «գյուղապետության 4 տարիներին գյուղում իմ ղեկավարությամբ կատարվել են այնքան մեծ ծավալի աշխատանքներ, որոնք չեն կատարվել խորհրդային 70 տարիների ընթացքում», ասեմ, որ դա աբսուրդ է: Այգեստան գյուղում նրա մասնակի վերանորոգած շինությունները կառուցվել են խորհրդային ժամանակահատվածում: Պետք չէ թերագնահատել սեփական համագյուղացիներին եւ մրջյունը փղի տեղ մատուցել:
Ամենազավեշտալին նրա «պատասխան-նամակում» հետեւյալն է. «Կարճ կապեմՙ գյուղում կատարվել են մոտ 170 մլն դրամի աշխատանքներ, իսկ բյուջեից չի օգտագործվել եւ ոչ մի լումա: Այն էլ ասեմ, որ դրսից էլ որեւէ լումայի օգնություն չի եղել»: Այդ դեպքում, պրն Հովսեփյան, մի՞թե սեփական միջոցներն եք ներդրել այդ աշխատանքները կատարելու համար:
Խոզի, կովի տակը մաքրելո՞վ, թե՞ դատախազ աշխատելու ժամանակ եք վաստակել այդ գումարները: Երբ որ դուք կարողանաք տալ այդ հարցերի պատասխանները, եւ դրանցում մեր համագյուղացիները կտեսնեն կոռեկտություն, այլ ոչ անձնական բնույթի վիրավորանքներ եւ նենգ զազրախոսություններ, այդ դեպքում ես պատրաստ կլինեմ Ձեզ հետ բանավիճելու:
Ցավում եմ, որ պատկառելի տարիք ունեցող անձնավորությունը, առավել եւսՙ «համայնքի ղեկավարը», ի դեմս ինձ փնտրում է թշնամու: Սակայն ես ձեզ դիտում եմ որպես մրցակից եւ, հուսով եմ, ընտրություններից հետո շնորհավորելու եք ինձ:
Մինչ այդՙ իմ համագյուղացիներից խնդրում եմ սեպտեմբերի 9-ին ոչ միայն խղճով, այլեւ մտքով քվեարկել, հեռանկարում ունենալով գյուղի հետագա զարգացումըՙ նոր, թարմ, երիտասարդ ուժերով:
ԱՐՏԵՄ ԴԱՎԹՅԱՆ