«Երաժշտական Հայաստան ծրագիրը» (ԵՀԾ) հրաշալի առիթ հանդիսացավ մասնակիցների համար հիմնական գիտելիքներ ձեռք բերելու հայկական երաժշտության բոլոր ասպեկտների վերաբերյալ, սկսած մաճկալական, աշուղական եւ դյուցազներգական ժանրերից մինչեւ հոգեւոր ու դասական ժանրերը: Այդ գիտելիքները հայոց լեզվի նման անհրաժեշտ են յուրաքանչյուր երաժշտին եւ ծրագրի մասնակիցների ոգեւորությունն ու շահագրգռվածությունը տեսնելով, կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հաջողություն արձանագրեց: Դա մեզ ոգեւորում է եւ մեր փորձառությունը մենք անպայման կփոխանցենք սփյուռքի այլ համայնքներին», նշել է ԵՀԾ-ի գեղարվեստական համակարգող Լեւոն Իսկենյանը , խոստանալով, որ ծրագիրը շարունակական կլինի:
ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակի կատարողական արվեստի բաժնի (տնօրենՙ Հայկ Արսենյան) նախաձեռնությամբ իրագործված ծրագիրը հուլիս-օգոստոս ամիսներին Մ. Նահանգներից, Հունաստանից եւ Սիրիայից Հայաստան ժամանած 9 արվեստագետների (ջութակահարներ, դաշնակահարներ, ֆլեյտիստներ եւ վոկալիստներ) առիթ ընձեռեց համագործակցելու հայրենի ճանաչված արվեստագետների հետ, այցելելու Կոմիտասի անվան պետական երաժշտանոցը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը եւ երկրի տեսարժան վայրերը:
«Ներշնչանքի եւ բացահայտումների երեք սքանչելի շաբաթներ անցկացրի եւ հույս ունեմ, որ դարձյալ կվերադառնամ շարունակելու համար սկսած աշխատանքներս», ասել է վերադարձից առաջ Մ. Նահանգներից ժամանած Ալին Արուստամյանը : Իսկ «Իմ Հայաստան» եզրափակիչ համերգի մասնակից (դաշնակահարուհի Շուշի Նագաշյանի հետ) սիրիահայ ջութակահար Դավիթ Մելքոնյանն ավելացրել է. «Անգնահատելի փորձառություն էր: Շատ օգտվեցի: Շատ ընկերներ ձեռք բերեցի: Ափսոս, որ ժամանակը շատ շուտ անցավ»:
Հ. Ծ.