«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2012-09-14 | #161, 2012-09-15 | #162, 2012-09-18


ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ. ՊԱՏԱՀԱ՞Ր, ԹԵ՞...

Տեղական ժամանակով 17:30- ին հզոր պայթյուն է որոտացել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի արտադրամասերից մեկում: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ դեպքը տեղի է ունեցել «Նասոսնի» կոչվող արվարձանի «լվացքի փոշու արտադրամասում»: Սումգայիթի շտապ բուժօգնության կայանից տեղեկացրել են, որ «պատահարի վայր է մեկնել բժիշկների 10 բրիգադ», իսկ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներովՙ «5 մարտական հաշվարկ է ներգրավվել, որպեսզի տուժածներին օգնություն ցուցաբերվի»:

Դարձյալ պաշտոնական տեղեկություններով, 5 մարդ «անմիջապես զոհվել է, 7-ը` վիրավորվել»: Այլ աղբյուրներ, մասնավորապես` contact.az.ը, նշում են, որ «Սումգայիթում տեղի է ունեցել խոշոր աղետ, տարածքը շրջապատված է ոստիկանության ուժեղացված կարգախմբերով, ԱԻՆ ծառայողներով, ամբողջ շինությունը պատված է թանձր ծխով»:

Contact.az.-ը, հղում անելով «Թուրան» գործակալությանը, մասնավորապես հաղորդել է, որ «պայթյունը որոտացել է կենցաղային քիմիայի ձեռնարկությունում, բռնկվել է հեղուկ վառելիքի 12 պահարաններից 10-ը, հրշեջները դժվարանում են մարել հրդեհը եւ աշխատում են տեղայնացնել, որպեսզի չընդգրկի հարակից տարածքները»: Նույն աղբյուրը նաեւ ավելացրել է, որ «ԱԻՆ պաշտոնական ներկայացուցիչները հրդեհի եւ դրան հաջորդած պայթյունների պատճառների մասին ոչինչ չեն ասում»:

Ավելորդ չէ թերեւս նկատել տալ, որ երեկ սկսվել է Իլհամ Ալիեւի աշխատանքային այցը Ֆրանսիա: Այսինքն, երբ Սումգայիթում տեղի է ունեցել արտակարգ պատահար, նա Ադրբեջանում չի եղել: Արդյոք պատահակա՞ն է, որ Բաքվից 25 կիլոմետր հեռու նման խոշոր «արտադրական վթար» է տեղի ունենում, երբ Իլհամ Ալիեւը գտնվում է Փարիզում:

Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի սրման կանխատեսումներ արվել են հատկապես վերջին շրջանում` կապված ընդդիմության դեմ իշխանությունների ձեռնարկած չափազանց կոշտ քայլերի հետ: Միջազգային լրատվահոսքերում նույնպես հայտնվել են տեղեկություններ, որ Ադրբեջանում «ծայրահեղականության ելույթները բացառված չեն»:

Այս համատեքստում չի կարելի բացառել, որ «արտադրական խոշոր պատահարը», որ տեղի է ունեցել Սումգայիթում երեկ, հնարավոր էՙ պատահականություն չէ, եւ իրոք Ադրբեջանում կան ներքին ուժեր, որ շահաջրգռված են իրավիճակի ապակայունացմամբ: Այդ տեսակետից Սումգայիթը թերեւս ամենահարմարն է. չնայած պաշտոնական քարոզչությանը, այդ քաղաքը շարունակում է մնալ ամենապայթյունավտանգը թե՛ սոցիալական լարվածության, թե՛ թմրամոլության աննախադեպ տարածվածության, թե այլ բացասական երեւույթների առումով:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4