2012 թ. մայիսի 28-ին Սիսիանի Ազատամարտի պուրակում տեղի ունեցավ Քելբաջարի եւ Լաչինի ազատագրման մարտերում հերոսաբար զոհված հրամանատար Վուրգ Ոսկանյանի արձանի բացումը: Արձանի հեղինակ, անվանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը հերոսին կերտել է հայրենի աշխարհի բազալտիցՙ 3,5 մետր բարձրությամբ, որպես խաչված անառիկ ժայռ, կրծքից գնդակով խոցված, բայց կանգուն...
Հերոսի արձանը եւ, ընդհանրապես, արարողությունը շատ հուզիչ եւ տպավորիչ էին: Մարզպետ Ս. Խաչատրյանը, քաղաքապետ Ա. Հակոբջանյանը, մարտական ընկերներն ու մերձավորները ընդգծեցին Վուրգի հերոսական կերպարը եւ նրա մեծ դերը Արցախի ազատագրման գոյամարտում: Արարողությանը ներկա մեծ բազմությունը հուզված, հպարտ լռությամբ, կարծես թե հոգով վանկարկում էր. «Մենք բոլորս Վուրգ ենք, մենք բոլորս զինվոր ենք»:
Պատմականորեն Սյունիքի ժողովուրդը միշտ հերոս զինվոր է եղել, միշտ հավաքական ֆիդայի է եղել, եւ դրանով էին պայմանավորված Սյունիքի առանձին թագավորությունը, Դավիթ-Բեկի իշխանությունը, 1920 թ. դեկտեմբերի 25-ին հռչակված «ինքնուրույն Սյունիքը» եւ 1921 թ. «Լեռնահայաստանի պետությունը»: Սյունիքը հերոսաբար մասնակցեց նաեւ Արցախի ազատագրմանըՙ զոհաբերելով 565 հերոսների:
Սյունիքի հերոսական նկարագիրն արժանի կերպով գնահատվել եւ արտացոլվել է Րաֆֆու «Դավիթ-Բեկ» պատմավեպում, ինչպես նաեւ Տիգրանյանի համանուն օպերայում եւ Համո Բեկնազարյանի «Դավիթ-Բեկ» կինոնկարում: Մեր ժամանակներում, սակայն, անհասկանալի պատճառով այդ ամենը կարծես թե մոռացվել եւ ստվերում է մնացել: Թող անհատ ֆիդայիներին հաճախ հիշեն եւ մեծարեն, քանի որ նրանք դրան արժանի են, սակայն չպետք է մոռանալ Սյունիքի հերոս ժողովրդին: Հասարակական քաղաքական գործիչ, լուսահոգի Ալեքսան Կիրակոսյանը հեռուստատեսային իր վերջին ելույթներից մեկում նշեց, որ «Սյունիքը Հայաստանի կրծքավանդակն է», եւ հորդորեց իշխանություններին ու հասարակությանըՙ մշտական ուշադրության կենտրոնում պահել նրա հերոսական ժողովրդին, նպաստել նրա հիմնախնդիրների լուծմանը:
Այժմ մի քանի նկատառում Սյունիքի ժամանակակից զարգացումների եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին: Հանրապետության մարզերի հիմնախնդիրները գտնվում են տարածքային կառավարման զարգացման ծրագրերում (Սյունիքինըՙ 2009 թ. 782 ծրագիր): Հայաստանի Հանրապետության մարզերը, մասնավորապես Սյունիքը, ունեն երկրի ընդհանուր հիմնախնդիրների առանձնահատուկ դրսեւորումներՙ իրենց լուծման բարդություններով եւ պահանջներով: Ինչպես ողջ Հայաստանի, այնպես էլ Սյունիքի համար այսօրվա հիմնական գերխնդիրը արտագաղթի կանխումն է, հատկապես սահմանամերձ տարածքներից եւ գյուղերից: Ադրբեջանի հետ Սյունիքն ունի 382 կմ սահման, լեռնային 32 եւ բարձրլեռնային 12 գյուղական համայնքներ: Արտագաղթը ոչ միայն նվազագույնի է հասցնում առանց այն էլ մեր ունեցած սակավ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, քայքայում դարերից եկող հայապահպանման ավանդույթները, այլեւ թուլացնում է մեր պաշտպանվածությունը:
Սյունիքի բնակչությունը միատարր չէ: Կապանում եւ Մեղրիում գերակշռում է քաղաքային բնակչությունը (2008 թ.ՙ 67,7 տոկոս), Գորիսում եւ Սիսիանում գյուղական եւ քաղաքային բնակչությունը բաշխվում է գրեթե հավասարաչափ (50,1 տոկոսի սահմաններում): Կապանը եւ մասամբ Մեղրին գերազանցապես արդյունաբերական զարգացումներ ունեն: Սյունիքի արդյունաբերությունը բնութագրվում է մետաղական օգտակար հանածոների մեծ պաշարներով: Սյունիքում են գտնվում Քաջարանի պղնձամոլիբդենային խոշորագույն հանքավայրը, նույն կազմավորման Ագարակի, Հանքասարի, եւ Դաստակերտի բազմամետաղների տարբեր այլ հանքավայրեր: Ըստ երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր Հ. Ավագյանի գնահատումներիՙ Սյունիքի բոլոր հանքավայրերը շահագործվում են շատ ցածր արդյունավետությամբ, թողարկվում են պղնձի եւ մոլիբդենի խտանյութեր, որոնք իրացվում են արտասահմանում շատ ցածր գներով: Քաջարանի հանքավայրերում պղնձից ու մոլիբդենից բացի կան տասից ավելի օգտակար տարրեր, որոնց մի մասը բոլորովին չի կորզվում եւ կուտակվում է պոչամբարներումՙ թունավորելով շրջակա միջավայրը: Ըստ հավաստի աղբյուրներիՙ հուսադրող է, որ նախատեսվում է առաջիկայում հայկական եւ ռուսական համատեղ ներդրումներով Սյունիքում կառուցել ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաներով արդյունաբերական մեծ համալիր, որը ոչ միայն նշված պոչամբարների արժեքավոր տարրերը կկորզի, այլեւ էապես կառողջացնի Սյունիքի էկոլոգիան: Մասնագետները գտնում են, որ Սյունիքի հանքավայրերի արդյունավետ օգտագործման ուղին ոչ թե խտանյութեր կորզելն ու վաճառելն է, այլ պատրաստի արտադրանք ստանալն ու վաճառելը, քանի որ խտանյութերից ստացված հասույթը կազմում է պատրաստի արտադրանքի վաճառքի հասույթի 25 տոկոսը միայն:
Ինչ վերաբերում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, ինչպես ամբողջ ՀՀ-ում, այնպես էլ Սյունիքում զարգացում չստացավ: Ավելին, քանի որ Սյունիքը հեռու է սպառողական հիմնական շուկաներից, բացակայում է էժան տրանսպորտըՙ երկաթգիծը, մանր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման սահմանափակումները ավելի ընդգծված են դրսեւորվում: Այսպես, 2008 թ. մարզի արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում նրա տեսակարար կշիռը ընդամենը 6,3 տոկոս էր: Մինչեւ այսօր էլ այն մնում է շատ ցածր: Այստեղից էլՙ զանգվածային գործազրկությունը, աղքատությունը եւ արտագաղթը:
Գյուղական համայնքների զգալի մասը գտնվում է սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային գոտիներում, իրացման շուկաներից հեռու: Այդ պատճառով էլ արդյունավետ գյուղատնտեսության մասին խոսք լինել չի կարող: Ավելին, ներկայումս Սյունիքի մարզում վարելահողերի շուրջ 37 տոկոսը չի մշակվում: Այն կազմում է մոտ 20 հազար հեկտար:
Այսօր գիտական միավորումները եւ կառավարությունը գյուղատնտեսությունը, գյուղը կործանումից փրկելու ուղիներն են համարում.
ա) կամավոր հիմունքներով գյուղացիական տնտեսությունների միավորման ճանապարհով գյուղացիական կոոպերատիվների ստեղծումըՙ պահպանելով իրենց մասնավոր սեփականության իրավունքը:
բ) արդյունավետ եւ մշտական պետական աջակցությունը (անվճար կամ արտոնյալ պայմաններում տեխնիկայի ապահովում, առաջնահերթ սուբսիդավորում, մատչելի վարկերի տրամադրում, բարձրորակ սերմերի մատակարարում, աջակցություն կոոպերատորներին արտադրանքի վերամշակման եւ իրացման հարցերում, ինչպես օրինակՙ Շամբ, Ծղուկ համայնքներում, Կապան, Գորիս քաղաքներում): Կարեւոր է նաեւ տեղականՙ համայնքային նախաձեռնությունը եւ դրա խրախուսումը պետության կողմից:
Գյուղերում համապատասխան մանր եւ միջին ձեռնարկատիրության պետական խրախուսումը եւ աջակցությունը պետք է դառնան գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման, աշխատատեղերի ավելացման եւ գյուղացիների կյանքի մակարդակի բարձրացման, աղքատության հաղթահարման եւ արտագաղթի կանխման գլխավոր քաղաքականությունը: Այսօր միայն պետությունը կարող է փրկել գյուղը:
Գյուղական համայնքներում աղքատությունը հաղթահարելու եւ արտագաղթը կանխելու կարեւոր ուղիներից են ճանապարհների կառուցումը եւ խմելու ջրի ապահովումը, ինչպես նաեւ դպրոցների, մանկապարտեզների, գրադարանների եւ մշակույթի վերականգնումը ու նոր օջախների ստեղծումը: Պետք է ամեն ինչ անել, որ Սյունիքի դպրոցը հզորանա ու դառնա դպրոցականների բուհական կրթություն ստանալու հիմնական երաշխիքը: Ուստի մարզի ղեկավարությունը պետք է ամեն կերպ լուծի Սյունիքի ուժեղ դպրոցի կայացման խնդիրը:
Սյունիքի առաջիկա զարգացման, աղքատության հաղթահարման եւ արտագաղթի կանխման կարեւոր ռեսուրս է զբոսաշրջության զարգացումը: Սյունիքի գեղատեսիլ եւ առողջարար բնությունը, պատմամշակութային արժեքները, Սիսիանի 5000-ամյա աստղադիտարանը, Տաթեւի հիասքանչ համալիրը, Շաքիի շքեղ ջրվեժը, հին Խնձորեսկը եւ Գորիսըՙ մարդկային իրենց նուրբ ու համով ավանդույթներով, սյունեցու լուռ, բայց առատ հյուրասիրությունը, Սիսիանի կաթնամթերքը, Քարահունջի անմահական թթի օղին, Մեղրու նուռն ու թուզը զբոսաշրջության զարգացման հնարավորություններ են: Սակայն դրան խանգարում են կենցաղային քաղաքակիրթ կառույցների եւ բարեկարգ ճանապարհների բացակայությունը: Դրանք լրացնելու համար մեծ գումարներ են պետք, որ մարզը, դժբախտաբար չունի: Այստեղ օգնության պետական ռեսուրսն է միայն ռեալ:
Աղքատությանը եւ արտագաղթին մեծ չափերով նպաստում է գործազրկությունը, որը մեծ է Հայաստանում: Ըստ սոցիոլոգիական վերջին (2012 թ.) ուսումնասիրությունների, երիտասարդության շուրջ 22 տոկոսը գործազուրկ է: Սյունիքում գործազրկությունը երկու անգամ բարձր է հանրապետության միջին մակարդակից, եւ փոքր է ապրանքաշրջանառության ու ծառայությունների սպառումը: Մեկ շնչին ընկնող ապրանքաշրջանառությունը մոտ հինգ անգամ ցածր է միջին հանրապետական մակարդակից: Այդ ամենը աղքատություն եւ արտագաղթ ծնող գործոններ են:
Արտագաղթը, բացի սոցիալ-տնտեսական գործոններից, հետեւանք է նաեւ բարոյահոգեբանական, կոռուպցիայի, սոցիալական անարդարությունների գործոնների: Երեւանից ամենահեռավոր մարզում ապրելն ու աշխատելը առանց այն էլ կապված են լուրջ դժվարությունների հետ: Սյունեցին երբեք չպետք է իրեն երկրորդ կարգի հայ զգա: Այդ նպատակով Սյունիքը, նշանավոր սյունեցիները նույնպես, ուշադրության կենտրոնում պետք է լինեն կառավարության որոշումներում եւ մասնավորապես, լրատվական ու հեռուստատեսային հաղորդումներում: Օրինակ, այս տարի կյանքից հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանրաքանդակի անզուգական վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանը: Շուրջ երեք օր այդ մասին հեռուստատեսությամբ հաղորդումներ էին արվում, բայց ոչ մի անգամ չնշվեց նրա սյունեցի լինելը, չասվեց, որ նրա ծնողները թաղված են Սիսիանի Սուրբ Հովհաննեսի տաճարում: Կամ մի քանի ամիս առաջ հեռուստատեսությամբ «Երեւանի նշանավոր քանդակները» թեմայով հաղորդում տրվեց: Հաղորդման մեծ մասը նվիրված էր երեւանցի Թոքմաջյանի քանդակների ցուցադրմանը (Կարաբալայից մինչեւ Մ. Սարյան): Դա լավ է, սակայն վատ է, որ ոչ մի ցուցադրում, ոչ մի խոսք չեղավ սյունեցի Ա. Հովսեփյանի կերտած Ա. Թամանյանի եւ Ա. Տիգրանյանի հրաշագործ արձանների մասին: Այդ տաղանդավոր քանդակագործը, ՀՀ ժողովրդական նկարիչը այսօր գտնվում է աններելի անուշադրության մեջ: Շատ հազվադեպ են Ա. Սաթյանի հմայիչ երաժշտությունը ընդգրկող հաղորդումները:
2011 թ. դեկտեմբերի 2-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով, նվիրված մեծ հայագետ ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի ծննդյան 140-ամյակին: Մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆ. Է. Մինասյանը, պրոֆեսորներ Հ. Հովհաննիսյանը, Հ. Մարգարյանը, ադոնցագետ, դոցենտ Պ. Հովհաննիսյանը եւ տողերիս հեղինակը: Նշվեց, որ Ն. Ադոնցը հայոց պատմությունը հազար տարով մեծացրեց, հետ տարավ, որ նա այնպիսի դեր խաղաց պատմագիտության եւ հայագիտության մեջ, ինչպես Կոմիտասըՙ երաժշտության, Աճարյանըՙ լեզվաբանության, Թումանյանըՙ գրականության եւ Թամանյանըՙ ճարտարապետության մեջ: Ն. Ադոնցի կայացման գործում նշանակալի դեր են խաղացել երեք ստորագրություններ. առաջինը Ա. Մանթաշյանցինն էր, որով երկար տարիներ Եվրոպայում ուսումնառության թոշակ ստացավ, երկրորդը 1917 թ. ռուսաց կայսր Նիկոլայ 2-ի ստորագրությունն էր, որով հաստատվեց որպես Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, եւ երրորդը 1918 թ. Վ. Ի. Լենինի ստորագրությունն էր, որով շարունակեց մնալ պրոֆեսորի պաշտոնում: Արդյոք շա՞տ ունենք նման կենսագրությամբ մեծեր: Եվ այդ մեծ հայագետի 140-ամյակը նշվեց միայն Սիսիանում: Ավելին, ինչպես հասկանալ, որ Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մեծ արժեք ունեցող մենագրության լույս ընծայման 100-ամյակը 2008 թ. Սանկտ Պետերբուրգի գիտական հանրությունը մեծ հանդիսավորությամբ նշեց, իսկ Հայաստանումՙ քար լռություն էր:
Շատ անելիքներ կան Սյունիքի առաջիկա զարգացումներում: Մարզի բոլոր տարածքներում ղեկավարումը տեսանելի եւ արդյունավետ դարձնելու համար գուցե արժե քննարկել մարզպետարանը Կապանից Գորիս տեղափոխելու հարցը: Պատահական չէր, որ ցարը ժամանակին հենց Գորիսն էր ընտրել որպես կենտրոն: Արժե մտածել «Սյունիք» հայրենակցական միության գործունեության արդյունավետության բարձրացման, Սյունիքում տուրիզմը զարգացնելու նպատակով Սպանդարյան մեծ ջրամբարի ափին, Ծղուկի տարածքում հանգստի գոտու ստեղծման մասին: Ժամանակին ջրամբարի տեղը զբաղեցնող Բազարչայ եւ Բորիսովկա գյուղերը Երեւանի, Գորիսի եւ Հայաստանի այլ քաղաքների բնակիչների համար հրաշալի ամառանոց էին:
1990-ական թվականներին, իր կյանքի վերջին տարիներին, հայ ժողովրդի, Հայաստանի եւ Սյունիքի հոգսերը շատ էին մտահոգում մեծ բանաստեղծ, Սյունիքի արժանավոր զավակ Համո Սահյանին: Նա հավատում էր հայ ժողովրդի դժվարությունները հաղթահարելու եւ ապրելու անտեսանելի կենսական մեծ ուժին: Հաճախ կրկնում էր. «Չպետք է հույսը կորցնել, հայը այդպիսի՞ վիճակներից է դուրս եկել»:
Հուսանք եւ հավատանք, որ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում եւ Սյունիքը, առաջիկայում կհաղթահարի ստեղծված մեծ դժվարությունները եւ ուղիներ ու միջոցներ կգտնի վերացնելու աղքատությունը, կանխելու արտագաղթը եւ ապահովելու մեր ժողովրդի վերածնունդը:
Գ. Ա. ՂԱՐԻԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, Պատվավոր սյունեցի