Սեպտեմբերի 5-ին դպրոցի առաջին զանգը հնչեց նաեւ Նյու Յորքի Սրբոց Նահտակաց ամենօրյա վարժարանում: Հադիսավոր պայմաններում կատարվեցին ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի օրհներգերը: Վարժարանի 46-րդ ուսումնական տարվա բացման կապակցությամբ երեխաներին բարի գալուստ մաղթեց ավագագույն ուսուցչուհի եւ տնօրենուհի Զարմինե Պողոսյանը եւ առաջին դասարանցիներին հանձնեց վկայագրեր: Երեխաներին բարի գալուստ եւ ուսման մեջ առաջադիմություն հղեց Սրբոց Նահատակաց Հայաստանյան Առաքելական եկեղեցվո հովիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը :
Ներկաները ծափողջյուններով դիմավորեցին վարժարանի ավագ դասարանցիներին, որոնք նունպես շնորհավորեցին փոքրիկների նորամուտը դպրոց: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ վարժարանի աշակերտներին եւ մակավարժական կոլեկտիվին Կալիֆորնիայից ողջյունի ուղերձ էր հղել հաստատության նախկին ուսուցիչ եւ տնօրեն, 95-ամյա Երվանդ Բաբայանը : Նոր ուսումնական տարվա առիթով վարժարանի սաները թարմ ծաղիկներ նվիրեցին իրենց ուսուցիչներին:
Հանդիսավոր արարողությունից հետո հնչեց առաջին զանգը: Առաջին դասարանի դասվար Անի Մանվելյանը երեխաներին սիրով ներկայացրեց Մաշտոցյան այբուբենը:
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Նյու Յորք, Լուսանկարը հեղինակի