Հռչակավոր երաժիշտ, մաեստրո Օհան Դուրյանի ծննդյան 90-ամյակին «Ազգը» անդրադարձել է մաեստրոյի ծննդյան օրըՙ սեպտեմբերի 8-ին: Այդ օրը, վաղ առավոտից մարդկանց հոսքը չէր դադարում Կոմիտասի անունը կրող մեր մեծերի Պանթեոն: Տարբեր ժամանակների ղեկավարներ, պաշտոնատար այրեր, մտավորականներ, Օհան Դուրյանին սիրող ու պաշտողներ մեկտեղվել էին իրենց հարգանքի տուրքը տալու աշխարհի շատ բեմեր գրաված, նվագախմբեր ղեկավարած մեծ դիրիժորին: Օհան Դուրյան արվեստագետին մեծարանքի ու գոհունակության խոսքեր հղեցին բժիշկ Վահան Վարդապետյանը, մաեստրոներ Հովհաննես Չեքիջյանը եւ Տիգրան Հեքեքյանը:
Սպիտակ ծաղիկներով զարդարված շիրմաքարի շուրջ բոլորը մեկական սպիտակ մեխակ ձեռքներին շարվել էին Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Փոքրիկ երգիչներ» խմբի անդամները ու կոմիտասյան երգերի կատարումից հետո խոնարհվեցին մաեստրոյի շիրմաքարի առջեւ եւ այն զարդարեցին ծաղիկներով: Հուզված էր մաեստրո Հեքեքյանը, որն իր խոսքում ասաց. «Մենք չէ, որ պիտի գովաբանենք, մեծարենք մեծ երաժիշտին: Աստծուց ստանալով տաղանդ եւ այդ տաղանդը իրագործելու կարողություն, մեծ երաժիշտը ամեն օր, ամեն ժամ, յուրաքանչյուր համերգին, փորձին ապացուցում էր իր հանճարեղ լինելը»: Դուրյան մեծահոգի մարդու, հանճարեղ երաժշտի մասին մաեստրո Չեքիջյանն ասաց. «Օհան Դուրյանի անզուգական մեկնաբանությունները նրա խորը երաժիշտ լինելն էին ապացուցում: Նա չէր սիրում միջակություններ եւ մոլեռանդ պաշտպանն էր իր մեկնաբանություններին եւ ուներ իր ուրույն ձեռագիրը: Մի բան, որը շատ կարեւոր է արվեստի մարդու համար: Այն բծախնդրությունը, որ նա ուներ, խոսում էր այն մասին, որ ինքը երաժշտության իսկական մեկնաբան էր, ոտից-գլուխ երաժիշտ, բացառիկ տաղանդ: Մեծություն էր բառի բուն իմաստով, երբ բեմ էր դուրս գալիս, այն միանգամից լցվում էր ու դահլիճը հոտնկայս ծափահարում էր նրան: Շատ-շատերը պետք է օրինակ վերցնեն նրանից, նրա թողած ձայնագրություններից: Մենք հպարտ ենք, որ այսպիսի հայ երաժիշտ ենք ունեցել, որի տեղը թափուր մնաց»: Մաեստրո Լորիս Ճգնավորյանը նույնպես հուզված էր եւ «Ազգի» հետ զրույցում ասաց. «Օհան Դուրյանը իսկական արվեստագետ էր, որը իր մեջ խտացրել էր տաղանդ, բարություն, ազնվություն եւ ցավում եմ, որ այսօր նա այլեւս մեզ հետ չէ եւ իրավամբ նրա տեղը դատարկ մնաց»:
Բեմադրիչ-դերասան Նարեկ Դուրյանի համար սիրելի հայրիկի մահը «հիմքի կորուստ էր, դաստիարակության, աշխատանքի, մտածելակերպի ու ամեն առումներով: Հաճախ կեսգիշերին այցելում եմ նրան, երկար կանգնում ու սարսուռը անցնում է երակներովս, երբ իմ խոսքերի պատասխանները չեմ լսում նրանից: Մեծ կորուստ էր ինձ համար հայրիկիս մահը...»: Իսկ տիկին Ալիսը, որը մանկան պես խնամել է նրան, ասաց. «Որքան էլ որ ծանր է կորուստը, սակայն սփոփվում եմ, ու երջանիկ եմ, որ ապրել եմ նման մեծ ու տաղանդավոր երաժշտի, հրաշալի մարդու հետ: Ես նրան շատ եմ սիրել ու հարգել թե՛ իբրեւ մեծ երաժիշտ, եւ թե՛ որպես հրաշալի անձնավորություն, որն իր ողջ կյանքի ընթացքում ոչ ոքի չնեղացրեց: Ափսոսում եմ շատ, որ կորցրի այդ բարի մարդուն ու տեղս չեմ գտնում: Տանը հաճախ նրա հետ խոսում եմ, կարոտում եմ, կիսվում եմ նրա հետ: Այսօր էլ պիտի երեկոյան այս ամենը պատմեմ նրան, չնայած որ նա արդեն երկնքից այս ամենը տեսնում է...»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ