Մոտ 100 հայեր սեպտեմբերի 8-ին Պրահայում Հունգարիայի դեսպանատան առջեւ կազմակերպված հսկում-ցույցին եկել էին հակաադրբեջանական ու հակահունգարական լոզունգնեով ու նկարներով, ինչպես նաեւ Հայաստանի դրոշներով, Գուրգեն Մարգարյանի լուսանկարներով: Դեսպանության շենքը շրջապատված էր ոստիկաններով ու վարժեցրած շներով: Քանի որ չեխահայերին ցույց կազմակերպելու թույլտվություն տվել էին շաբաթ օրվա համար, այդ օրը հունգարական դեսպանության լուսամուտները լրիվ փակված էին, որեւէ աշխատակից այդպես էլ դուրս չեկավ դեսպանատան տարածքից:
«Մեր այս բողոքն ուղղված է ոչ թե բարեկամ հունգար ժողովրդի, այլ պաշտոնական Բուդապեշտի անազնիվ եւ անխոհեմ քայլի դեմ», «Ամո՛թ Հունգարիայի կառավարությանը», «Ամո՛թ վարչապետ Օրբանին», «Վաճառքի է հանվել Հունգարիան», «Բանտարկե՛լ մարդասպան Սաֆարովին», այս եւ նմանատիպ այլ կոչեր հնչեցին: Չեխահայ ցուցարարները չեխերենով եւ անգլերենով մի քանի անգամ ընթերցեցին հայ համայնքի պահանջները: Դատապարտելով կատարվածըՙ չեխահայ համայնքը պահանջեց մարդասպան Սաֆարովին բանտարկել եւ, իբրեւ պատասխան Ադրբեջանի ստոր քաղաքականության, ճանաչել ԼՂՀ անկախությունըՙ այդպիսով վերականգնելով Հունգարիայի ստվերված վարկը:
«Չեխահայությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որ Սաֆարովը իր պատիժը կրի: Դա կլինի միակ ճանապարհըՙ թուլացնելու լարվածության ուժեղացումը ողջ տարածաշրջանում: Այլապես Սաֆարով-մարդասպանի մեծարումը Ադրբեջանի կողմից անպատասխանատու սադրանք է, պարունակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի բռնկման վտանգը, հատկապես եթե նկատի ունենանք, որ վերջին շրջանում Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանային գոտում հաճախ է խախտում զինադադարը», գրված էր Հունգարիայի դեսպանությանն ուղղված բողոք-նամակում:
Չեխահայերը պահանջեցին նաեւ զգաստության եւ լարվածության թուլացման կոչերում հավասարության նշան չդնել երկու կողմերի միջեւ, քանի որ ե՛ւ բանակցությունների վիժեցումը, ե՛ւ նախապես կնքված պայմանավորվածություններից հետ կանգնելը Ադրբեջանի որդեգրած քաղաքակնությունն է հակամարտության ողջ ընթացքում:
Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում սեպտեմբերի 6-ին Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշը հարց էր ուղղել Չեխիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Կարել Շվարցենբերգին, որում անդրադարձել էր Ռամիլ Սաֆարովի փոխանցման եւ ներման դեպքին` փորձելով ճշտել Չեխիայի դիրքորոշումը այս հարցում:
Կարել Շվարցենբերգը պատասխանել է. «Չեխիայի Հանրապետությունը տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Մեր դիրքորոշման եւ զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի դեսպանին: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաեւ իրենցՙ Պրահայի դեսպանության միջոցով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հարցն է: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը եւ իմիջը խիստ վնասված են»: Շվարցենբերգը նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանի գործողությունները վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը եւ, ի վերջո, վնասում Ադրբեջանին:
Նա նաեւ շեշտել է իրավիճակի հետագա սրումը կանխելու կարեւորությունը եւ դրական գնահատել Հայաստանի կառուցողական դիրքորոշումըՙ բանակցությունները շարունակելու առումով, ինչպես նաեւ ասել, որ հարցին անդրադառնալու են ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Նիկոսիայում կայանալիք ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա