Կառավարության նիստում երեկ քննարկվեցին սննդամթերքի անվտանգությանն առնչվող հարցեր, որոնց մասին խոսեց սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը : Նա նաեւ լրագրողներին ներկայացրեց կաթնամթերքի բնագավառում ծառայության իրականացրած լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները: Համաձայն դրանց, «Թամարա եւ Անի», «Բիոկաթի», «Դուստր Մարիաննա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ կաթ», «Թամարա», «Մուլտի ագրո» ընկերությունների արտադրած կաթում հայտնաբեվել է սոդա, ինչը թույլատրված չէ: Այս ընկերությունների կաթում եւ թթվասերում բուսական յուղ չի հայտնաբերվել, բացառությամբ «Արզնու տոհմային ԹՏԽ» թթվասերի: Կալիումի սորբատ նույնպես չի հայտնաբերվել: Կաթի փոշի հայտնաբերվել է «Թամարա եւ Անի», «Դուստր Մարիաննա» եւ «Մուլտի ագրո» ընկերությունների թթվասերներում: Սակայն եթե առաջին երկուսում այդ մասին համապատասխան գրառում է կատարված եղել, ապա «Մուլտի ագրոյի» արտադրանքի վրա նման գրառում չի եղել:
Աբրահամ Բախչագուլյանը տեղեկացրեց նաեւ, որ այս խախտումների համար, եթե մարդու առողջության վրա բացասական ազդեցություն է ունեցել, ընկերությունները տուգանվում են մինչեւ 500 հազար դրամ, իսկ եթե ոչ, ապա արտադրական խախտումների համարՙ մինչեւ 300 հազար դրամ:
Ա. Մ.