Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին խանութների կողմից կիրառվող զեղչերի մասին հայտարարությունները, որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը, եւ գովազդային շուկայում արձանագրված խախտումները:
Առաջին հարցն առնչվում էր անբարեխիղճ գովազդին, որն իրականացրել էր քարերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ընկերությունը: Վերջինիսՙ եթեր հեռարձակվող գովազդում ասվում է. «Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում»: Հանձնաժողովի ներկայացուցիչը, ներկայացնելով այս առթիվ իրականացված վարույթի արդյունքները, նշեց, որ այս գովազդում տեղի է ունեցել հասարակության մոլորեցում, ինչպես նաեւ թերահավատ վերաբերմունք մյուս տնտեսվարողների նկատմամբ: Եզրակացությունն այն էր, որ տեղի է ունեցել անբերախիղճ մրցակցություն:
Ինչ վերաբերում է խանութների կողմից հայտարարվող զեղչերին, ապա «Մանգո» անվանումով խանութների ցանցում նշված է եղել 50 տոկոս զեղչ ողջ տեսականու համար, սակայն պարզվել է, որ դա վերաբերում է ապրանքների միայն մի մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու գովազդվող ապրանքի վերաբերյալ, տնտեսավարողի այս մոտեցումը եւս համարվեց անբարեխիղճ մրցակցություն:
Մանկական տակդիրների ներկրմամբ զբաղվող «Լինեթ լիմիթեդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին, տեղեկացնելով, որ Nannys ապրանքային նշանի իրավատերն է եւ արտադրող ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Սակայն մեկ այլ ընկերություն` «Սեմի ինտերթրեյդ», նույնպես զբաղվում է Nannys եւ Nannys Fresh ապրանքային նշաններով տակդիրներով եւ թաց անձեռոցիկներով: Նման վարքագիծը նույնպես հանձնաժողովի կողմից որակվեց որպես անբարեխիղճ մրցակցություն:
Անդրադառնալով այս երեույթներինՙ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ այսուհետեւ գովազդները, զեղչերի մասին հայտարարությունները լինելու են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Նա նաեւ կոչ արեց ընկերություններին եւ սպառողներինՙ այս ոլորտներում խախտումներ տեսնելու դեպքում հայտնել հանձնաժողովին: Ինչ վերաբերում է նիստում քննարկված դեպքերին, ապա հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ խախտում թույլ տված ընկերությունները կպատժվեն անբարեխիղճ մրցակցության համար` իրենց հասույթի մինչեւ 1 տոկոսի չափով: Նշված ընկերությունների հասույթի չափը իմանալու համար հանձնաժողովը արդեն դիմել է պետական եկամուտների կոմիտե:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ