ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հայկական քաղաքական կուսակցությունները մեր հասարակության ամենաշատ քննադատված կազմակերպություններն են, չնայած մեր նորագույն պատմության մեջ նրանք են ամենաշատը տուժել: Գլխավոր պատճառը գուցե այն է, որ լինելով անհատապաշտներՙ հայերը չեն ցանկանում հանուն ընդհանուր շահերի հարմարվել գաղափարական զսպաշապիկների կամ կազմակերպված, կարգապահական կառույցների մեջ: Մեր ձախողումների կամ դժբախտությունների համար մեզ շրջապատող աշխարհին մեղադրելովՙ մենք հազվադեպ ենք պատկերացնում մեր սեփական պատասխանատվությունները:
Հայկական քաղաքական կուսակցությունները հիմնվեցին օսմանյան ժամանակաշրջանում մեր ժողովրդին բռնատիրական իշխանությունից ազատագրելու հայրենասիրական նպատակով: Յուրաքանչյուր կուսակցություն ուներ իր գաղափարախոսությունը եւ «ճանապարհային քարտեզը»ՙ իրականացնելու համար իր նպատակները:
Ռամկավար ազատական կազմակերպությանը (ՌԱԿ) նախորդած Արմենական կուսակցությունը կողմնակից էր ինքնապաշտպանական գաղտնի նախապատրաստական աշխատանքներ առաջ տանելուն, եւ այդ ռազմավարությունն արդարացրեց իրեն լիովին երկու անգամՙ Վանի 1896 եւ 1915 թվերի կռիվների ժամանակ:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ուներ ավելի լայն, միջազգային տեսլական, եւ նրա հավատամքը հիմնված էր սոցիալիզմի վրա: Մինչդեռ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) ավելի ազգայնական ուղղվածություն ուներ եւ ավելի լավ էր կազմակերպված, քան մյուս կուսակցությունները:
Որեւէ քաղաքական կուսակցություն կարող է իր գաղափարախոսությունը առաջ տանել կառավարական կառույցների միջոցով: Այդ պատճառով էլ ցեղասպանությունից հետո հայկական սփյուռքի ձեւավորման պայմաններում կուսակցությունները որպես գաղափարական կառույցներ դարձան անտեղի իրենց հյուրընկալ երկրներում, եւ բոլորն էլ իրենց ուշադրությունը բեւեռեցին վերապրելու եւ տեղահանված բնակչությանը վերակազմակերպելու հարցերին:
Այս ազնիվ պարտականությունն, անշուշտ, ոչ մի ձեւով չի հեղինակազրկում այդ կազմակերպություններին, որոնց ղեկավարները, գիտակցելով օրվա առաջնահերթությունները, գործեցին անձնուրաց կերպովՙ հետին պլան մղելով գաղափարական գործունեությունը:
Երբ Հայաստանը հռչակեց անկախություն, նոր դարաշրջան բացվեց քաղաքական այդ կուսակցությունների առջեւ վերակազմակերպվելու եւ յոթանասուն տարվա բռնատիրական ռեժիմի պայմաններում քնած ժողովրդավարական գործընթացները հայրենիքում իրականացնելու համար:
Բայց հայրենաբնակները կասկածանքով վերաբերվեցին կուսակցություններին, որոշ ղեկավար առաջնորդներ նույնիսկ հետապնդումների ենթարկվեցին հայրենիքի ներքին գործերին խառնվելու պատճառաբանությամբ: Այդ ժամանակ դեռ քաղաքական ինստիտուտներ չունեցող Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ վտարեց նրանց որպես «ժամանակավրեպ» գործիչների եւ սկսեց զանազան մեքենայություններ գործի դնելով քայքայել կուսակցությունները ներսից, փակեց նրանց գրասենյակները, բանտարկեց առաջնորդներին եւ առգրավեց նրանց մամուլի ու լրատվության միջոցները:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ սփյուռքի պայմաններում 70 տարվա ուժերի թուլացումից հետո կուսակցությունները կարիք ունեին վերակազմավորելու իրենց կեցվածքը, դիրքորոշումը եւ համապատասխանեցնելու, հարմարեցնելու իրենց գաղափարախոսություններն ու գործողությունները նորաստեղծ քաղաքական պայմաններին: Բայց նրանք արժանի չէին քայքայման: Նույնիսկ այսօր քաղաքական համակարգի արեւմտյան հասկացությունները դեռեւս արմատացած չեն Հայաստանում, որտեղ կուսակցությունների մեծամասնությունը գտնվում է որոշ ազդեցիկ օլիգարխների քաղաքական տիրույթի ներքո:
Չկանխատեսված հակադարձությանը ՀՅԴ-ն պատասխանեց համախմբվելով իր կառույցի շուրջը եւ շնորհիվ իր կարգապահական սկզբունքների կարողացավ շարունակել իր դերը կատարել նորաստեղծ համակարգի շրջանակներում: Հնչակյան կուսակցությունը կիսով չափ վերագտավ իրեն եւ դեռ ղեկավարվում է մեկից ավելի առաջնորդների կողմից:
ՌԱԿ-ը իր սեփական ազատականության զոհը դարձավ: «Ռամկավարական ազատականության» քողի ներքո որոշ պատեհապաշտներ ներս թափանցեցինՙ իրականացնելու համար իրենց անձնական նպատակները: Եղավ ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանի ավելի քան քսան անդամներ հարեցին Ռամկավար կուսակցությանը, որն իր հերթին ուրիշների եւ հատկապես ՀՀՇ-ի նախանձը առաջացրեց: Արդյունքում կազմալուծվեց կուսակցության ընդհանուր կառույցը, եւ 1995-ից տարբեր շրջանակներ սկսեցին գործել ապակենտրոնացված ձեւով:
Այս կացությունը հնարավորություն ընձեռեց որոշ մարգինալ խմբավորումների ստանձնելու «կենտրոնական վարչության» ղեկավարության դերը եւ այնուհետեւ ստորաքարշությամբ փոխանցելու այն հանուն «համագործակցության» կուսակցության ավանդական հակառակորդներին:
ՌԱԿ-ը խիստ կարեւոր խնդիրների շուրջը միշտ էլ օգնության ձեռք է մեկնել ուրիշ կուսակցություններին, հավասարը հավասարի սկզբունքով, բայց երբեք իր ղեկավարների համար անձնական շահեր չի հետապնդել:
Բացի դրանիցՙ հակառակորդի ճամբարում ոչ մի նոր մարտավարություն կամ քաղաքականություն չի իրականացվում, որն ապացուցի ամբողջական հրաժարում նախկին մտադրություններից: Կուսակցությանը ավելի թուլացնելու նպատակով «օդահենները» սկսեցին հնարովի մեղադրանքների հիման վրա կուսակցության պատմությունն ու փառքը կերտած ղեկավարներին «վտարելու» գործընթաց իրականացնել: Սակայն այդ «վտարված» ղեկավարներն ապացուցեցին, որ շատ ավելի ճկուն են եւ տերը այն լիազորությունների, որ իրենց պարգեւել էին ընտրողները:
Քայքայիչ այս վերաբերմունքի արմատները կարծես գտնվում են ավանդական օրինական ղեկավարների հանդեպ անողոք «վենդետտա» իրականացնելու եւ կազմակերպության ակտիվներին տիրանալու ու դրանք վատնելու կուսակցությունից որոշ նեղսրտած անդամների ձգտումի մեջ:
Եթե անգամ այդ «ներխուժողներին» չհաջողվեց տապալել օրինական ղեկավարությանը, նրանց այդուհանդերձ հաջողվեց օտարացնել մի մեծ թիվ հավատարիմ, նվիրված ու աշխատասեր անդամների, որոնք, չցանկանալով ցեխի մեջ գլորվել, նպատակահարմար դատեցին ծառայել հայկական համայնքների այլ կազմակերպություններին: Նրանց մեկնումով ստեղծված դատարկությունը առիթ տվեց այդ ինքնանշանակ տարրերին քաոսային վիճակ ստեղծելու կազմակերպության ներսում եւ ծաղրի ենթարկելու նրա ավանդական դրույթները:
Եվ մինչ սփյուռքի առողջ շրջաններում կուսակցության օրինական ղեկավարները շարունակում են իրենց գործունեությունը, Հայաստանում մի նոր պայծառ էջ է բացվում կուսակցության պատմության մեջ:
Բանն այն է, որ կուսակցության «ինքնանշանակ առաջնորդներից» մեկը մի մե՜ծ ծառայություն էր մատուցելՙ վաճառելով (եւ փողերը գրպանելով) Երեւանի Կորյունի փողոցում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակը, ինչպես նաեւ չորս այլ գրասենյակներ, որոնք ձեռք էին բերվել Մ. Նահանգների արեւելյան շրջանի ՌԱԿ բարերարների կողմից:
Ներկայումս, այս տողերը գրելու պահին, այդ «ինքնանշանակ առաջնորդը» փախուստի մեջ է եւ փորձում է խույս տալ արդարադատությունից:
Այս հանգամանքներում Հայաստանի ՌԱԿ-ը (ՀՌԱԿ) եւ Արմենական ՌԱԿ-ը միավորվել են եւ վերակազմավորվել մեկՙ Ռամկավար ազատական կուսակցության անվան ներքո եւ արդեն իսկ գրանցվել որպես քաղաքական կուսակցություն, որի արմատները գնում են մինչեւ Վանի Արմենական կուսակցությունը (1885 թ.) եւ նրա հաջորդըՙ Ռամկավար ազատական կուսակցությունը (1921 թ.):
Կուսակցությունը մասնակցում է տեղական ընտրություններին եւ արդեն իսկ ունի իր քաղաքական պլատֆորմը Հայաստանի ժողովրդավարական գործընթացում իր ապագա դերի վերաբերյալ: Սա հնարավորություն է տալիս ՌԱԿ-ի առողջ շրջանների խմբավորումներին համագործակցելու Հայաստանում վերընձյուղված այս միասնական կուսակցության հետ:
Մ. Նահանգների եւ Կանադայի ՌԱԿ-ի շրջանային վարչությունները արդեն իսկ ողջունել են այս դինամիկական զարգացումը եւ ծրագրեր ներկայացրել հետագա համագործակցության համար:
Մինչ որոշ թափթփուկներ խրվել են ու թավալվում են անհեթեթ եւ անօրինական խաղերի մեջ, ՌԱԿ-ի վերակազմավորումը վերջապես ընթացքի մեջ է:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.
(կրճատումներով)