«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2012-09-07 | #156, 2012-09-08 | #157, 2012-09-11


ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

«Ժառանգություն» խմբակցություննՙ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանն էր: Ու թեեւ բոլորը սպասում էին, որ դեռ անցած արտահերթ նիստում մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը կգա Ազգային ժողով ու հետ կվերցնի իր դիմումը, քանի որ այդպես էր նա խոստացել «Նուվել դԱրմենի» պարբերականին ավելի վաղ տված եւ շաբաթ օրը հայկական մեդիատարածքում հայերեն հրապարակված հարցազրույցում, բայց մանդատախաղն «այլ կողմանե» եղավ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նստաշրջանի սկզբում հայտարարեց, որ «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Թեստը նույնն է` եթե Ր. Հովհանննիսյանը դիմանա եւ 15 օրվա մեջ հետ չվերցնի հրաժարականի դիմումը, նա այլես պատգամավոր չի լինի, եւ ըստ կուսակցության աղբյուրների «Ժառանգության» ցուցակով խորհրդարան կգա բոլորովին էլ ոչ զտարյուն ժառանգական, այլ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թեւան Պողոսյանը: Թե ինչ հիմնավորմամբ էր հրաժարվել Ր. Հովհաննիսյանը` «Ժառանգության» պատգամավորները հղում էին անում կուսակցության հայտարարությանը, որտեղ ընդամենը նշված է, որ կիրակի օրը տեղի ունեցած վարչության նիստում բավարարվել է Ր. Հովհաննիսյանիՙ մանդատից հրաժարվելու ցանկությունը, վարչությունը ընդառաջ է գնացել նրա դիմումին:

Սակայն ուղղակի փաստերի արձանագրությունից ստացվում է տխուր պատկեր: «Ժառանգություն» խմբակցության միակ ժառանգականն այժմ Զարուհի Փոստանջյանն է, որը, ըստ տարբեր աղբյուրների, վարչությունից միակն է եղել, որ համաձայն չէր «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով ընտրությունների գնալու: Մնացածները` խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ազատդեմոկրատականներ Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը եկվորներ են: Ահա այսպիսի խմբակցություն: Չի համոզում նաեւ այն ենթադրությունը, որ Ր. Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից, քանի որ ցանկություն ունի որպես նախագահի թեկնածու առաջադրվելու, եւ ամբողջովին նվիրվելու այդ գործին: Է. հիմա ո՞վ է արդյոք Ր. Հովհաննիսյանը եւ ո՞ւմ է ներկայացնելու նախագահի թեկնածու առաջադրվելիս` գոնե կլիներ պատգամավոր կամ խմբակցության ղեկավար, իսկ հիմա...

Ազգային ժողովը` նախագահի նստավայրում

Ամբողջ ամառ լռության ուխտ արած Վիկտոր Դալլաքյանը, որից լրագրողներից ոչ ոք որեւէ բան չկարողացավ պոկել նրա հետագա անելիքների մասին, երեկ եկել էր խորհրդարան նոր կարգավիճակում, որպես Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում, եւ դեռ լրագրողների հետ հաճույքով ու հանգամանալից շփվելով` տեղյակ պահեց, որ նշանակվելու է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նա կատակեց, թե կարդացել է մամուլի բոլոր հրապարակումները, որտեղ նրան ինչ պաշտոնում ասես նշանակել են լրագրողները. «Ձեր շնորհիվ բավական պաշտոններ եմ ստացել», ասաց` նշելով, որ լրագրողների հետ աշխատանքի մեծ փորձ ունի եւ շարունակելու է նրանց հետ համագործակցել: Ներում է բոլորին, ովքեր վատ-վատ բաներ են գրել իր մասին: Նա նաեւ նշեց իր բավական լայն լիազորությունների շրջանակը, որոնց մի մասը չուներ նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, եւ փաստորեն այս նոր լիազորությունները հարմարեցվել են 17 տարի պատգամավորական բովով անցած պատգամավորի մեծ փորձի էմպիրիկ կիրառման ապահովմանը: Սակայն Վ. Դալլաքյանն ասում էր, որ ողջ աշխարհում նախագահի ներկայացուցիչը խորհրդարանում տեսակետ արտահայտելու հնարավորություն ունի: Նրա գործառույթներն են լինելուՙ ԱԺ-ում երկրի նախագահի տեսակետների արտահայտում (ԱԺ կանոնակարգում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ` դրանք կարելիությունն ապահովելու համար), ԱԺ-ում կատարված հայտարարությունների, հարցուպատասխանների վերլուծություն եւ այնտեղ նշված առաջարկությունների ներկայացում երկրի նախագահին: Վ. Դալլաքյանը հետեւելու է նաեւ մամուլի հրապարակումներն ու այնտեղ, ինչպես նաեւ հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումների ընթացքում ծնված առաջարկներին օրենսդրական տեսք է տալու ու ներկայացնելու Հայաստանի նախագահին: Ընդ որում` Վ. Դալլաքյանն այս բոլորն անելիս պատրաստ է ԱԺ ղեկավարության եւ բոլոր խմբակցությունների հետ համագործակցել:

Ուզում են լավը, բայց ստացվում է ինչպես միշտ

Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ եւ մեծամասնության առաջարկով երեկ քննարկվում էր ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ, ըստ որոնց հնարավորություն կտրվի փոքրաթիվ խմբակցություններին ներկայացած լինելու ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից երեքում: Ավելի վաղ` անցյալ գումարման խորհրդարանում ընդդիմությունն առաջարկում էր 12 հանձնաժողովը դարձնել 10, որպեսզի ընդդիմությունը կարողանա արդյունավետ աշխատել հանձնաժողովներում: Դա տեղի չունեցավ, հիմա խնդիր կար, ասենք, 5 հոգուց խմբակցության արդյունավետ աշխատանքի կազմակերպում 12 հանձնաժողովում: Ընդդիմությունը, որքան էլ դա տարօրինակ թվաց Ազգային ժողովի նախագահին, նախաձեռնությունը համարեց ոչ արդյունավետ այն պատճառով, որ ամեն ուրբաթ նույն ժամին հանձնաժողովներում տեղի ունեցող նիստերին մեկ մարդ չի կարող միաժամանակ երեք հանձնաժողովում էլ ներկա լինել, եւ այս հարցի լուծմամբ մտահոգ էին Արծվիկ Մինասյանը, Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, որոնք տաք ելույթներ ունեցան: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հարցը լուծելու համար ընդդիմությունից առաջարկների ձեւակերպում էր ուզում, իսկ արտահերթ ելույթ ունեցած Հովիկ Աբրահամյանը զարմացավ` նշելով, որ իր համար այս բորբոքված ելույթներն անհասկանալի են, եւ օրենսդրական նախաձեռնությունը հենց նրա համար է, որ ամեն ինչ արվի ընդդիմության արդյունավետ աշխատանքի համար: Այս օրենքը քննարկվելու է հատուկ ընթացակարգով (24 ժամում), այսինքն արդեն այսօր հասկանալի կլինի` այնտեղ ընդդիմության առաջարկները ներառվելու են, թե մնալու է ցուցափեղկը` թույլտվություն, բայց ոչ իրացման հնարավորություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4