Քաղաքում ընտրողների մեծ ակտիվություն չի եղել
Եվ այսպես, ըստ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների, հանրապետության երկրորդ քաղաք Գյումրու նոր քաղաքապետ է ընտրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը: Նրա օգտին քվեարկել է 27624 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած գյումրեցիների ընդհանուր թվի 64,96 տոկոսը:
Հիշեցնենք, որ Բալասանյանին առաջադրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նրա թեկնածությանը հավանություն տվել եւ պաշտպանում էին ՀՀ նախագահն ու իշխող Հանրապետական կուսակցությունը: Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին չորս թեկնածուներ, որոնցից երկրորդ ցուցանիշն ունեցած դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը ստացել է 10 346 քվե կամ 24,37 տոկոս ձայն:
Քաղաքի բոլոր 79 ընտրատեղամասերում միասին ընտրությանը մասնակցել է 46 հազար 93 մարդ, մասնակցության ցուցանիշը կազմել է 36,7 տոկոս: Կրկնենք, բերված բոլոր թվերը նախնական են եւ ենթակա են փոփոխության: Ընտրվել է նաեւ Գյումրու համայնքային ավագանի, որի անդամության 21 տեղերի համար պայքարում էին 71 թեկնածուներ: Նրանց թվում «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության միասնական թիմի 7 թեկնածուներից առավել թվով ձայներ ստացել ու Գյումրու ավագանու անդամ է դարձել միայն մեկը` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Քաղաքի տարբեր թաղամասերում մեր այցելած մի քանի ընտրատեղամասերում քվեարկությունն ընդհանուր առմամբ հանգիստ ընթացք ուներ, հանձնաժողովականներից, վստահված անձանցից, դիտորդներից ու ընտրողներից լուրջ դժգոհություններ, բողոքներ չլսեցինք: Բայց դա չի նշանակում, որ միջադեպեր, խախտումներ ու թերություններ չեն եղել: Նման դեպքերի, այդ թվում կաշառքի բաժանման վերաբերյալ ահազանգեր, հիմնականում` տարբեր լրատվամիջոցների կողմից, նույնպես եղել են, դրանք համապատասխան մարմիններն ուսումնասիրում են:
Մարզի երկրորդ քաղաք Արթիկում ՀՀԿ-ական երկու թեկնածուներից առավել թվով քվեներ ստացել եւ քաղաքապետ է դարձել Արամայիս Աբրահամյանը` գերազանցելով գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանին:
Ընդհանուր առմամբ, Շիրակում սեպտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել մարզի 119 համայնքներից 113-ում, այդ թվում նաեւ 84 գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի, 100-ում` ավագանու: Շատ տեղերում դրանք երկուսը միասին են եղել:
Գ. Մ.