Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Սոֆիայի «Վասիլ Լեւսկի» մարզադաշտում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում ուժերը կչափի Բուլղարիայի ընտրանու հետ: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22.45-ին եւ ուղիղ եթերով կցուցադրվի «Արմենիա» հեռուստաալիքով:
Հայաստանի հավաքականը Մալթայի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ ընտրական 2-րդ խմբի առաջատարն է: Բուլղարացիները մեկնարկային խաղում մարտական ոչ-ոքի (2-2) ավարտեցին հանդիպումը իտալացիների հետ: Ընդ որում սեփական հարկի տակ կայացած այդ խաղում բուլղարացիներն առաջինն էին բացել հաշիվը, սակայն հետագայում դաշտի տերերը 2 գոլ խփեցին: Դանիայի եւ Չեխիայի հավաքականների մրցավեճում դարպասներն անառիկ մնացին:
Այսօր Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասում: Այն դժգույն խաղը, որ ցուցադրեց մեր հավաքականը Մալթայում, մտահոգության տեղիք է տալիս: Նման խաղով հնարավոր չի լինի հաջողության հասնել բուլղարացիների հետ մրցավեճում: Հանդիպելով լավ կազմակերպված մամլիչ գործողությունների եւ զանգվածային պաշտպանության, մեր ֆուտբոլիստները պարզապես շփոթվեցին ու չգիտեին, թե ինչպես կարելի է գրավել մրցակցի դարպասը: Խաղի ցածր տեմպն էլ ձեռնտու էր մրցակցին: Փոխանակ գրոհներին արագություն հաղորդելու եւ փորձելու մրցակցի պաշտպանությունը ճեղքել եզրերով, մերոնք հաճախակի դիմում էին կենտրոնով կարճ փոխանցումների, պարզ իրադրություններում սխալվում էին, ստանդարտ դրություններն էլ շատ անհաջող էին իրացնում: Ոչնչով աչքի չընկան մեր հավաքականի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, որոնք իրենց թիմերում հիանալի խաղ են ցուցադրում, հաճախ են ընդգրկվում լավագույնների շարքում: Իսկ ահա Հայաստանի հավաքականում նրանց խաղը մի տեսակ խամրում է: Գուցե նրանք լիովին չե՞ն ներդնում իրենց ուժերը հավաքականում, նախկին նվիրվածությամբ չե՞ն խաղում: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում:
Իսկ մեր հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն այս խաղում պարզապես ձախողվեց: Սխալներն այնքան ակնհայտ էին, որ ֆուտբոլասերներից շատերն արդեն գտնում են, որ Հովսեփյանը պետք է հրաժեշտ տա հավաքականին:
Հարկ է խոստովանել, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը հեռու է բավարար լինելուց: Եթե ընկերական մրցախաղերում ինչ-որ տեղ դա ներելի է, ապա պաշտոնական մրցումներում նման խաղով հնարավոր չի լինի պայքարել ուղեգրի համար: Սա պետք է լավ գիտակցեն մեր ֆուտբոլիստներն ու փոխեն իրենց վերաբերմունքը հավաքականի հանդիպումների նկատմամբ:
Ճիշտ է, հաղթանակը հաճելի է, կրկնակի ուրախալի է, որ Հայաստանի հավաքականն այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սակայն ֆուտբոլասերների համար շատ կարեւոր է նաեւ խաղի որակը: Նրանք ցանկանում են հաճույք ստանալ հավաքականի խաղից, իսկ առայժմ մեր ընտրանու ելույթը միայն դժգոհության տեղիք է տալիս:
Ահա ընտրական մյուս խմբերում գրանցված արդյունքները. Շոտլանդիա-Սերբիաՙ 0-0, Ուելս-Բելգիաՙ 0-2, Խորվաթիա-Մակեդոնիաՙ 1-0, Գերմանիա-Ֆարերներՙ 3-0, Ղազախստան-Իռլանդիաՙ 1-2, Հոլանդիա-Թուրքիաՙ 2-0, Էստոնիա-Ռումինիաՙ 0-2, Անդորրա-Հունգարիաՙ 0-5, Ալբանիա-Կիպրոսՙ 3-1, Իսլանդիա-Նորվեգիաՙ 2-0, Սլովենիա-Շվեյցարիաՙ 0-2, Ռուսաստան-Հս. Իռլանդիաՙ 2-0, Ադրբեջան-Իսրայելՙ 1-1, Լյուքսեմբուրգ-Պորտուգալիաՙ 1-2, Լատվիա-Հունաստանՙ 1-2, Լիտվա-Սլովակիաՙ 1-1, Լիխտենշտեյն-Բոսնիաՙ 1-8, Մոլդովա-Անգլիաՙ 0-5, Չեռնոգորիա-Լեհաստանՙ 2-2, Վրաստան-Բելառուսՙ 1-0, Ֆինլանդիա-Ֆրանսիաՙ 0-1: