«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՊԿ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻՑ Է»

Երեկ Հայաստանի Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը:

Նիստին մասնակցում էին Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, հայկական կողմի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, նիստը նախագահում էր ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ` նիստի մասնակիցներին ուղղված խոսքի մի քանի շեշտադրումներ փոխանցենք. «Անվտանգության համաշխարհային ճարտարապետության մեջ ՀԱՊԿ-ը կարեւոր գործոն է տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով խաղաղության ու կայունության պահպանման գործում: Հայաստանը, իբրեւ հուսալի գործընկերներից ու դաշնակիցներից մեկը ՀԱՊԿ-ում, ցուցաբերում է ամենաակտիվ մասնակցությունը նրա գործունեությանը:

Այժմ, երբ տարածաշրջանում ստեղծվել է խիստ բարդ իրավիճակ, որը հղի է ռազմական հակամարտությամբ, ՀԱՊԿ-ի դերը էլ ավելի է աճում: Հասկանալի է, որ ստեղծված պայմաններում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության համար առաջնահերթ խնդիր է կոլեկտիվ ուժերի համակարգի կատարելագործումը, որը կփորձարկվի այժմ Հայաստանում անցկացվող արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ժամանակ», ասաց ԱԺ նախագահը` համոզմունք հայտնելով, որ Համակարգող խորհրդակցության հիմնադրումը` որպես լրացուցիչ խորհրդարանական մեխանիզմ, դրականորեն կազդի ՀԱՊԿ գործունեության վրա:

Օրակարգի հաստատումից հետո «ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության` համընդհանուր եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան : Նա անդրադարձավ աշխարհում եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմանակից տարածքներում ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին, անդամ երկրների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանն ինչպես կոլեկտիվ, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորեց անցած 20 տարիներին կազմակերպության ամրապնդման, պաշտպանական, ռազմատեխնիկական ենթակառուցվածքների ստեղծման, նորմատիվ-իրավական հիմքի կատարելագործման ուղղությամբ կատարած աշխատանքները, անդրադարձավ կազմակերպության անելիքներին: Մասնավորապես նա անհրաժեշտ համարեց անդամ երկրների ռազմական ուժերի փոխգործակցության արդյունավետության բարձրացումն ու լրացուցիչ հատուկ ուժերի ներգրավումը, բանակային ուժերի արագ ձեւավորումը, խաղաղապահ ուժերի, տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործումն ու կադրերի վերապատրաստումը:

ՀԱՊԿ-ի քարտուղարության տեղեկատվական ծրագրի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վինիդիկտովը ներկայացրեց Կազմակերպության շրջանակներում միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացին` տեղեկացնելով, որ Հայաստանը այս ոլորտում եւս ակտիվ է ու առաջանցիկ: Նա կոչ արեց ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդարանականներին ակտիվ աշխատանք ծավալել համապատասխան միջազգային պայմանագրերը վավերացնելու ուղղությամբ:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի` զինված ուժերի համակարգման, պլանավորման, կիրառման ու վերապատրաստման կառույցի ղեկավար Անատոլի Յակովլեւը անդրադարձավ Հայաստանի տարածքում անցկացվող ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժությունների առանձնահատկություններին, նպատակներին ու խնդիրներին:

Կորյուն Նահապետյանն իր խոսքում անդրադարձավ անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու առկա խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությանը: Ըստ Կորյուն Նահապետյանի` ստեղծված իրավիճակը ստիպում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներին մշտապես պատրաստ լինել` համատեղ ուժերով պաշտպանելու անդամ երկրների անվտանգությունը: Այդ համատեքստում ԱԺ պատգամավորը կարեւորեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Համագործակցություն-2012» համատեղ զորավարժություններն ու Համակարգող խորհրդակցության արտագնա նիստը: Նրա գնահատմամբ` Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, իր ռազմական ու ռազմավարական խնդիրները լուծում է այդ կազմակերպության շրջանակներում, քանզի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից է: Անվտանգության համակարգի ապահովման գործում իր արդյունավետ վերահսկողական գործառույթով կարեւոր դեր է խաղում նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Ընդունելով համապատասխան օրենքներ` ԱԺ-ն ապահովում է վերոնշյալ ոլորտների բնականոն գործունեությունը:

Նշվեց, որ Հայաստանը վավերացրել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված 43 միջազգային պայմանագրերից 42-ը: Հատկանշական է նաեւ, որ վերջերս Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում էր «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը (սա այն արձանագրությունն է, ըստ որի ՀԱՊԿ անդամ պետությունները ընդունում են որոշումներ իրենց տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին` պայմանագրի անդամ այլ պետությունների հետ անհետաձգելի խորհրդակցություններ անցկացնելուց հետո եւ նրանց պաշտոնական առարկությունների բացակայության դեպքում: Եվ սա ընդդիմությունից Նիկոլ Փաշինյանն ու Ալիկ Արզումանյանը Հայաստանի ինքնիշխանությանը հակասող էին համարում-Մ.Խ.):

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստն ավարտեց աշխատանքը:

Ըստ Ազգային ժողովի լրատվական թողարկման


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4