«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2012-09-07 | #156, 2012-09-08 | #157, 2012-09-11


ԲԵԼԳԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Սեպտեմբերի 8-ին Բելգիայի տարբեր քաղաքներում ապրող հայեր հավաքվել էին Բրյուսելում:

Բելգիահայությունը եւս, միանալով աշխարհասփյուռ հայերի բողոքին, իր վրդովմունքն էր հայտնում Հունգարիային ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հանկարծակի արտահանձնման եւ Ադրբեջանում ոճրագործին ներում շնորհելու եւ հերոսացնելու համար:

Բրյուսելիՙ Եվրոմիության հարակից տարածքում տեղակայված Հունգարիայի մշտական ներկայացուցչության ատյանի առջեւ վաղ առավոտից հայերը հայկական դրոշակներով, Հունգարիայի կառավարությանն ուղղված պաստառներով ամոթանքի խոսքեր էին վանկարկում հունգարական կողմին:

Եվրոպայի Հայ դատի բելգիական մասնաճյուղի, ՀՅԴ կուսակցության, «Հայասա» ուսանողական միության, «Համազգային» կրթական եւ մշակութային միության ինչպես նաւ բելգիահայ համայնքի կողմից գրավոր հղում ներկայացվեց Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը, որում հիշեցվում է 1983-ի Ստրասբուրգի կոնվեցիանՙ արտահանձման վերաբերյալ: Բելգիահայությունը խստորեն դատապարտում է հունգարական կառավարության անարդար քայլը, որի հետեւանքով մարդասպանն Ադրբեջանում գտնվում է ազատության մեջ եւ ազգային հերոսի համբավ է վաստակել: Բարոյականության եւ արդարության այսպիսի ոտնահարումով Ադրբեջանը իր իրական դեմքը բացահայտեց աշխարհին: Հունգարիան իր քայլով խրախուսում է ադրբեջանցիներին եւ նոր սադրանքների նախադրյալներ ստեղծում:

Վերջում հայ ցուցարարները կոպեկներ նետեցին շենքի ապակիներին, ինչը ոստիկանների անհանգստության առիթ հանդիսացավ: Սակայն մեր հայրենակիցները կազմակերպված, առանց ավելորդ անախորժությունների հեռացան:

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4