Սեպտեմբերի 5-ին ժյուրին հրապարակել է Բրեմենի երաժշտական փառատոնի 2012-ի հաղթողների անուններըՙ երկու հայաստանցիՙ թավջութակահար Դավիթ Մելքոնյան եւ դաշնակահար Միքայել Բալյան: Խրախուսական մրցանակը, որ ներառում է ստուդիական ձայնագրություն, համերգային գործունեություն, կտրվի առաջիկա շաբաթավերջին, իրազեկ ենք դառնում մամուլի հաղորդագրությունից:
Դավիթ Մելքոնյանը ծնվել է Երեւանում 1986-ին: Սովորել է դաշնամուր եւ թավջութակ: 2003-ից երաժշտական ուսումը շարունակել է Համբուրգի պետական կոնսերվատորիայում, մեկ տարի անցՙ Բրեմենի եւ Ռոստոկի բարձրագույն դպրոցներում: 2011-ին ավարտել է ուսումնառությունը Բեռլինի Արվեստների համալսարանում: Մելքոնյանն արդեն մի շարք մրցույթների հաղթող է, վերջինըՙ 2011-ին Հռոմում կայացած Premio Bucchi միջազգային 34-րդ մրցույթում գրավել է 2-րդ տեղը:
Միքայել Բալյանը ծնվել է 1981-ին, Երեւանում: Սովորել է Չայկովսկի դպրոցում:1998-2004-ին սովորել եւ ավարտել է Բազելի երաժշտական բարձրագույն դպրոցի դաշնամուրի բաժինը: 2005-2009-ին Բալյանը սովորել է Համբուրգի եւ Բրեմենի երաժշտական բարձրագույն դպրոցներումՙ երաժշտության տեսություն, չեմբալո եւ կլավիկորդ: Այժմ պատմական ստեղնաշարային գործիքներ առարկան է դասավանդում հիշյալ երկու դպրոցներում: 2007-ին դաշնակահարը առաջին մրցանակի է արժանացել Շտուտգարդում կայացած գերմանական բարձրագույն դպրոցների մրցույթում:
Բրեմենի հիշյալ մրցանակը 1998-ից սկսյալ ամենամյա է, տրվում է առանձնահատուկ շնորհներով օժտված երիտասարդ արվեստագետներինՙ մենակատարների, անսամբլների, դիրիժորների, կոմպոզիտորների: Նախորդ տարիներին ի թիվս այլոց այս մրցանակին են արժանացել Յուլիա Ֆիշերը, Լերա Աուերբախը, Պատրիցիա Կոպատչինսկայան:
Սեպտեմբերի 5-ին թվագրված այս լուրը առավել մեծ խորհուրդ է ստանում, քանի որ նույն օրը Բեռլինի կենտրոնումՙ Հումբոլդտ համալսարանի երաժշտագիտական ֆակուլտետի պատին հանդիսավորությամբ փակցվեց Կոմիտասի հուշատախտակը: Բացառիկ այդ օրվա բոլոր գույներըՙ մեր առաջիկա համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա