«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


«ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ԱՇՏԱՐԱԿԻ»

Արմեն Անտոնյանՙ Աշտարակի համայնքի ղեկավարի թեկնածու

- Պարոն Անտոնյան, Դուք Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել եք որպես Աշտարակի համայնքի ղեկավարի թեկնածու: Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ թեկնածուների մեջ կա ՀՀԿ անդամ, իսկ կուսակցությունը որոշեց առաջադրել հենց Ձեր թեկնածությունը:

- Ի դեպ, ասեմ, որ ես անկուսակցական եմ: ՀՀԿ-ն որոշեց ոչ միայն առաջադրել, այլեւ պաշտպանել իմ թեկնածությունը զուտ այն պատճառով, որ աշտարակյան իրականության մեջ համայնքի ղեկավար ընտրելուց հաշվի չառնվեն կուսակցական պատկանելությունը: Լինելով անկուսակցական, սակայն ունենալով իշխող կուսակցության աջակցությունը, ունենում եմ ավելի մեծ շանսեր միավորելու դիմադիր եւ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցություններին, ի բարօրություն մեր ծննդավայրի: Ասեմ ավելին, որ իմ թեկնածությունն արդեն պաշտպանում է կուսակցությունների ու հասարակական քաղաքական կազմակերպությունների գերակշիռ մասը:

- Երեւի թե ձեր կարգախոսն էլ բխում է հենց այդ ցանկությունից:

- Այո, «Միավորվենք հանուն նոր Աշտարակի»: Այս կարգախոսն արագ տարածվեց Աշտարակում եւ, ինչու ոչ, նաեւ պայքարի ելած մյուս թեկնածուների նորացված ցուցապաստառներում: Միավորվենք հանուն նորի, միավորվենքՙ պահպանելով լավագույն հինը:

Այսօր Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կուտակվել են բազմաթիվ եւ բազմաբնույթ խնդիրներ ու պրոբլեմներ:

Քաղաքը խիստ անբարեկարգ վիճակում է: Մի քանի կենտրոնական փողոցներից բացի մնացած փողոցները, մայթերը, կիսաքանդ վիճակում են: Չկա հանգստի, ժամանցի եւ ոչ մի վայր: Քաղաքային զբոսայգիները, պուրակները իսպառ վերացել են:

Այսօր Աշտարակը կորցրել է իր երբեմնի տեսքը: Որտեղ ասես, ինչպես ասես ու ինչով ասես կառուցված են դուքանների նմանվող խանութներ ու կրպակներ, տաղավարներ ու սեղանիկներ: Ինչո՞ւ այդպես, եթե կարելի է կառուցել գեղեցիկը, ճաշակովը, լավը: Մեր համաքաղաքացիները կառուցող ու աշխատող են: Չեմ կարծում, որ եթե նրանց ճիշտ ուղղորդող լինի, նրանք կհակառակվեն:

Երբեմնի մաքուր Մայր առուն, քաղաքը սնող առուներն ու առվակները դարձել են բաց կոյուղի եւ աղբատար: Ինչեւէ, արդեն ամեն ինչ անցյալում է: 90-ականներից հետո քաղաքային իշխանությունները արել են այն, ինչ կարողացել են: Սակայն խնդիրներն ու պրոբլեմները չեն պակասել, հակառակը` ավելացել են: Ես չեմ էլ պատրաստվում, ինչպես մրցակիցներս են հայտարարում, քանդելու արդեն եղածը: Ես քանդող չեմ, ստեղծող եմ, չեմ գալիս, ի տարբերություն ոմանց, տիրանալու, գալիս եմ տեր լինելու մեր քաղաքին, գալիս եմ աշխատելու, ե՛ւ տեր, ե՛ւ ծառա լինելու:

- Ձեր նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում եք, որ ոչինչ ոչ մեկին չեք խոստանում: Դա Ձեր մարտավարությո՞ւնն է:

- Այստեղ մարտավարության խնդիր չկա: Իսկապես ես ոչ մեկին ոչինչ չեմ խոստացել: Քաղաքապետը պետք է լինի ազատ եւ անկաշկանդ, որպեսզի կարողանա պաշտպանել ամբողջ քաղաքի շահը, այլ ոչ թե այս կամ այն անհատի կամ խմբերի: Թիմակիցներս երբեմն մեղադրում են, որ քվեներ շահելու համար խոստումներ չեմ տալիս, բայց իմ խոսքի արժեքը ես գիտեմ, ու ուզում եմ, որ իմանան նաեւ իմ համաքաղաքացիները: Ես սին խոստումներ չեմ տալիս: Ես խոստանում եմ միայն մի բան, աշխատել: Գիտեք, խնդիրն ինչն է, ունեմ երկու զավակ ու մեկ թոռ, եւ ուզում եմ 4 տարի հետո էլ պարզ ճակատով բոլորի հետ զբոսնել արդեն իմ կողմից վերակառուցված զբոսայգում, քայլել կանաչապատ ու լուսավորված փողոցներով: Չեմ ուզում իմ քաղաքում շրջելՙ թաքնվելով մեքենայի մուգ ապակիների հետեւում: Երբեմն ընտրողները տեղական ընտրությունները շփոթում են համապետական ընտրությունների հետ եւ փորձում են արագ, շտապ ինչ որ հարցի լուծում ստանալ: Ես չեմ պատրաստվում ընտրվելուց հետո էլ, պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո էլ Աշտարակից փախչել կամ գլխիկոր ման գալ:

- Ասում են, դուք արդեն ունեք կոնկրետ թեկնածուներ, որոնք աշխատելու են այս կամ այն պաշտոններում: Ասում են նաեւ, որ ամեն ինչ հետո շատ դաժան ու ցավոտ է լինելու...

- Մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ ոչ մեկին ոչ մի խոստում չեմ տվել:

Այո, դաժան եւ ցավոտ է լինելու ծույլերի, աշխատելու ցանկություն չունեցողների համար:

Պարզեցնեմ, ասում ենՙ թեկնածուներից մեկը ոչ միայն արդեն բաժանել է պաշտոնները, այլեւՙ տնամերձի տեսքով, քաղաքային զբոսայգին, փաստորեն կախարդական փայտիկն արդեն գտել է ու դա արագ ուզում է օգտագործել Աշտարակում: Զավեշտալի է: Ասում են այն, ինչն իրենց «տեսլականն» է: Անում են այն, ինչն իրենք արել են անցյալում ու դեռ պիտի փորձեն անել: Չեմ կարծում, որ իմ համաքաղաքացիները հանդուրժեն, որ օրինակ, համաքաղաքային զբոսայգին դառնա Էլիտար թաղամաս:

Պարոնայք Ռ. Տերտերյան եւ Ռ. Մկրտչյան, այս անգամ չի ստացվի:

- Կարծես թե առաջին անգամ է, որ տեղական ընտրությունների քարոզչական նյութերը մրցակցում են իրար հետ:

- Չեն մրցակցում, կրկնօրինակվում են:

Նման ծիծաղելի մրցավազքի, անկեղծ ասած, չէի սպասում: Սրանով ամեն ինչ ասված է:

Եթե ես ամեն խոսքս ու քայլս ծանր ու թեթեւ եմ անում, ապա նրանց կողմից աջ ու ձախ խոստումներ են շպրտվում: Սթափվեք պարոնայք, նույն թեկնածուները տեղական ինքնակառավարման մարմնի մաս են եղել: Ռազմիկ Տերտերյանըՙ անփոխարինելի երկարաժամկետ ավագանու անդամ, իսկ մյուսը` ձախ ափի քաղաքաշինական, գյուղատնտեսական ու կոմունալ հարցերը համակարգող փոխքաղաքապետ:

Նրանք քաղաքից միայն ստացել են, իրենց դիրքերն օգտագործել միայն անձնական շահի, իրենց բարեկամ ծանոթներին այս կամ այն պաշտոններում տեղավորելու համար:

Դրա համար էլ մեր քաղաքի վիճակն այսպիսին է:

- Ձեր վրդովմունքն ակնառու է Աշտարակի այս վիճակի համար: Բոլոր դեպքերում դուք պատրաստվում եք ինչ-որ բան փոխել ու նորացնել:

- Ամեն ինչ կարելի է հասնել ցանկության, նվիրվածության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում: Ես կփորձեմ հասնել ոչ միայն տեսանելի, այլեւ մարդկային մտածելակերպի փոփոխության, որ մեր տունն ամբողջ քաղաքն է, որ պետք է բոլորս ե՛ւ տեր, ե՛ւ ծառա լինենք մեր քաղաքին:

- Ինչ կմաղթեք ձեր ընտրողներին:

- Բավական է աշտարակցիներին բաժանել խմբերի եւ խմբավորումների` պարսկահայեր, սիրիահայեր, ախալքալաքցիներ, փոքրավանցիներ (Խաչոյի գյուղացիներ)... եւ հիշել նրանց ու խաղաքարտ դարձնել ընտրությունից ընտրություն: Մեր քաղաքում յուրաքանչյուր ապրող աշտարակցի է եւ պետք է իր ներդրումն ունենա նոր Աշտարակի կայացման գործում:

Խոսքս ուղղում եմ ոչ միայն իմ ընտրողներին, այլեւ իմ բոլոր համաքաղաքացիներին: Հիշե՛ք, որ սեպտեմբերի 24-ը լինելու է սովորական օրերից մեկը, եւ պետք չէ տրվելով նախընտրական ակտիվությանըՙ լարվածություն ու թշնամություն մտցնել միմյանց նկատմամբ:

Մենք միշտ դժգոհում ենք մեր ընտրության արդյունքներից: Դժգոհում ենք, քանի որ ընտրում ենք բարեկամական, ընկերական եւ խնամիական կապերով, առանց հաշվի առնելու թեկնածուի ունակությունը, հնարավորությունը եւ աշխատելու ձգտումն ու կարողությունը:

Իմ համաքաղաքացիներին խնդրում եմ այս անգամ չսխալվել: Քվեարկելուց առաջ մի պահ կանգ առեք ու մենակ մնալով քվեարկեք ձեր խղճի մտոք: Լսեք ձեր սրտի ձայնը:

Ես հավատում եմ իմ համաքաղաքացիների խոհեմությանը:

Եկեք միավորվենք հանուն նոր Աշտարակի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4