«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ» ԾՐԱԳԻՐԸ

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում երեկ մեկնարկեց «ԱՊՀ-Եվրոստունդետ» երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որի նպատակն է իրազեկել ԱՊՀ երկրների բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին «Եվրոստուդենտ» ծրագրի վերաբերյալ: Հինգերորդ շրջափուլի աշխատանքներին 24 երկրների թվում 2012 թ. մասնակցեց նաեւ Հայաստանը: Ծրագիրը Բոլոնիայի գործընթացի համատեքստում հնարավորություն կընձեռի իրականացնելու ազգային բարձրագույն կրթության չափանիշների համեմատական ուսումնասիրություն` ուսանողների սոցիալական եւ տնտեսական պայմանների, ուսուցման ձեւերի եւ եղանակների, ինչպես նաեւ միջազգային շարժունության վերաբերյալ:

ԿԳ նախարարության մասնակցությունը «Եվրոստուդենտ» հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն է տալիս ստեղծելու ուսանողների մշտադիտման չափելի մեխանիզմներ եւ գործիքներ, ինչպես նաեւ ապահովում է ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնմումը եւ ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների հետ:

Բացման նիստին մասնակցեցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը , ԱՊՀ երկրների կրթության հարցերով խորհրդի նախագահ Վասիլի Ստարժեւը , ինչպես նաեւ պատասխանատուներ` Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից: ԿԳ նախարաը խորհրդաժողովի բացմանն ասաց. «Մասնակցությունը «Եվրոստուդենտ» հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն կտա ստեղծելու ուսանողների մշտադիտական չափելի մեխանիզմներ եւ գործիքներ: Սա կապահովի նաեւ ՀՀ բարձագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը եւ ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների հետ: Ծրագիրը սպասվածից մեծ է եղել, քանի որ այս ձեւով Հայաստանի միջոցով բացվել է պատուհան ԱՊՀ երկրների համար` ներգրավելով այս կարեւոր հետազոտության մեջ»:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են կրթության եւ գիտության նախարարությունը, «Եվրոստուդենտ» միջազգային կոնսորցիումը, Հանովերի Բարձրագույն կրթության հետազոտությունների ինստիտուտը, Վիեննայի Առաջավոր հետազոտությունների ինստիտուտը եւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:

«Եվրոստուդենտ»-ը ստեղծվել է 1999 թ.` նպատակ ունենալով աջակցել Բոլոնիայի բարեփոխումներին եւ նպաստել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծմանը:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4