«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԱԼԹԱՅԻՑ

Այսօր ժամը 22-ինՙ Մալթա-Հայաստան

Երեկ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մալթա, որտեղ այսօր 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում կմրցի այդ երկրի ընտրանու հետ: Հավաքականի կազմում Մալթա են մեկնել 22 ֆուտբոլիստներ, որոնք սեպտեմբերի 3-ից ուսումնամարզական հավաք էին անցկացնում ֆուտբոլի ակադեմիայում: Ընտրական մրցախաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22-ին եւ ուղիղ եթերում կցուցադրվի «Արմենիա» հեռուստաալիքով:

Մալթայի հավաքականի հետ հանդիպումով Հայաստանի հավաքականը սկսում է դժվարին մրցավեճը 2014-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Հաշվի առնելով վերջին տարիներին մեր հավաքականի խաղում նկատվող զգալի առաջընթացը, խաղային որակների բարելավումն ու արդյունավետության աճը, հայ ֆուտբոլասերները հաջող մրցելույթներ են ակնկալում, հուսալով, որ Հայաստանի հավաքականն ունակ է նվաճելու բաղձալի ուղեգիրը:

Ինչ խոսք, հաջող մեկնարկը կարեւոր գործոն է հետագա հաջողությունների համար: Ուստի շատ կարեւոր է Մալթայի եւ Բուլղարիայի հետ կայանալիք արտագնա հանդիպումներում հաղթելը: Կարծում ենք, որ հատկապես Մալթայի հավաքականի հետ մրցավեճում մեր հավաքականը չպետք է առանձնակի խնդիրներ ունենա: Մալթան իրավամբ ընտրական խմբի բացահայտ հետնապահն է: Սակայն ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել մրցակցին, այլ անհրաժեշտ է գործել ուժերի լրիվ ծանրաբեռնումով ու նվիրվածությամբ, ինչին ցավոք ականատես չեղանք Երեւանում բելառուսների հետ օգոստոսին կայացած ընկերական խաղում:

Հարկ է նշել, որ Մալթան այն եզակի հավաքականներից է, որի հետ անցկացրած բոլոր 3 հանդիպումներում էլ հայ ֆուտբոլիստները հաղթել են: Ճիշտ է, մեր ֆուտբոլիստներն ընդամենը մեկական գնդակ են խփել այդ խաղերումՙ վճռելով մրցակցության ելքը:

Առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1994 թ. հուլիսի 16-ին Երեւանում: Ընկերական այդ խաղում հանդիպման ելքը վճռեց Արսեն Ավետիսյանի խփած միակ գնդակը: Դա Հայաստանի հավաքականի առաջին գոլն էր, որի շնորհիվ մեր ընտրանին անդրանիկ հաղթանակը տոնեց:

13 տարի անց մրցակիցները կրկին հանդիպեցին ընկերական մրցախաղում: 2007-ի սեպտեմբերի 12-ին կայացած խաղում մեր հավաքականի հաղթանակն ապահովեց Արթուր Ոսկանյանը: Հաջորդ տարի փետրվարի 2-ին Մալթայում անցկացվող միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստները 3-րդ հաղթանակը տոնեցին այդ երկրի հավաքականի նկատմամբ: Այս անգամ միակ գոլի հեղինակն Արա Հակոբյանն էր:

Ինչպես հայտնի է, Իռլանդիայի հավաքականի հետ խաղում խաղադաշտից հեռացված Ռոման Բերեզովսկին որակազրկված է եւ չի մասնակցի Մալթայի հետ հանդիպմանը: Նրա փոխարեն դարպասը կպաշտպանի Գեւորգ Կասպարովը, իսկ պահեստային դարպասապահը կլինի շիրակցի Արթուր Հարությունյանը: Մեր հավաքականի կազմում այս անգամ մեկ նորեկ կա: Խոսքը բրազիլացի Ալեքսի մասին է, որին վերջերս ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: 2006-ից «Միկայում» հանդես եկող փորձառու այս պաշտպանը հավաքական է հրավիրվել թիկունքն ամրապնդելու նպատակով: Բացի նրանից, այսօր հավաքականում եւս 3 կենտրոնական պաշտպաններ են ընդգրկվածՙ Հրայր Մկոյանը, Վալերի Ալեքսանյանը եւ Ռոբերտ Արզումանյանը: Դժվար է գուշակել, թե Վարդան Մինասյանը պաշտպանների որ զույգին կնախընտրի:

Այսօրվա խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին, որի հաղթանակի գործակիցը 1,5 է: Ոչ-ոքին գնահատվել է 4 գործակցով, իսկ Մալթայի հավաքականի հաղթանակըՙ 6,5:

Եվ այսպես, Հայաստանի ազգային հավաքականը Մալթայից սկսում է իր դժվարին ճանապարհը Ռիո դե Ժանեյրո: Կհասնի՞ արդյոք բաղձալի վերջնակետին մեր ընտրանին, կախված է մեր ֆուտբոլիստների վարպետությունից ու կամային հատկանիշների դրսեւորումից, նաեւՙ մարզական բախտից: Հուսանք, որ ընտրական այս մրցաշարում հավաքականն իր երկրպագուներին ուրախանալու ավելի շատ առիթներ կընձեռի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4