«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2012-09-14 | #161, 2012-09-15 | #162, 2012-09-18


ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱՐԿ ՊԱՇՏՈՆՅԱ ԳՆՈՂ ՓՈՂԱՏԵՐԵՐԻ ԴԵՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերլուծաբանները գլուխները կորցրել են, սեպտեմբերի 15-ին կառավարությունում նախագահ Սարգսյանի կոշտ գնահատականները, հատկապես որոշ ոլորտների վերաբերյալ (տրանսպորտ ու կապ, քաղաքաշինություն, դեղերի շուկա, պետական գնումներ, պաշտպանություն) խիստ շեշտադրումներն ու հանձնարարականները ստիպել են նրանց որոնել նախագահի խստության կամ զայրույթի պատճառը, եւ այդ որոնումն ընդգրկում է վարչապետ Տիգրան Սարգսյանին դեղին քարտ ցույց տալուց մինչեւ ներքաղաքական զարգացումներ ու անգամ Ռոբերտ Քոչարյանի համար դաշտ ազատելու ենթադրություն: Սակայն, մեր կարծիքով, այս բոլորի պատճառը առավել քան տրիվալ է:

Այն մարդիկ, ովքեր քննադատում են կառավարությանը եւ զատում գործադիրին երկրի նախագահից` խորապես սխալվում են: Իբր` որեւէ կառավարություն ու որեւէ վարչապետ եթե փոխվեն հատկապես այս մի ուրիշ վարչապետով ու նրա նշանակած այս մի ուրիշ նախարարներով, ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ կլինի, ու դուք ձեր ընտանիքը կկարողանաք պահել: Փարիսեցիություն: Սուտ: Խաբեություն: Ծայրահեղ դեպքում` ինքնախաբեություն: Կամ էլ` ոչ էլ որեւէ մեկը խաբվում է, շատ լավ բոլորն էլ գիտեն ինչն ինչոց է: Այդպես խոսողների մի մասն ուզում է էլ ավելի հարմար տեղավորվել ու տեղավորել կուսակիցներին, մյուս մասը պարզապես զորաշարժեր է անում դեպի նախագահական ընտրություններ: «Մենք որ գանք ու կառավարություն կազմենք` ամեն ինչ լավ է լինելու» ֆորմուլան հնացած է, եւ այդ հեքիաթներին որեւէ խելքը գլխին մարդ չի հավատում: Ամեն ինչ տեսել ու կերել ենք: Չնայած հենց կառավարությունները նրա համար են, որ վատ աշխատելիս փոխվեն, սակայն ներկա դեպքում խնդիրն ավելի խորն է: Եթե այս երկրում ամեն ինչ այնքան մենաշնորհային է, որ կառավարությունը գլուխը որ կողմ էլ թեքի` դիպչելու է օլիգարխների շահերին, որ կողմ քայլ գցի, մի որեւէ օլիգարխի ոտք է տրորելու, այս դեպքում էս կառավարությունը կամ որեւէ կառավարություն ո՞նց շարժվի ու ո՞նց քայլ գցի: Ամեն ինչ բոստան-բոստան արած:

Շաքարավազըՙ մեկինը, բենզինը` մեկինը, դեղերը` համարյա մեկինը, հիմա դիր ու սրանց հարկի կամ տուգանի, այնպիսի խաղեր կտան, որ մինչեւ հասարակ սպառող կհասնեն: Ու ոնց ուզում են` ստվերը երկարացնում են, ոնց ուզում են` մրցակցին դուրս են մղում, ոնց ուզում են` գին են թելադրում, անորակ ապրանքը սպառողի վզին փաթաթելն էլ վրադիր: Երկրի նախագահը վաղուց դա հասկանում է, ու նրա քայլերին միշտ բոլորը սպասել են, համենայն դեպս` ժողովուրդը: Նրա քայլ անելուց շատ բան է կախված: Ու հասկանալի է, որ նրա ձեռքերը հա կապված էին տարբեր թելերով, ու վերջին թելը խորհրդարանական ընտրություններն էին: Օլիգարխների մի մասի դեմ էլի խաղ չկարՙ ու նա խցկվեց տարավ` բարկացնելով հասարակությանը: Ասել է թե ամեն ինչ ուզում են հին ձեւով շարունակել` օրենք գրել տալ իրենց օգտին, տնտեսություն քամել իրենց օգտին...

Բայց դեմը նախագահական ընտրություններ են, Հայաստանում միշտ հասարակությունը գլխավոր հարցերի պատասխանը նախագահից է ուզում, այդ թվում` տնտեսության զարգացման եւ օլիգարխներին զսպելու վերաբերյալ: Հին տրյուկը` կառավարություն փոխել, այլեւս հազիվ թե աշխատի: Բացի այդ` ումո՞վ փոխել: Արդյոք որեւէ մեկը, թեկուզ հրեշտակի թեւեր ունենա, կարող է ազատվել օլիգարխների հյուսած ցանցից: Ու հավանաբար երկրի նախագահը անելիքը մի լավ մտորած կլինի: Կոնկրետ մենք սեպտեմբերի տասնհինգին կառավարության հետ տեղի ունեցած հանդիպմանը նախագահ Սարգսյանի տված կոշտ գնահատականները այս կողմից ենք դիտում. աջակցություն վարչապետին, օրենքները խախտող, պաշտոնյա գնող փողատերերի դեմ լայնածավալ պայքարի ստարտ, հին ձեւով շարունակելու անկարելիության ըմբռնման բարձրաձայնվող հաստատակամություն: Այնպիսի տպավորություն էր, կարծես Տիգրան Սարգսյանի ուսերից մի ծանր քար է ընկել, քանի որ նախագահ Սարգսյանի խոսքերը հատկապես կառավարությանը բոլոր ձեւերով խանգարող, պաշտոնյաներին գնող փողատերերին են ուղղված, նրանց է հասկացվում, որ այլեւս առաջվա պես չի լինելու, նրանց է հասկացվում, որ վարչապետին քարտ-բլանշ է տրվում արտոնյալ զգացողներին դուրս բերելու մաքուր ջրեր:

Ու նախագահի խոսքերը ոչ այնքան ու ոչ միայն կառավարությանը սթափեցնելուն են ուղղված, որն ուզում է աշխատել, բայց կլանային բարքերը ամեն կերպ խանգարում են դրան, այլՙ օլիգարխներին, որոնց ի լուր ողջ Հայաստանի հասկացվեց. այլեւս ոչինչ չի հանդուրժվելու:

Որ ամեն ինչ հենց այդպես է` դրա համար բազմաթիվ նշմարներ կան. նախ խորհրդարան տարված օլիգարխներին արդեն սկսվում է դեղին քարտ ցույց տալ, ու գուցե ճիշտ էր Ռուբեն Հայրապետյանը, որ տարբեր տեսակի կասկածներ ուներ, թե իրեն կարող են զոհ տալ: Եվ ոչ միայն իրեն, այլեւ ուրիշների, որոնց որքան էլ մամուլը հասկացնում էր` խորհրդարանը ձեր տեղը չէ, սահմանադրություն եք խախտում, նրանք խցկվում էին, մանդատով հավելյալ պաշտպանվածությունը եւս օգտագործելով: Բայց չէ՞ որ արդեն եւ վաղուց միայն մենք, տեղացի լրագրողներս չենք գրում, այլ աշխարհին է հայտնի ու միջազգային մամուլն է գրում` օլիգարխական տնտեսությունը խանգարում է Հայաստանի զարգացմանը: Այնպես որ «Ավետյանի ցուցակ» հասկացությունը բոլորովին էլ կարող է դատարկ բան չլինել, այլ շատ լավ մտածված գործիք` օլիգարխների դեմ պայքարելու. եթե օլիգարխները շարունակում են քամել Հայաստանի տնտեսությունը, եւ ամեն անգամ ծածկվել ապաշնորհ կառավարություն ունենալու պիտակավորումով, եկել է օրը, որ դրա վերջը սկսենք տալ: Ու նախագահ Սարգսյանը հավանաբար դա էր հասկացնում: Եթե նա քայլեր չձեռնարկի ու մենակ թողնի այս կառավարությանը, հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն նրա համար պաշտոնավարման հետագա ընթացքը եւ նախագահական ընտրությունների արդյունքն անգամ: Նա (եւ առհասարակ` ով էլ լիներ երկրի նախագահն այս պահին) ընտրություն չունի` կամաց-կամաց պետք է Հայաստանի տնտեսությունը դուրս բերի կլանային շահերի սպասարկման ռեսուրս լինելուց:

Ահա այս ազդանշանը մենք տեսանք նախագահի` կառավարությունում հնչած քննադատության մեջ ու հանձնարարականներում: Նույնիսկ ռուսները, որոնց տնտեսության օլիգարխիզացիան մեզնից թեեւ բարձր է, ճիշտ է, սակայն երկիրն է ռեսուրսաշատ մեր օրին չլինելու համար, սկսել են օլիգարխիզացիայից մաքրվելու գործընթաց` երեք օր առաջ հայտնի օլիգարխ պատգանավորին զրկեցին մանդատից հենց գործարարությամբ զբաղվելու եւ սահմանադրությունն այդպիսով խախտելու համար: Այնպես որ մենք այլեւս ընտրություն չունենք`տնտեսությունը պետք է աշխատեցնենք, ստվերը նվազեցնենք, իսկ դրանք անելու համար նախ պետք է զսպենք օլիգարխներին:

Իսկ կառավարություն փոխելը միշտ կա ու կա, համենայն դեպս` կառավարությունները Հայաստանում դե ֆակտո նախագահներն են ղեկավարում, ու կառավարության ձախողումը նախ կպչում է նախագահին: Նույնիսկ ժամանակ շահելու համար այլեւս հենց այնպես կառավարություն փոխելու ժամանակ չունենք: Տարբերակ չկա, պետք է իրականացվի Տիգրան Սարգսյանի խոստումը. «Այն բոլոր գնահատականները, որ Դուք տվեցիք, պարո՛ն նախագահ, սթափեցնող են եւ պարտադրում են մեզ բոլորիս` էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում, եւ մենք այդ ամենն անպայման կիրականացնենք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4