«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


«ԿՆՈՋ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ»

Նշում է Վանաձորի ավագանու թեկնածու Գայանե Քալանթարյանը

Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորի ավագանու 21 տեղերի համար պայքարող 52 թեկնածուներից միայն երկուսն են կին: Նրանց թվում է մեր զրուցակից, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն, բժիշկ հոգեբույժ Գայանե Քալանթարյանը, որն արդեն երեք անգամ` 1999-ից, ընտրվել է համայնքի ավագանու անդամ:

- Տիկին Քալանթարյան, քաղաքի ավագանու անդամ եղած տարիներն ի՞նչ են Ձեզ տվել:

- Ավելի լավ եմ սկսել ճանաչել իմ համայնքն իր խնդիրներով, դրանց լուծումներ գտնելու, մարդկանց հետ շփվելու հարցում դարձել եմ ավելի ճկուն եւ փորձառու: Սկսել եմ ժամանակս ավելի արդյունավետ տնօրինել` հաշվի առնելով հոգեբուժական ծառայության տնօրենի բավականին ծանրաբեռնված աշխատանքը, բժիշկ-հոգեբույժի աշխատանքը, ներգրավվածությունը տարբեր ՀԿ-ների աշխատանքներում, Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամի պարտականությունները:

- Ո՞րտեղից է Ձեր կազմակերպչական փորձը:

- Կազմակերպական փորձս գալիս է հոգեբուժական ծառայություն ղեկավարելու բազմամյա փորձից: Արտառոց դեպք կարող է պատահել ամեն վայրկյան, եւ բուժանձնակազմի պլանավորած, ճշգրիտ եւ համակարգված գործողությունները կարող են միայն կանխարգելել կամ լուծում տալ արտակարգ պատահարին:

- Որպես ավագանու անդամիՙ Վանաձոր համայնքին վերաբերող խնդիրների ո՞ր խումբն է Ձեր անմիջական ուշադրության կենտրոնում:

- Մասնագիտության բերումով, առաջին հերթին, առավել հոգեհարազատ են առողջապահությունը եւ հանրային առողջությունը, բնապահպանությունը: Որպես կին, մայր ու նաեւ տատիկ, իհարկե կարեւորում եմ սոցիալական եւ կրթական ոլորտները: Հաճախ եմ այցելում այդ հաստատությունները եւ առավել ուշադիր եմ այդ ոլորտների նկատմամբ:

- Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալու այս անգամ:

- Երկար տարիների իմ կարգախոսն անփոփոխ է` լինել ազնիվ, օգնել մարդկանց:

- Հայաստանում կնոջ համար հե՞շտ է կարիերա անելն ու հասարակական-քաղաքական հավակնություններ ունենալը:

- Ամենակարեւորը սեփական ուժերին հավատալն է: Գտնում եմ, որ քաղաքականության մեջ հաջողության հասնելու ճանապարհին առաջին քայլը մասնագիտական ոլորտում ճանաչումն է: Հայաստանում թեեւ քիչ, բայց կան կանայք, որոնք հաջողությունների են հասել քաղաքականության մեջ, բիզնեսում, արվեստում, պետական կառավարման համակարգում: Կանայք աստիճանաբար սկսում են ավելի շատ մասնակցել ընտանիքին ֆինանսապես պահելու հարցում տան տղամարդու հետ միասին:

- Ինչո՞ւ ընտրողը պետք է քվեարկի կին թեկնածուի օգտին:

- Պետք է նախ եւ առաջ քվեարկել արժանի թեկնածուի օգտին` ելակետ ընդունելով նրա ազնվությունը, պատասխանատվությունը, հետեւողականությունը, անցած ճանապարհը: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կնոջ ներկայությունը նպաստում է դրական միջավայրի ստեղծմանն ու պահպանմանը ամեն միջավայրում, ներառյալ ավագանիում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4