Հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հանրահայտ «I Solisti Veneti» իտալական նվագախմբի համերգը: Հոբելյանական համերգը կղեկավարի նվագախմբի հիմնադիր, մաեստրո Կլաուդիո Շիմոնեն :
Երեկ Հայաստանում Իտալիայի դեսպանատանը հրավիրված մամուլի համատեղ ասուլիսում դեսպան Բրունո Սկապինին , մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն ու մաեստրոն բարձր գնահատեցին երկու ժողովուրդների գործունեության ու բարեկամության դարավոր կապերը, որոնք էլ ավելի լայն թափ ստացան, երբ 1992-ի մարտին երկու երկրների միջեւ կնքվեց դիվանագիտական փաստաթուղթ: Դեսպան Սկապինին ասաց. «Մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը որոշեցինք երաժշտական միջոցառման միջոցով տոնել, որը շատ կարեւոր ու արժանի տուրք է մեր հարաբերությունների տարեդարձին: Նշեմ, որ թերեւս չի նշանակում, որ երկու երկրների միջեւ շփումները սկսվեցին 20 տարի առաջ, այլ այդ պահից Իտալիան հարաբերություններ հաստատեց նոր Հայաստանի հետ: Այդ կապերը խորացան ու ընդարձակվեցին, ստորագրվեցին տարբեր ոլորտների շուրջ բազում պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս բոլոր ոլորտներում հարաբերությունների հավասարաչափ զարգացման: Դրանց թվում է նաեւ մշակութային լայնածավալ համագործակցության ծրագիրը»:
Եվ ահա ողջ աշխարհում Իտալիայի «դեսպան» մաեստրո Կլաուդիո Շիմոնեին իր նվագախմբով հրավիրել ենք Հայաստան», ասաց դեսպանը: Այնուհետեւ Բրունո Սկապինին ներկայացրեց «I Solisti Veneti» նվագախմբին, որի հիմնադիրն է Կլաուդիո Շիմոնեն: Կեսդարյա պատմություն ունեցող նվագախումբը համաշխարհային համբավ է ձեռք բերել 80-ից ավելի երկրներում, ներկայացված մոտ 5500 համերգների եւ ամենահեղինակավոր միջազգային փառատոներին մասնակցելու շնորհիվ նվագախումբը թողարկել է բարձրարժեք ձայնագրությունների 350-ից ավելի սկավառակ: Բացի այդ, նվագախումբը հարուստ մշակութային գործունեություն է ծավալումՙ համագործակցելով մեր ժամանակների լավագույն երգիչների ու մենակատարների հետ:
Մեր մշակույթի նախարարի եւ դեսպան Բրունո Սկապինիի ջանքերով, ասաց տկն Սամուելյանը, 2011 թ. փետրվար ամսին նվագախումբը առաջին անգամ հանդես եկավ հայ երաժշտասերների առջեւ եւ արժանացավ հրաշալի ընդունելության: Բացի համերգից, մաեստրոն վարպետության դասեր անցկացրեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի երիտասարդ երաժիշտների համար:
«Ազգի» հարցին, թե ի՞նչ կարծիք կազմեց հայ երիտասարդ երաժիշտների մասին, մաեստրոն ասաց. «Հայ երիտասարդները շատ զգայուն են, ինտելեկտուալ, բարձր պատրաստակամություն ունեն սովորելու եւ նրանց արյան մեջ կարծես հենց երաժշտությունն է գերակշռողը: Այդ համոզմանը ես եկա, երբ իմ նվագախումբը կատարեց Վիվալդիի ստեղծագործություններից, ու հենց այդ գործը փայլուն կատարեցին հայ երիտասարդ երաժիշտները: Ամեն ազգ կհպարտանար նման տաղանդաշատ երիտասարդներ ունենալու համար:
Իսկ այն հարցին, թե հայ ո՞ր կոմպոզիտորի ստեղծագործություններին եմ ծանոթ եւ դրանք կան մեր համերգացանկում, ասեմ, որ, ցավոք, բացի Արամ Խաչատրյանից, այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ծանոթ չեմ: Երբ ես ինտերնետում փնտրեցի, հայ կոմպոզիտորների մասին գրեթե ոչինչ չգտա, եւ Երեւանում անգամ անցած տարի որեւէ ստեղծագործության նոտաների հրատարակություն չգտա: Այդ հարցում շատ մեծ դեր ունեն հրատարակիչները, եթե ուզում են, որ աշխարհը ճանաչի հայ կոմպոզիտորներին ու նրանց ստեղծագործությունները կատարի»:
Տեղեկացնենք, որ մաեստրոն վերջերս արժանացել է հեղինակավոր «Արթուր Ռուբինշտեյն» հիմնադրամի սահմանած մրցանակին, որը տրվում է 4 տարին մեկ ամենահռչակավոր նվագախմբին կամ դիրիժորին:
Այսօր կայանալիք հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են Ռոսինի-Երրորդ սոնատ լարային գործիքների համար, Վիվալդի - Ջութակի, թավջութակի եւ լարային գործիքների համար գրված կոնցերտները, Սալիերի - Նախերգանք եւ վարիացիաներ Ռոսինիի «Ermione» օպերայից, կլարնետի եւ լարային գործիքների համար, Պագանինի- Վարիացիաներ «Carnevale di Venezia» 10 օպերայիցՙ ջութակի եւ լարայինների համար, Պոնկելլի - Կապրիչիոներ հոբոյի եւ լարայինների համար եւ Վերդի- Կվարտետ մի մինոր (հեղինակային տարբերակ լարային գործիքների համար) ստեղծագործությունները: Համերգից հետո կրկին կլինեն վարպետության դասեր:
Հայ-իտալական մշակութային կապերին «Ազգը» պարբերաբար անդրադարձել էՙ ներկայացնելով Երեւանում բացված «Վերականգնողական դպրոցը», Գյումրիում վերականգնվող 13-րդ դարի եկեղեցին եւ էլի շատ ծրագրեր: Երկու երկրների միջեւ բարեկամական ջերմ հարաբերությունները ակնառու էին, երբ Հայաստանը նշում է գրատպության 500-ամյակը, Վենետիկում առաջինը բացվեց ցուցահանդես ու ի լուր աշխարհի ներկայացրեց հայ գիրն ու գրատպությունըՙ իր դարավոր պատմությամբ:
Լրագրողների հարցին, թե Իտալիան ի՞նչ կարծիք ունի Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու եւ մեծարելու փաստի առնչությամբ, դեսպանը, չնայած հարցը օրվա թեմային չէր վերաբերում, այնուամենայնիվ պատասխանեց, որ Իտալիան Եվրոմիության անդամ է եւ այդ կառույցի ղեկավարի արած հայտարարության հետ համաձայն է:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ