Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) դիմում է սփյուռքահայությանն ու կոչ անում բոլորինՙ օգնության ձեռք մեկնելու ճգնաժամային պայմաններում գտնվող սիրիահայությանը: Սիրիայում ստեղծված տագնապալի իրավիճակի պատճառով բազմաթիվ հայեր կորցրել են իրենց բնակավայրերն ու ապրուստի միջոցները, հարյուրավոր սիրիահայեր ստիպված լքել են իրենց տներն ու ապաստանել Հայաստանում եւ շրջակա երկրներում:
Թեեւ ՀԲԸՄ-ն մարդասիրական օգնություն արդեն հասցնում է տեղի սիրիահայ համայնքին, բայց նկատի ունենալով դեպքերի արագ ընթացքն ու դրության անընդհատ վատթարացումը` կոչ է անում, որ օգնությունը լինի շուտափույթ:
ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յագուպյանը , որը Դամասկոսից է, նշում է. «Սիրիահայ երբեմնի բարգավաճ գաղութն այժմ բոլորիս աջակցության կարիքն ունի: Միության մասնաճյուղերն այժմ նաեւ համագործակցում են «Սիրիահայ օգնության համակարգումի մարմնի հետ», որը համախմբում է տեղական բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին»:
Ուղարկած հաղորդագրության մեջ միությունը հույս է հայտնում, որ կոչը շուտափույթ արձագանքներ կունենա:
Ի. Պ.