«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ԱՊՀ ՄՅՈՒՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

Կենցաղային աղբի վերամշակման խնդիրը անհանգստացնող է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում: Մտահոգիչ է իրավիճակը ոչ միայն մեր մայրաքաղաքում, այլեւ Մոսկվայում, Աստանայում, Կիեւում, Քիշնեւում: Հենց այս երկրների ներկայացուցիչները երեկ «Ռիա Նովոստի»-ում տեղի ունեցած տեսակամրջին ներկայացրին էկոլոգիական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Հինգ երկրների բնապահպաններն էլ փաստում ենՙ եթե այսօր չձեռնարկվեն միջոցառումներ, ապա որոշ ժամանակ անց պետությունների ներսում կլինեն փոքր աղբային պետություններ: Քիշնեւում անհանգստացած են. երկրում աղբավայրերի թիվը հազարից ավելի է:

«Եթե Ռուսաստանն այդքան մեծ չլիներ տարածքով, ապա դժվար է կանխատեսել, թե կենցաղային աղբի ճիրաններից ինչպես էր փրկվելու», ասում է Ռուսաստանի «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության ղեկավար Ալեքսեյ Կիսելյովը: Նա առաջարկում է տարբերակել աղբըՙ խոնավ եւ չոր, որպեսզի հնարավոր լինի մշակել: Ռուսաստանում արդեն գլոբալ դարձած մեկ այլ խնդիր էլ տեսակավորման հետ է կապվածՙ պոլիէթիլեն, թուղթ կամ պլաստիկե շշեր: Դրանք առայժմ չեն տեսակավորվում, ինչը լուրջ խնդիրներ է հարուցում:

Կենցաղային աղբի խնդիրներով է մտահոգված նաեւ Ուկրաինայի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմենեցը: Նրա գնահատմամբՙ միայն պետական միջամտությամբ է հնարավոր իրավիճակը շտկել: Սակայն պետության տրամադրած միջոցները չեն բավարարում, եւ սայլը տեղից չի շարժվում: Սեմենեցը ուշադրության է հրավիրում մեկ այլ խնդրի. քաղաքն աղբով չի լցվի, եթե հասարակությունը քաղաքակիրթ մոտեցում դրսեւորի եւ գործեն համապատասխան ենթակառուցվածքները:

Գրեթե նույն իրավիճակն է նաեւ տեսակամրջին մասնակցող այլ երկրներում, կենցաղային աղբի կույտեր, որոնք հետեւից թողնում են բազմաթիվ անլուծելի խնդիրների շարք:

Հայաստանում էկոլոգիական խնդիրները գրեթե նույնն են: Միակ տարբերությունն այն է, որ ի տարբերություն ԱՊՀ գործընկերներիՙ մեր բնապահպանների մտահոգության կենտրոնում նախ հանքարդյունաբերությունն է: Ոմանց անգրագետ եւ փնթի աշխատանքի հետեւանքով թափոնները ուղղակի պոչամբարների են վերածում երկիրը: Ինչ վերաբերում է կենցաղային աղբին, ապա Երեւանն անմասն չի մնացել նաեւ այդ խնդրից: «Ինչպես եվրոպական խոշոր քաղաքներում, այնպես էլ Երեւանում հյուրին դիմավորում եւ ճանապարհում են աղբավայրերով», ասաց բնապահպան Կարինե Դանիելյանըՙ շեշտելով, որ թեպետ Հայաստանում ընթանում է աղբի մշակման որոշակի գործընթաց, սակայն համակարգված չէ: «Կան ընկերություններ, որոնք հավաքում են մակուլատուրա եւ մշակում, կան ընկերություններ, որ պլաստիկե շշերն են հավաքում: Իհարկե, գործընթացն ընդլայնվում է, սակայն արդյունքի հասնելու համար պետք է կրի համակարգային բնույթ»:

Բնապահպանը խորհուրդ է տալիս հատկապես ուշադրություն դարձնել աղբի ծավալների կրճատմանը, մինչդեռ բիզնեսի զարգացումը հակառակ երեւույթին է հանգեցնում: ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի կենսաքիմիայի բաժնի վարիչ Լիլիթ Սահակյանը շեշտեց, որ հարցի լուծման համար պետք է լինի երկու բաղադրիչՙ օրենքի առկայություն եւ հասարակության մոտեցում: «Լավ օրենքը դեռ չի նշանակում, որ պետք է ունենանք լավ էկոլոգիա, հետեւաբար այս հարցում շատ կարեւոր է նաեւ հասարակության վերաբերմունքը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4