ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հայերն իրավացիորեն զայրացած են Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված ազերի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Բաքվում իշխանությունների կողմից հերոսին վայել պատիվների արժանանալու առնչությամբ:
Այո, աշխարհով մեկ սփռված հայերը զայրացած են, բայց ո՛չ քաղաքակիրթ աշխարհը, եւ դա առավել զայրացնող է, քան միջազգային իրավունքի հանդեպ ցուցաբերված ծաղրանքը, որ Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարությունները բեմադրեցին:
Զայրույթն ու բարկությունը, սակայն, չեն լուծելու այս լուրջ խնդիրը: Ավելի ուսանելի կարող է լինել կատարվածի խելամիտ քննարկումը եւ տեսնելը, թե ինչ դասեր կարելի է քաղել միջազգային այս սկանդալից: Աչք ծակող անօրինական արարքն իր ազդեցությունն է թողել միաժամանակ երեք գլխավոր հարթություններում. ա) Հունգարիայի ներքին քաղաքական կյանքում, բ) Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, գ) միջազգային արձագանքներում:
Պատմական ժամանակներից Հունգարիան Հայաստանին բարեկամ երկիր է եղել: Հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել երբ 11-րդ դարում սելջուկները ասպատակեցին միջնադարյան հայկական մայրաքաղաք Անին: Տարագրյալների հոսքը հայերին նախ Ղրիմ հասցրեց, այնուհետեւ Տրանսիլվանիա, որը 1526-ից մաս էր կազմում Հունգարիային: 1921-ին կնքված Տրիանոնի պայմանագրով այդ տարածաշրջանը փոխանցվեց Ռումինիային: Բազմաթիվ հայեր Բուդապեշտ տեղափոխվեցին, իսկ Տրանսիլվանիայում մնացողները շարունակեցին հունգարերենը օգտագործել որպես մայրենի լեզու: Հայերը շատ լավ էին ինտեգրվել հունգարական հասարակությանըՙ միաժամանակ պահպանելով իրենց էթնիկական առանձնահատկություններն ու ինքնությունը: Մերթ ընդ մերթ նրանց շնորհվել է տեղական ինքնավարություն: Նրանք բազմաթիվ հեղափոխական հերոսներ, ակնառու պետական գործիչներ եւ արվեստագետներ են տվել այդ երկրին: Այնտեղ բնակվող հայերի թիվը տատանվում է 12-15 հազարի միջեւ: Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից 2-3 հազարի հասնող նորօրյա ժամանողները ավելացրել են Հունգարիայում ապրող հայերի թվաքանակը: Ի տարբերություն եվրոպական այլ երկրներիՙ Հունգարիան ճանաչում եւ պաշտպանում է հայկական փոքրամասնության ինքնակառավարման իրավունքը Բուդապեշտի կոալիցիոն կառավարությունում: Հայերը մեկն են այն 13 էթնիկական խմբավորումներից, որոնք ընտրում են իրենց նախագահին ու ներկայացուցիչներին հունգարական խորհրդարանում:
Եվրոպական միությանը անդամագրվելուց հետո Հունգարիան տնտեսական լուրջ տագնապ ապրեց, որը պատճառ դարձավ, որ տապալվի տեղի սոցիալիստական կառավարությունը եւ ճանապարհ հարթի ծայրահեղ աջակողմյան, «Երիտասարդ դեմոկրատների» կուսակցության համար, որը ջախջախիչ հաղթանակ տանելով ընտրություններումՙ ներկայումս զբաղեցնում է խորհրդարանի մանդատների երկու երրորդ մասը:
Այդ կուսակցությունն այժմ որեւէ օրենք կարող է անցկացնել առանց կոալիցիայի մյուս մասնակիցների պաշտպանության: Վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած այս կառավարությունն է, որ գործարքի մեջ մտավ Ադրբեջանի կառավարության հետՙ արտահանձնելու Ռամիլ Սաֆարովին, ազերի արտգործնախարարի այն հավաստիացումներից հետո, թե դատապարտյալ ոճրագործն իր պատժի մնացած չափաբաժինը կանցկացնի ադրբեջանական բանտերից մեկում:
Տնտեսական ծանր ճգնաժամի մեջ հայտնվելով Հունգարիայի կառավարությունը այս ամոթալի արարքին դիմեցՙ հույս ունենալով, որ թուրքական կառավարությունը միջնորդ կհանդիսանա երկու կողմերի միջեւ, եւ Բաքուն Հունգարիայից 3 միլիարդ եվրո արժողությամբ բաժնետոմսեր կգնի: Դա այն «արյան փողն» էր, որ պետք է փոխանակվեր երկու կողմերի միջեւ, այն բանից հետո, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մերժել էր Հունգարիայի կառավարության պահանջըՙ ցածր շահութաբաժնով միջազգային շուկա հանել իր բաժնետոմսերը:
Որքան մեզ հայտնի է, Ադրբեջանը դեռ չի կատարել գործարքի իր բաժինը եւ եթե նույնիսկ կատարի հիմա, որոշ ուշացումով, արարքը որպես քաղաքական ռումբ պայթելու է Օրբանի կառավարության լեգիտիմության դեմ: Ընդդիմությունն արդեն իսկ Սաֆարովի գործն օգտագործում է որպես ակնառու փաստ: Հունգարիայի «Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի» նախագահ Կարդինալ Փիթեր Էրդոն իր հրապարակած հաղորդագրության մեջ «զորակցություն է հայտնում հայ քրիստոնյաներին»: Ժողովրդական համերաշխության հզոր ալիք է բարձրացված Հունգարիայիում ի պաշտպանություն հայերի, եւ կարծես կառավարության անխոհեմ որոշումը հարվածելու է հենց իրենՙ կառավարությանը, այն էլ գոտկատեղից ներքեւ:
Վերջերս Հունգարիայի նախագահ Պալ Շմիտը հրաժարական տվեց դոկտորական թեզերից մեկում գրագողություն կատարելու մեջ բռնվելուց հետո: Նախադեպեր կան, որ բարոյական զայրույթը կարող է քաղաքական պայքարի վերաճել Հունգարիայում:
Հստակ է, որ հանցագործը Օրբանի վարչակազմն է: Հունգարիայի ժողովուրդը, ինչպես ավանդաբար, այս դեպքում էլ կարեկցում է հայերին:
Սաֆարովի արտահանձնումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց Հայաստանի ներքին քաղաքական դաշտում: Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը ամբողջովին զբաղված էր առաջիկա նախագահական ընտրություններով, այս հարցը մի փոքր աչքաթող էր արված: Այդ պատճառով էլ նա այժմ վճռական է տրամադրված: Հրավիրելով Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստՙ նա հայտարարեց, որ կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Այդուհանդերձ, թվում է, թե ճգնաժամը կարող է հաջող ավարտ ունենալ, ինչպես ասում ենՙ «չկա չարիքՙ առանց բարիքի»: Հայերի մեծամասնությունը խիստ զայրացած է եւ պատրաստ պաշտպանելու ամեն մի կոշտ գործողություն: Շատ գաղափարներ եւ կարծիքներ են հնչում, որոնցից ամենատարածվածը Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն է որպես անկախ պետություն: Սա, ինչ խոսք, լուրջ քաղաքական ռիսկ է պարունակում, քանի որ ազերիներն այդ քայլը կարող են օգտագործել հակամարտությունը վերստին սրելու համար: Հայաստանը չի կարող այդ ռիսկին դիմել առանց Ռուսաստանի համաձայնության: Իսկ լուրեր են տարածվում, որ ազերի մագնատ Իլհամ Ռահիմովը տեղյակ էր պահել իր դասընկեր Վլադիմիր Պուտինին արտահանձնման գաղտնի բանակցությունների մասին: Գուցե դրանով էլ բացատրվում է Ռուսաստանի թույլ արձագանքը կատարվածին:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հետաքրքրական առաջարկ ներկայացրել, որը տրամաբանական է, եթե Բուդապեշտի կառավարությունը տրամադիր է մեղմացնելու Հայաստանին պատճառած ցավը: Նա կոչ է անում Հունգարիայինՙ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը որպես «ամենաարժանի պատասխանը» ներկա իրավիճակի:
Մի բան, որ այդուհանդերձ կարելի է միջազգայնորեն բարձրացնել, այն է, որ հաշվի առնելով ազերի իշխանությունների ռասիստական բնույթը, Արցախի հայությունը այլեւս երբեք չի կարող գոյատեւել այդ իշխանության ներքո, ինչքան էլ «բարձրակարգ ինքնավարության կարգավիճակ» խոստանան նրան:
Այդ իշխանությունների բարբարոսական բնույթը միջազգային հանրությանը լիովին տեսանելի դառնալուց հետո տարածքային ամբողջականության վերաբերյալ տեսությունը պետք է որ դատարկաբանություն թվա որեւէ խելամիտ քաղաքական դիտորդի համար:
Հայաստանի ընդդիմությունն, անշուշտ, բաց չթողեց առիթը քննադատելու համար ներկա վարչակազմինՙ մեղադրական հարց ուղղելով, թե քնա՞ծ էիք, երբ գաղտնի բանակցություններ էին տեղի ունենում:
Հայաստանի արտգործնախարարը բացատրություններ տվեց, նշելով, թե մինչեւ Սաֆարովի արտահանձնմանը նախորդած մի քանի օրը հունգարական կառավարությունը հայկական կողմին վստահեցրել է, որ ոչ մի գործարք էլ չկա:
Եզրակացությունն այն է, որ ազերի կառավարությունը «խաբեց» Հունգարիայի կառավարությանը, որն էլ իր հերթին խաբեց Հայաստանի կառավարությանը:
Սաֆարովի մեղավոր ճանաչվելու առթիվ Ադրբեջանում ծայր առած հիստերիային ականատես լինելովՙ Հունգարիայի կառավարությունը շատ լավ գիտակցում էր իր գործողության հետեւանքները, բայց առանց վարանելու իրականացրեց իր որոշումըՙ ազերի հավաստիացումները օգտագործելով որպես քողածածկույթ հայտարարելու համար, որ «գործել է համապատասխան միջազգային օրենքի սահմաններում»:
Ստեղծված իրավիճակի երրորդ հարթությունը միջազգային հանրության արձագանքն է: Եթե Հունգարիայի ամոթալի արարքից ավելի վրդովեցուցիչ բան գոյություն ունի, դա միջազգային հանրության արձագանքն է, որը ցավալիորեն ցույց է տալիս, որ Հայաստանը մեկուսացված երկիր է, որ քաղաքական դաշնակիցներ չունի, որոնք շահագրգռված լինեն իրենով:
Հարց է, թե որեւէ այլ իշխանական կուսակցություն կկարողանա՞ր ավելին անել, քան այն, ինչ անում է ներկա կառավարությունը, որովհետեւ հարցը քաղաքական աշխարհում համապատասխան կշիռ ունենալուն է վերաբերում, եւ ընդունված «կլիշեն» այն է, որ ազերիի նավթն ավելի արժե, քան հայի արյունը: Ադրբեջանն ու Հունգարիան շատ լավ հասկանում են սա եւ գործել են համապատասխանաբարՙ գիտակցելով, որ հակադարձելու Հայաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ են: Ի՞նչ է կորցնում Հունգարիան Հայաստանի հետ դիվանագիտական կապերի կասեցումից: Ոչ շատ բան: Մինչդեռ Բաքվի գործողությունները կամ հակադարձությունները կարող են ծանրակշիռ հետեւանքներ ունենալ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը վերջին երկու տասնամյակներում զբաղված է բանակցային դատարկ շրջապտույտներով Ղարաբաղի հարցի առնչությամբ, հանդես եկավ թույլ մի հայտարարությամբ առ այն, որ Բուդապեշտից Բաքու արտահանձնման «խաղը» կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող բանակցությունների վրա: Չկա ոչ մի դատապարտում: Ոչ իսկ թեթեւակի քննդատությունՙ կատարված գազանային իրավական խախտման վերաբերյալ:
Եվրոպական միությունը, սովորականի նման, հավասարության նշան դրեց ոճրագործի եւ զոհի միջեւՙ հորդորելով հանդարություն պահպանել եւ լարվածությունը չսաստկացնել:
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր արտգործնախարարության համեմատաբար ցածր մակարդակի պաշտոնական ներկայացուցչի միջոցով մտահոգություն արտահայտող մի հայտարարություն արեց, բայց ինքըՙ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ պետք է իր խոսքն ասի այդ թեմայի կապակցությամբ: Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարության մեջ նշվում էր հետեւյալը. «Կարծում ենք, որ ադրբեջանական, ինչպես նաեւ հունգարական իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով համաձայնեցված ջանքերին եւ տարածաշրջանում լարվածության նվազմանը»: Կատարվածի ո՛չ սահմանում, ո՛չ գնահատական, ո՛չ էլ նկատողություն կամ հանդիմանություն այդ գործում ներգրավված երկու կառավարություններին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինից էր պահանջում աներկմիտ դատապարտում կատարվածի:
Զայրույթն առայժմ ուղղված է Բուդապեշտին եւ Բաքվին: Բայց ծանր պատասխանատվություն կրում են նաեւ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը եւ Մ. Նահանգների կառավարությունըՙ որպես այդ կառույցի ղեկավար: Հայերն, անշուշտ, գոհունակությամբ ընդունեցին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Բրեդ Շերմանի եւ Ադամ Շիֆի դատապարտողական խիստ արձագանքը, սակայն դա չի կարող փոխարինել վարչակազմի պատասխանատվությանը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ նախագահ Բարաք Օբամայի «խիստ մտահոգությունն» էր արտահայտում արտահանձնման առնչությամբ, որը «հակասում է լարվածությունը թուլացնելու շարունակական ջանքերին»: Իսկ պետքարտուղարությունը «չափազանց անհանգստացնող»ՙ ավելի որոշակի բառերով էր բնութագրել երեւույթը:
Այս բոլոր հայտարարությունները, սակայն, Մ. Նահանգները կատարում է որպես երրորդ կողմ, մինչդեռ ՆԱՏՕ-ի հետ Ամերիկայի կառավարությունը գլխավոր պատասխանատուն է կատարվածի, քանի որ չէր կարողացել ապահովել սպա Գուրգեն Մարգարյանի անվտանգությունը: Բացի դրանիցՙ Մ. Նահանգներն ու ՆԱՏՕ-ն վստահաբար տեղյակ էին ընթացող բանակցություններին եւ կարող էին տեղնուտեղը կասեցնել դրանք: Մի կողմ քաշված մնալով ուրիշներից բացատրություն պահանջելը երկերեսանիություն է պարզապես: Ասվածի էությունից ոչինչ չի փոխում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենիՙ շատ ավելի հստակ եւ հասցեագրված հայտարարությունը Երեւանում, որը նա գրեթե նույնությամբ կրկնեց Բաքվում: Ահա թե ինչու նախագահ Ս. Սարգսյանը ստիպված եղավ իր երկրի ակնկալությունները առավել հստակորեն արտահայտել Երեւանում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների դեսպաններին, շեշտելով, որ նրանց «հավասարակշռված» ամեն մի հայտարարություն Բաքվի իրարահաջորդ գրգռությունների վերաբերյալ, ուժեղացնում է Ալիեւի ռազմատենչությունը:
Հայաստանն, անշուշտ, կարող է հունգարա-ազերիական այս սկանդալից քաղել որոշակի քաղաքական դիվիդենտներ, եթե կարողանա հարցը համապատասխան կերպով միջազգային քաղաքական շուկա հանել: Եթե Մ. Նահանգները չկարեւորեց հարցի կասեցումըՙ սկզբնական փուլում, ապա Հայաստանի կառավարությունը ավելին անել չէր կարող: Բայց հայերին պետք է մեղադրել իրենց տունը եւ երկրի պաշտպանությունը թողնելու այն քչերին, որոնք շարունակում են ապրել հայրենիքում, եւ հեռուներիցՙ Մոսկվայից, Եվրոպայից կամ Գլենդեյլից կուրծք ծեծել որպես հայրենասերներ ու կառավարությանը քննադատելու համարՙ որպես իրենց մեղքն արդարացնելու միջոց:
Այո, Ադրբեջանն ու Հունգարիան մեղսակիցներ են այս ոճրագործության մեջ եւ նրանց կարելի է կասեցնել միայն Արցախի սահմանի վրա:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.