Նկարչի հաջողության գաղտնիքը
Ազգային պատկերասրահի 1-ին հարկի սրահում, երբ փորձում էի ճանաչել կտավների գույներն ու հասկանալ ինձ անծանոթ նկարչին, բնավ չէի կարծում, թե քիչ անց ունկնդիրն եմ լինելու շատ հետաքրքրական, ստեղծագործական հաջողության առումով հատկապես բնորոշ մի անսովոր կենսագրության: Զաքար Խաչատրյանը հրաշալի պատմող է, այս պատումի հմայքը խոսքի արտասովոր անկեղծությունն է, անթաքույց հույզն ու զգացմունքը, պարզ, զուլալ, ինչպես բնությունն ինքըՙ բազմածալ, բազմախորհուրդ, անակնկալներով ու տարերքներով, որտեղ ամեն ինչ, սակայն, օրինաչափության մեջ է, թվացյալ անկանոնությունն իսկՙ օրինական:
Բնությունը այս նկարչության հարազատ տարերքն է, որովհետեւ նկարիչը կտավի առաջ բաց ու անպաշտպան է, ինչպես բանավոր իր խոսքում, իր պատումի մեջ, ինչպես բնության մեջ վազող-արձակ ջուրը:
Փորձում էի պատկերացնել նկարների հեղինակինՙ ինտերնետից քաղած մի քանի կցկտուր տեղեկություններովՙ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բազմաթիվ շքանշանների, մեդալների արժանացած, Բեռլինի մատույցներում ծանր վիրավորված, Ս. Պետերբուրգի նկարիչների վետերանների միության նախագահ, ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ հանդիպած 88-ամյա նկարչին, երբ հասկացա, որ դրանցով բնավ հնարավոր չէր պատկերացնել նրան այնպես, ինչպես իրականում է:
Մոտեցողը ալեհեր, ճերմակ մորուքով, թեթեւ քայլվածքով, սեւ պորտֆելով միջահասակ անձնավորություն էր, իսկ դեմքին խաղացող բարեհոգի ժպիտը արդեն խոսում էր իր մասին: Վաղեմի ծանոթների պես սկսեցինք զրուցել: Նախ ասաց, որ իր ցուցահանդեսը նվիրված է Երեւանի մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին եւ դա իր համար մեծ պատիվ է. չէ՞ որ այս համալսարանում երկար տարիներ աշխատել էՙ Ղուկաս Չուբարյանի, Հովհաննես Զարդարյանի եւ ուրիշների հետ:
Մտածում էի, որ կյանքի երկարամյա ճանապարհին արվեստագետը հարուստ հուշեր պիտի որ ունենա եւ չէի սխալվում: Զարմացած լսում էի, թե ինչպես է հնարավոր այսքան դժվարագույն ժամանակների ու դառը կյանքի մասին խոսել այսպես թեթեւ. բառերն ասես փետուրի պես են իջնում, ու չես զգում ժամանակը, չես հիշում, որ վերեւում մեկ ուրիշ սպասող կա նկարչին: Դժվարությամբ է մտաբերում մանկության հիշողություններըՙ 30-ականները, որ ծանր բռունցքի պես իջան նաեւ աշխատավոր հոր ու հորեղբայրների ուսերին, աքսորվեցին այնտեղ, որտեղից վերադարձի ճանապարհ չկար, կամ գրեթե չկար: «Հայրս բազմաշնորհ մարդ էրՙ քարտաշ, պայտագործ, մետաղագործ, պատշարՙ տաղանդավոր ու աշխատասեր: Մտածող մարդկանց էին տանում, այդպես էր: Եղբայրս (քանդակագործ Արտաշես Հովսեփյանըՙ Ալեքսանդր Թամանյանի, Արմեն Տիգրանյանի (Երեւան), Օրբելի եղբայրների (Ծաղկաձոր) արձանների հեղինակը) իրեն է ժառանգել, եսՙ մորս: Մայրս գորգագործ էր, նրա թելերի սանդերքի համար ուշքս գնում էր, հատկապես գույների: Բայց մտքովս չի անցել նկարիչ դառնալ, չգիտեիՙ նկարչությունն ինչ է»:
Մոր փխրուն ուսերին է ծանրանում երեխաներին մեծացնելու դժվարին պարտականությունը եւ ինչպիսի՜ տարիներինՙ ռեպրեսիաներ, հետո էլՙ պատերազմը:
...Մեր դիմաց տանձենին է, այսինքնՙ պատկերասրահի այդ պատին «Աշնանային տերեւներ. տանձենի» կտավն է. գույների հրավառություն, տաք աշնան ջերմություն, տանձենու բույր ու համ: Կենսահորդ գույները թվում են մայրիկի գույնզգույն թելերի հիշողության կծիկն են բացված: Հետո նայում եմ մեկ այլ նկարիՙ «Մայրիկի հավերը»-անցյալի զգացական ինչպիսի՜ տպավորություն:
Բեռլինի մատույցներում վիրավորված զինվորի վերքի ապաքինումը անհնարին էր թվում: Ծանր վիրավորվել էր. գնդակը դիպել էր կրծքավանդակի ձախ մասինՙ սրտի հատվածում: Տարիների հեռավորությունից նկարիչը փրկությունը եւ հետագա հաջողությունները պատահականությանն է վերագրում, իսկ ամենաշատըՙ հավատին. «Ինձ օգնել է մորս հավատը: Փոքր էինք: Ահավոր էն տարիներին Աստծուն հիշելը չլսված բան էր: Մայրս շշուկով տալիս էր Աստծու անունը: Հանելուկ մնաց, ինչո՞ւ էր մայրս ծածուկ արտասանում այդ անունըՙ Հիսուս Քրիստոս»:
«Էն ժամանակ Մաշտոցի պողոտան Ստալինի պրոսպեկտ էր կոչվում: Մեր դպրոցը այնտեղ էր, Թերլեմեզյանի տեխնիկումի տղաներն էլ էտյուդնիկներով գնում էին այդտեղով: Մի օր հանդիպեցի իմ հայրենակից մի երիտասարդի, Բորիսովկա գյուղից: Այնտեղ մոլոկաններ էին ապրում, հրաշք մարդիկ էին, ժամանակին աքսորվել էին ցարի կողմից: Դուխաբորներ էին, ի՜նչ մաքուր մարդիկ էին, կանայք հագնում էի սպիտակ, տները սպիտակ էին ներկում-ջրի տակ մնաց, ափսո՜ս, այդ գյուղը, բնությունը, տեսնում եք, ինչպես է փոխվում: Ապրել եմ նրանց հետ, իմ մանկության հուշերի լավ տպավորություններն են:
Այդ երիտասարդը հանդիպեց ինձ իր էտյուդնիկով: Իմացավ, որ հանրակացարանի պատճառով ուզում եմ երաժշտականը թողնել: «Արի մեզ մոտ, ասաց, մեր դպրոցը հանրակացարան ունի»:
Բայց պիտի քննություն տամ, ոչ նկարել գիտեմ, չգիտեմ նկարչությունն ինչ բան է: Ինչ նկարեցի, չգիտեմ: Ասացինՙ պիտի կոմպոզիցիա անես: Կոմպոզիցիան ինչ է, չգիտեմ: Լենինականցի մի տղա, թեՙ «թուղթ ըմ ունե՞ս, տո՛ւր, կոմպոզիցիա քեզի կենեմ»: Ես դարձա ուսանող:
... Նայում էի մի նկարիՙ հնձվորները նստել, մածուն էին ուտում, էդ մածունը էնպես լա՜վ էր նկարված: Մարիամ Ասլամազյանի նկարն էր: Մտածեցիՙ ինձ էլ կսովորեցնեն էսպես նկարել, ուրախացա»:
Լսում, բայց համաձայն չեմ իր հետ, թե բախտը բերել է: Պատկերացնում եմ հանրակացարային պայմաններըՙ «դուռ կա, թե չկա, պատուհան կա, թե չկա, կրավատ կա, թե չկա»-ի, եւ դրա հետ իր զարմանալի աշխատասիրությունը. կուրսեցինեը բոլորը նկարչական դպրոցից էին եկել, իսկ ի՞նքը. հասցնել է պետք, հավասարվել, սովորել: Եվ ահա տնօրենը դեռեւս ուսումը չավարտած ուսանողին հնարավորություն է տալիս ընդունվել նոր-նոր բացված գեղարվեստի ինստիտուտ: Եվ Էդվարդ Իսաբեկյանը բարձր գնահատական է նշանակում: «Ինչո՞ւ այդ մարդը այդպես բարձր գնահատեց,- գաղտնիքը չիմացա»: Ինստիտուտում արդեն ուսանողների երեւակայությունը սնում էին Լենինգրադի մասին պատմությունները: Քաղաքի անունն անգամ չլսած ուսանողների երազանքն էր ընկնել այնտեղ: Հեքիաթի այդ ջրերով գնացին նրանքՙ 5-6 ուսանող, որոնցից միայն մեկին հաջողվեց ընդունվել Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա: Սակայն կյանքը կյանք չի լինի, եթե ցույց չտա նաեւ իր մյուս երեսը: Մեկ ամիս չանցած նրան հեռացրին ակադեմիայից. ժողովրդի թշնամու զավակի խարանը դեռ ճակատին էր: Չէր վերացրել անգամ պատերազմը:
«Պատերազմ էր: Մի օր կանչեցին, թե դու լավ սալդաթ ես, լավ ես կռվում, քեզ ընդունում ենք կուսակցության շարքերը: Կոմսոմոլ եղե՞լ ես,- հարցրին, վախից ասացի այո: Չէի եղել, ժողովրդի թշնամինՙ ի՞նչ կոմսոմոլ: Չէ չէի կարող ասել, դա կնշանակեր ճակատից կրակել»:
Չհանձնվեց, չհամակերպվեց հեռացման մտքին, ելք չուներ: Ընկերոջ խորհրդով կարողացավ հանդիպում ունենալ Սմոլնիում բուհերի գծով ինստրուկտորի հետ: Հոգեկան ծանր վիճակ, կորցնելու ոչինչ չկա: Պետք էր խոսել, պետք էր բացատրել. «Չէ՞ որ ես արդարացրի ինձ, նայեքՙ ցույց տվեցի պատերազմական վերքը ձախ կրծքավանդակիս: Նա հուզվեց, վերցրեց լսափողըՙ վերակակգնե՛ք գործը:
Ես նորից ուսանող եմ»:
Ժամանակները փոխվում են, կյանքը փոխում էր դիմակը, մարդիկՙ նույնպես: Ռեաբիլիտացիայի շրջանն էր: Շատերի պես արդարացվեց նաեւ Զաքար Խաչատրյանի հայրը. իրեն նշանակեցին հանրակացարանի խորհրդի նախագահ, մանկավարժական խորհրդի անդամՙ ուսանողների կողմից: Ժպիտով, բայց դառը հեգնանքով է հիշում ստալինյան կրթաթոշակը. «Հորս Ստալինն աքսորեց, իսկ ինձ նրա անվամբ թոշակ նշանակեցին... »: Կյանքը, սակայն, առաջվա պես դժվար էր: Ուսմանը զուգահեռ երեկոներն աշխատում էր Գալադայ կղզու մի գործարանում, ոտքով տուն էր գալիս, քնում էր կոշիկներով, առավոտյան նույն ձեւով դասի գնում, որ չուշանա: Ակադեմիական ուսման ավարտը բեկումնային եղավ, երբ իրեն, ի տարբերություն պարտադիր ուսուցչության ուղարկվող մնացած շրջանավարտների, պահեցին որպես ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցի նկարիչՙ աշխատավարձով: Ամենակարեւորը, սակայն ստեղծագործական միջավայրն էր, տնօրենը իր կյանքի ճակատագրական մարդկանցից մեկըՙ Ալեքսանդր Գերասիմովը, ժամանակի նշանավոր նկարիչներից էր, որի հետ բախտ վիճակվեց ոչ միայն աշխատել, այլեւՙ մտերմանալ:
«Շատ աստվածապաշտ մարդ էր: Կրեմլում էր, հիվանդ էր, գնացինք տեսակցության: Ներկած ձու, պասխայի ձու էինք տարել: Խեղճ մարդը թղթով ծածկում էր, որ չտեսնեն: Շալաշի պես մի տեղ ուներ, այնտեղ դրված էր իկոնա, որի առաջ աղոթում էր. Աստված իմ, ինչի՞ համար ես ինձ պատժում: Գերասիմովը մեղադրվում էր անձի պաշտամունքի մեջ: Ստալինի մոտ ընկերն էր»: Նկարիչը նրան հիշում է Ստալինի ծխամորճը միշտ բերանին եւ հենց այդպես էլ նկարել է: Այդ նկարը հիմա Գերասիմովի տուն-թանգարանում է:
Կյանքը տարբեր մարդկանց է հանդիպեցնում, որոնք մեկ հաջողության, մեկ անհաջողության պատճառ կարող են դառնալ: Իսկ մայրը... Մայրը կյանքի ամենալուսավոր կերպարն էր: Մոր հորդորով էլ վերադառնում է հայրենիք: Բայց ոչՙ Երեւան... Մնաց գյուղում, ստեղծեց դպրոց: «Մայրս դպրոցի միակ աշխատողն էր, եսՙ միակ ուսուցիչը: Ուսանողներիցս մեկը Փարավոնն է (Ազգային պատկերասրահի ներկայիս տնօրենը, որը քիչ հեռվից նայում էր, թերեւս անհանգստացած նկարչի երկար բացակայությունից): Սա նրա նկարն է, ցույց է տալիս իր դիմանկարըՙ կտավի դեղին ֆոնին: Ինձՙ ողբացյալիս, նկարել է շատ ճիշտ»:
Չուշացավ նաեւ աշխատանքային հրավերը Երեւանից, Մանկավարժական ինստիտուտից էր, Հովհաննես Զարդարյանն էր. «Այ տղա, վեր կաց արի, հերիք նարոդնիկություն անես»:
...Մեր դիմաց «տանձենին» է, գունային վառվռուն մի պատկերՙ ավանգարդ մոտեցմամբ: Մեզ մոտեցած Փարավոն Միրզոյանն ասում է. «Մեր կողքին է, չենք նկատում իր մեծությունը, մեծ նկարիչ է, մեր դասական նկարչության շարունակողն էՙ Թադեւոսյանի, Կոջոյանի: Տեսեքՙ ինչ հրաշալի է զգում բնությունը, իր նկարներում լույսը, ստվերը, գունազգացողությունը, ամեն ինչ կա»:
Մենք խոսում ենք 70-ականներից, երբ ժամանակի գեղարվեստական մտածողության մեջ բեկում առաջացավ, թարմ շունչ բերեցին նորերը, զրուցակցիս բնորոշմամբՙ բունտարները: «Նախորդ շրջանի հայ արվեստը չի կարելի թաղել: Ավանգարդիստները փորձում էին թաղել: Ասեք նրանցից մեկինՙ հավասար Թադեւոսյանին, Առաքելյանին, Զարդարյանին, Չուբարյանին»:
Ինչպես ամեն մի ճշմարիտ արվեստագետ, Զաքար Խաչատրյանն էլ չի հավատում իզմ-երին, արվեստի ճշմարտությունը իրական ապրումի ու վարպետության միասնության մեջ է տեսնում: Երբ հիշեցնում եմ Էդվարդ Իսաբեկյանի համոզմունքը, թե ամենամեծ շարժումը, փոփոխությունը իմպրեսիոնիստները բերեցին, ոգեւորվում է: «Իմպրեսիոնիզմը ռեալիզմի նոր հենքն է»,- ասում է:
Որքան էլ նրա նկարչությունը դասական արվեստի սկզբունքներով է կառուցված, այնուամենայնիվ Զաքար Խաչատրյանը տպավորապաշտական նկարչության ավանդույթների շարունակողն է: Նա իր զգացողական աշխարհի հարազատ փոխանցողն է, ունկնդիրն ու ակնդիրը բնության շարժի, լույսի արտացոլումների, նրա մոգական ազդեցությունների տեսնողը: Նրա նկարի գույնը թրթռուն ու դինամիկ էՙ լույսի ներգործությամբ պատկերի ընդհանրական բնույթով: Իսկ հաճախ առարկայի որոշակիությունը աղոտանում, ասես իլյուզիայի է վերածվում, եւ իմպրեսիոնիստական մտածողությանը բնորոշ ստեղծվում է կտավի ոչ թե զուտ տարածական, այլ ժամանակային հեռավորություն: Դրան օգնում են գունային կուտակումներըՙ լույսի, ստվերի, մուգ ու բաց գույների բարդ միակցումները («Ջրհեղեղը Լենինգրադում», «Իրիկնամուտ. Սիսիանի եկեղեցին»):
Նկարչի գունային հարաբերակցությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է, հարթ, միատոն գույնը (կարմիրը, կապույտը) ավելի հարուստ երանգներ է ստացել, նկարը հագեցրել ոչ միայն գույնի բազմազանությամբ, նաեւ զգացումի, վերապրումի: Երազային ինչպիսի պատկեր է ներկայացնում «Ծովը կեսօրին. Պիցունդա» նկարը: Կապտաճերմակի աստիճանական անցումների վարպետությունը, ալիքների հանդարտ ծփանքը, ծովի ձայնը դարձնում են իրական, զգայական. որքա՜ն անդորր ու խոհ կա այս նկարում: Քնարականություն ու հույզ կա նրա բնանկարներում, քաղաքային պատկերներում, կանանց դիմանկարներում, իսկ «Ձմեռային գիշերը» մի կատարյալ միրաժ է` քնած լապտերների կապտավուն լույսի մեջ:
Ռուսական արվեստի միջավայրում կյանքի մեծ մասն անցկացրած նկարիչը հայ է ու հայկական իր մտածողությամբ: «Եղիշե Թադեւոսյանը,- ասում է,- ուսանելով Ռուսաստանում, լինելով ամենասիրելի նկարիչներից մեկը, Վրուբելի, մյուս առաջավոր նկարիչների ընկերը, մնաց հայ: Ես նրանից եմ սովորել: Իմ ուսուցիչը, հոգեւոր իմաստով, նա է: Ինստիտուտը մեզ ամառային աշխատանքի էր ուղարկում թանգարաններՙ ընդօրինակումներ անելու: Թադեւոսյանն ինձ մի տեսակ գերում էր, հատկապեսՙ գույները: Մորս գորգագործության սանդերքն էի հիշում: Ինչպե՞ս է Թադեւոսյանը ճանաչել, կարդացել բնությունը: Իմպրեսիոնիստը պետք է կարողանա կարդալ բնությունը, հենց այնպես հնարել չի կարող, էդ ունակությունը ներքուստ պիտի ունենա: Էդ տառերը նրանիցՙ Թադեւոսյանից սովորեցի: Բայց ակադեմիան չէր թույլատրում: Այնտեղ կային իրենց պայմանական գույները: Դժվարությունն այդ տարիներիՙ որ կարողանաս պայմանական գույները հաղթահարել, սովորես նրանց լեզվով անել, բայց մեջդ պահես քոնը:
Երբ 1956-ին Լենինգրադում իմպրեսիոնիստների ցուցահանդեսը եղավ, ես ազատվեցի, ուրախությանս չափ չկար: Եկա, ակադեմիական իմ աշխատանքը հարյուր կտոր արեցի. կարող էին որպես խուլիգանի ինձ հեռացնել, ի՞նչ իրավունք ունեի քննական աշխատանքը պատռել, բայց արեցի, որովհետեւ չէի կարող չանել: Գտա իմ ճանապարհը»:
Գաղտնիքը հենց սա էՙ սեփական ճանապարհը գտնելը, սեփական ձայնը լսելի դարձնելը. ակադեմիական կրթությունն իր գործն արդեն արել էր, եւ բնությունն իր ներսում էր, ինքըՙ նրա ամենազգայուն ընթերցողն ու հարազատը: Հաջողության մյուս գաղտնիքը իր մարդկայի՛ն բնությունն է, աշխատասիրությունն ու կամքը, այն բարությունը, այն լույսը, որը կրում է նկարիչը իր արյան, իր մաշկի գույնի մեջ, իր հայացքի խորքերում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ