«Ռամիլ Սաֆարովի գործում Ադրբեջանը հարված հասցրեց միջազգային արդարադատությանը»: Գնահատականը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանինն է, հնչեցրած դատախազությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ իրավական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակելու մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո:
«Խոսքը մի պետության կայացրած որոշումը մեկ այլ պետության կողմից կատարելու մասին է: Եվ դա այն ժամանակ, երբ բոլոր հանդիպումներին, կոնֆերանսներին քննարկվում էր համագործակցության աշխուժացման հարցը: Գլխավոր դատախազը փաստում է, որ ոչ թե ներում է տեղի ունեցել, այլՙ հանցագործի արդարացում, քանի որ հենց արդարացման դեպքում են հանցագործին բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում տրամադրումՙ աշխատավարձ, կոչման բարձրացում:
«Ադրբեջանում ոչ միայն վնասն է փոխհատուցվել, այլեւ մարդասպանը վերածվել է հերոսի: Ցավալի է, որ Երկիր մոլորակում ազգ կա, որի ներկայացուցիչը հերոսի է վերածվում միայն այն բանի համար, որ կացնահարել է քնած մարդուն»:
Կատարվածը ոչ միայն մարդկային արժեքների ոտնահարում է, այլեւ խախտում է իրավական դաշտի մի շարք օրենքներ. դատախազի մեկնաբանությամբՙ ոչ մի նախագահ իրավունքի չունի ներելու այլ պետության դատարանի կողմից դատապարտված մարդունՙ առանց դատարանի թույլտվությամբ: «Դա կոպիտ սխալ է, որը խախտում է Ադրբեջանի ՔՕ 521 հոդվածը: Իլհամ Ալիեւը չի սպասել ադրբեջանական դատարանի որոշմանը, չնայած հանցագործին կարող էր արդարացնել միայն դատարանը, այլ ոչ թե նախագահը»:
ԱՄՆ դեսպան Ջեն Հեֆերնը հավելել է, որ ԱՄՆ-ն Ռամիլ Սաֆարովի հետ կապված զարգացումների առումով բացատրություն է սպասում Բուդապեշտից եւ Բաքվից: «Ուզում եմ կրկին հաստատել, որ ԱՄՆ-ն, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեմ է դրսեւորումներին, որոնք սպառնալիքի տակ են դնում բանակցային փխրուն գործընթացը: Մենք Բուդապեշտից եւ Բաքվից բացատրություններ ենք ակնկալում եւ հետեւողական կլինենք դրանք ստանալու հարցում», եզրափակել է դեսպանը:
Հ. Հ.