«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2012-09-05 | #154, 2012-09-06 | #155, 2012-09-07


ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎԵՑ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում բավականին հետաքրքրական արդյունքներ գրանցվեցին, որոնք նպաստավոր էին Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար, որը 2,5-1,5 հաշվով հաղթեց գերմանացիներին: Հաջող խաղացին Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Արկադի Նայդիչին ու Գեորգ Մեյերին: Սերգեյ Մովսիսյանը հաշտություն կնքեց Իգոր Խենկինի հետ, իսկ ահա Գաբրիել Սարգսյանը, որ նախորդ 8 պարտիաներում անպարտելի էր ու 6 միավոր էր վաստակել, զիջեց Դանիել Ֆրիդմանին: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը վաստակեց 15 միավոր եւ Ռուսաստանի, Չինաստանի ու ԱՄՆ ի շախմատիստների հետ գլխավորեց աղյուսակը` չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացնելով:

Տուրի գլխավոր անակնկալը ռուսների կրած պարտությունն էր ԱՄՆ-ի հավաքականից` 1,5-2,5: Չինաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Ֆիլիպիններին: Լեհաստան-Ադրբեջան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, ուկրաինացիները 3-1 հաշվով պարտության մատնեցին ֆրանսիացիներին:

Հայաստանի կանանց հավաքականը շարունակեց հաղթարշավը` 3-1 հաշվով պարտության մատնելով Իրանի ընտրանուն: Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան, որոնք առավելության հասան համապատասխանաբար Աթոսա Պուրկաշիանի եւ Շայեստեհ Գադերպուրի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: ՀՀ հավաքականը վաստակեց 14 միավոր ու հիանալի հնարավորություն ստացավ պայքարելու մեդալների համար:

16 միավորով առաջատարը Չինաստանի հավաքականն է, որը 3-1 հաշվով պարտության մատնեց ֆրանսուհիներին: 15 միավոր ունեն ռուսները, որոնք հաղթեցին հնդիկներին` 3-1: Հայաստանի հետ 14-ական միավոր ունեն Ուկրաինայի, Լեհաստանի եւ Ղազախստանի հավաքականները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4