Երեկ «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ կազմակերպվել է եվրոպարտատոմսերի եւ դրանց շուկայի վերաբերյալ սեմինար-քննարկում իր գործընկերների` «Տրոյկա-Դիալոգի»-ի եւ «Սբերբանկ» ընկերությունների պարտքային շուկաների թիմերի մասնակցությամբ:
Պետք է նկատել, որ ԱՊՀ տարածքում գործընկեր պետություններից շատերն իրենց արտաքին պարտքի կառավարման գործընթացում վաղուց արդեն օգտվում են եվրոպարտատոմսերի շուկաների կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներից: Այս կապակցությամբ եւ առհասարակ կարեւորելով Հայաստանի համար եվրոպարտատոմսերի շուկայի դերը` «Ամերիա» ընկերությունների խումբը երեք տարի շարունակ համագործակցում է տարբեր շահառուների հետ:
«Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած սեմինար-քննարկմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, «Նազդակ ՕՄԿՍ Արմենիա» ԲԲԸ-ի աշխատակիցները, ինչպես նաեւ «Ամերիաբանկի» պրեմիում հաճախորդները եւ խոշոր պոտենցիալ հաճախորդները: Սեմինարը վարում էին «Սբերբանկի» հատուկ կարեւորության ծրագրերի եւ սուվերեն հաճախորդների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Շչասլիկովը, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կապիտալի պարտքային շուկաների վարչության փոխնախագահ Իլյա Դավիդովը եւ «Կլիֆֆորդ Չանս» միջազգային իրավաբանական ընկերության մոսկովյան գրասենյակի գործընկեր Թամեր Ամառանը:
Սեմինարի ավարտին «Ամերիա» ընկերությունների խմբի ներդրումային, բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Առնո Մոսիկյանը , նշելով, որ սեմինարի նպատակներից էր վերլուծելու պարտատոմսերի միջազգային շուկայի առկա միտումները, ընդգծեց, որ Հայաստանում «Ամերիա» ընկերությունների խումբը նախատեսում է շուտով թողարկել առաջին եվրոպարտատոմսերը: Մոսիկյանը նշում է, որ սա կարեւոր գործիք կլինի հատկապես մասնավոր սեկտորի համար եւ Հայաստանին կտա այլընտրանքային ֆինանսական ապահովագրումներ: Առաջին թողարկմամբ լինելու են 200-500 մլն դոլարի պարտատոմսեր, տեղեկացրեց Առնո Մոսիկյանը: