Շուշիի ազատագրումը եւ «Վարանդա» երգչախումբը տարեկիցներ են:
Այս տարի երգչախմբի 20-ամյակի առթիվ պատրաստվել է Հրաչ Թոգաթլյանի «Երգող ամառներ» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունում:
«Վարանդա» երգչախումբը Զաքար Քեշիշյանի կողմից հիմնադրվել է 1992թ. Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում` իբրեւ մանկապատանեկան երգչախումբ: Հաջորդող տարիներին երգչախումբը պետականացվել է եւ այժմ իր ստեղծագործական կյանքը շարունակվում է մանկական, պատանեկան ու երիտասարդական կազմերով: Այն ավելի քան 200 համերգներով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Լիբանանում: Հիմնադրության օրվանից երգչախմբում երգել են ավելի քան 400 պատանիներ ու երիտասարդներ: Հայրենի ականավոր բանաստեղծներ եւ կոմպոզիտորներ ավելի քան 100 նոր երգերով հարստացրել են երգչախմբի երգացանկը: Երգչախմբի մասին պատրաստվել են 2 վավերագրական ֆիլմեր, իսկ 2004թ. «Վարանդան» ձայնագրել է «Բերդաքաղաք» խտասկավառակ: Երգչախումբը համատեղ համերգներ է ունեցել Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» երգչախմբի հետ: «Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանը հիմնադրել է նաեւ Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան եւ երեց պատանեկան երգչախումբը: Քեշիշյանը դասախոսում է Լիբանանի պետ. բարձրագույն երաժշտանոցում, Համազգային «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջում, ինչպես նաեւ Լիբանանի Հայկազյան համալսարանում: Նա պարգեւատրվել է Արցախի «Վաչագան Բարեպաշտ» նախագահական շքանշանով, Եղիշեի անվան մրցանակով, ԼՂՀ Գրողների միության պատվոգրով, ինչպես նաեւ արժանացել է Շուշիի պատվավոր քաղաքացու կոչմանը:
Զ. Քեշիշյանն անդրադառնալով «Երգող ամառներ» ֆիլմին ասաց. «Ֆիլմն ամփոփել է երգչախմբի գործունեության անցած 20 տարիները եւ սա առիթ է, որպեսզի մենք ներկայանանք յուրօրինակ հաշվետվությամբ` անցյալն արժեւորելու եւ ապագան ուրվագծելու համար: Դժվարին ժամանակներում հիմնադրված «Վարանդա»-ն նպատակ ուներ երգի միջոցով ժողովրդի մեջ նոր կյանք, ժպիտ ու ոգեւորություն առաջացնել»:
Երգչախմբի հիմնադիրը նշեց նաեւ, որ ֆիլմի պրեմիերան սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի դահլիճում, իսկ սեպտեմբերի 4-ին` Ստեփանակերտի մշակույթի կենտրոնում:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ