«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ԳԻՐՔՙ ԾՆՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ

«Վարդհրատ» հրատարակչությունը նորերս տպագրել է «Ճշմարտության պարտադրանքով» խորագիրը կրող ժողովածուն, որի բազմաբնույթ ու բազմիմաստ նյութերը վերաբերում են Հայոց մեծ եղեռնի, հայ ժողովրդի դեմ դաժանորեն իրագործված ջարդերի, գիշատչային բռնությունների, ազերի թուրքերի հրահրած պատերազմի, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի եւ ցայսօր շարունակվող ցեղասպանության իրողություններին: Ուշագրավ ու խորիմաստ այդ ժողովածուի հեղինակը անվանի հրապարակագիր, լրագրող, Արցախի Հասան Ջալալյան ազգանվեր տոհմի արժանվույն շառավիղ Անժելա Սահակյանն է: Ժողովածուն խմբագրել ու իր մի քանի հեղինակային նյութերով հարստացրել է ճանաչված բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր եւ գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը :

Ժողովածուի մեջ ներկայացված են Անժելա Սահակյանիՙ քննարկվող հարցերի մասին տարբեր տարիների ընթացքում ռադիոհեռուստատեսությամբ հաղորդած (այստեղՙ Հայաստանում եւ Փարիզի հայկական ռադիոժամով) եւ զանազան թերթերում հրապարակած հեղինակային հրապարակագրությունները, ինչպես նաեւ ականատեսների վկայություններ, տարաբնույթ փաստաթղթեր ու վկայագրեր, լուսանկարներ, որոնք աներկբայորեն հիմնավորում են 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին Օսմանյան Թուրքիայի եւ երիտթուրքերիՙ պետականորեն ծրագրած ու կազմակերպած հայկական ջարդերը, զանգվածային տեղահանությունները, դավադրություններն ու ստորությունները, աննախադեպ ցեղասպանությունը, որ շարունակվեցին ու շարունակվում են նաեւ մեր օրերում: Հիշենք Կ. Պոլսի 1953 թ., Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի, Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի գյուղերի, Մարազայի եւ Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերի աննկարագրելի նախճիրները, մշակութային արժեքների ոչնչացումները, որ շարունակվում են նաեւ ներկա ժամանակներում:

Գրախոսվող ժողովածուն բացվում է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի «Ի սպաս մեր մշակույթին եւ արդար դատին» մաղթանքով, ուր ասված է. «Մենք ջերմորեն կողջունենք եւ ամբողջ հոգիով կ՚օրհնենք իւրաքանչիւր ճիգ եւ աշխատանք, որ կը զօրացնէ, կ՚ամրապնդէ ու հաղթանակին ավելի կը մօտեցնէ արդարութեան հասնելու մեր ընդհանուր պայքարը: Ահա այդ հաղթանակի կերտումի պատերուն վրայ հիւսուած քարերէն մեկը կը հանդիսանայ լոյս տեսնող այս աշխատանքը, ճշմարտութեան պարտադրանքով...» (էջ 3): Դրան հաջորդում են Անդրանիկ Ծառուկյանի «Ուխտ Արարատին» հանրահայտ բանաստեղծությունը, որ ավարտվում է «Սրբազա՛ն լեռ, հավատա՛,// Որ կը հասնինք, մենք կը հասնինք// Կատարիդ...» տողերով, Արեւշատ Ավագյանի «Բացահայտված ճշմարտության ձայնը բնութագրական հոդվածը, որ արժեւորում է Անժելա Սահակյանի գիրքը եւ ընթերցողին հասցեագրածՙ Անժելա Սահակյանի խոսքը, որն սկսվում է «Այս պատմավավերագրական գիրքը, որը կազմել եմ հայ եւ օտար նշանավոր գրողների, բանաստեղծների, քաղաքական գործիչների պահանջատիրության արդարացի ձայնով, ճշմարտության պարտադրանքով գրված բաց նամակներ ենՙ ուղղված աշխարհին» տողերով (էջ 12):

Գրքի հեղինակը համոզմունք է հայտնում, որ «Գիրքը կթարգմանվի ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով»: Անշուշտ, այդ երեւույթը մեծ չափով կօգնի հայության պահանջատիրության իրագործմանը:

Անժելա Սահակյանն այնուհետեւ ժողովածուն բաժանել է երկու մասի: Դառնանք գրքի առաջին մասին, որն սկսվում է «Ճշմարտության պարտադրանքով գրված բաց նամակներՙ ուղղված աշխարհին» խորագրով (էջեր 16-210): Գրքի 2-րդ մասն ունի «Ցեղասպանությունը շարունակվում է» ընդհանուր խորագիրը: Ժողովածուի կառուցվածքային այսպիսի բաժանումը տրամաբանական է, քանի որ, իրոք, ցեղասպանությունը շարունակվում է...

Ժողովածուի առաջին մասում տեղ են գտել ինչպես հեղինակիՙ Անժելա Սահակյանի, այնպես էլ հայ եւ այլազգի նշանավոր գրողների, հրապարակագիրների, պատմաբանների, քաղաքական գործիչներիՙ հայկական պահանջատիրության ճշմարիտ եւ արդարացի ձայնով, ճշմարտության պարտադրանքով գրած գրությունները, որոնք, արդարեւ, բաց նամակներ ենՙ հասցեագրված աշխարհին...

Գրքի առաջին մասին բնաբան է հնչում Անժելա Սահակյանի «Ելի՛ր, ո՛վ հայ...» կոչ հոդվածը, որ 2004 թ. մարտին հնչել է Փարիզի հայկական ռադիոժամին եւ տպագրվել «Աշխարհ» թերթում: Ուշագրավ է լրագրող Էմիլ Դիլոյի «Ի՞նչ եք մտածում Դուքՙ քրիստոնյա Եվրոպա եւ Ամերիկա» հոդվածը (էջեր 18-21), ուր հեղինակը գրում է. «Դուք, որ Թուրքիային լիակատար հնարավորություն ընձեռեցիք հայոց հինգ գավառներում հաստատել մի նոր Դագոմեա... Հայերի համար կյանքը դարձնելով անհայտ անձավների հավերժական խավար... Հայերը քրիստոնյա են: Հայերը հույսը կտրել են մարդկությունից եւ իրենց հայացքն ուղղել առ Աստված...» (էջ 21): Ընթերցողը ճշմարտության ձայնը լսում է նաեւ թուրք գրող, հրապարակագիր Թեյֆիգ Խալիտ Բեյի «Պարոննե՛ր, դեպի ո՞ւր» խոսուն վերնագրով հոդվածից:

Այնուհետեւ բերված են մի շարք հրապարակումներ ուրուգվայական «Էլ դիա», «Լա դեմոկրատիա», «Դիայո դել պլատա», «Էլ սիգլո», «Էլ բիեն» թերթերի (1915 թ.) էջերից: Դրանք բացահայտում են 20-րդ դարի սկզբներին թուրքական ծրագրած ու կազմակերպած հայերի ցեղասպանության հրեշավոր էությունը: Պահանջատիրական խոր բովանդակություն են ամփոփում Նիկողայոս Ադոնցի Բագրատ Ուլուբաբյանի, Գեւորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Մուշեղ Գալշոյանի, Հենրի Մորգենթաուի, Հենրի Փափազյանի, Լեւոն Անանյանի, Անժելա Սահակյանի, Հովհ. Այվազյանի, Անահիտ Հովսեփյանի, Վարդան Գրիգորյանի, Վահագն Տատրյանի, Լիզ Սարյանի, Աշոտ Ղազարյանի, Լիլի Բեքմեզյանի հրապարակագրություններըՙ գրված ճշմարիտ փաստարկումներով, խոր ու հիմնավոր վերլուծումներով, արդարամտության հուժկու հնչեղությամբ:

Հահոց պահանջատիրության ճշմարիտ դիտակետից ելնելովՙ գրքի առաջին մասում զետեղված են Արեւշատ Ավագյանի «Ապրիլի 24», «Հուշարձան» բանաստեղծությունները, Հովհ. Շիրազի «Ե՛կ գովքն անենք» ձոներգըՙ նվիրված «Հայ հեղափոխական բանակ» կազմակերպության խիզախ հայորդիներ Սարգիսին, Սեդրակին, Արային, Սիմոնին: «Ազատություն կամ մահ» երդման ներքո հրապարակված են հիշյալ քաջամարտիկների հայասիրական խոսքերից կտորներՙ ցողված ազգային ինքնության ու հպարտության խոր ըմբռնումներով: Հրապարակված է նաեւ Պ. Սեւակի անզուգական «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատվածՙ «Ղողանջ եղեռնական» վերնագրով, որ առարկայորեն արտացոլում է Հայոց մեծ եղեռնի ընդհանրական պատկերը: Միաժամանակ տպագրված են հայասիրական ու պահանջատիրական խտացված մտքեր ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերից, բանաստեղծ Մուշեղ Իշխանից, Անդրեյ Սախարովից, Եղիշե Չարենցից, Ավ. Ահարոնյանից, Զորավար Անդրանիկից, Վահան Տերյանից, Խրիմյան Հայրիկից, Հենրի Մորգենթաուից, Արտո Քիլիմլեյանից:

Ժողովածուի առաջին մասի հիշատակված ու հակիրճորեն քննարկված նյութերը տրամաբանական շղթայի մեջ են, դրանք գրված են Հայոց դատի ճշմարտության պարտադրանքով եւ, հիրավի, բաց նամակներ ենՙ ուղղված բովանդակ աշխարհին: Նպատակը ճշմարտությունը վերհանելն է եւ հայոց պահանջատիրության խնդրի արդարացի լուծումը, Թուրքիայի եւ ազերի թուրքերի կեղծ ու ստահոդ դիվանագիտության մերկացումը:

Գրախոսվող ժողովածուի 2-րդ մասը, որ կրում է «Ցեղասպանությունը շարունակվում է» ընդհանրացված խորագիրը, արտացոլում է Հայոց նոր Գողգոթան... ազերի թուրքերի ահուսարսափով լեցուն վայրագությունները Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում, Շահումյանում, Գետաշենում, Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերում, Արցախում... Հիրավի, 19-րդ դարի վերջերի եւ 20-րդ դարի առաջին երեք տասնամյակների ցեղասպանությունը թուրքական հին ու նոր մեթոդներով շարունակվեց ու շարունակվում է մեր ժամանակներում...

Գրքի 2-րդ մասը միաժամանակ ներկայացնում է Արցախի ազատագրական պայքարը, համահայկական հաղթանակները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն ու կազմավորումըՙ միջազգային իրավական բոլոր չափանիշներով, իսկական ժողովրդավարության բոլոր սկզբունքներով: Շոշափված են նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը:

2-րդ մասում հրապարակված են ժողովածուի հեղինակիՙ Անժելա Սահակյանիՙ տարբեր ժամանակներում եւ տարբեր առիթներով գրած «Ղարաբաղյան շարժման 20-ամյակ», «Բարեւ Շուշի՛, հաղթական տոնդ շնորհավո՜ր», «Ղարաբաղը մերն է, մերն էլ կմնա...», «Բաց նամակ ճշմարտության պարտադրանքով...» վերնագրերով հրապարակագրություններըՙ հագեցած ճշգրիտ փաստերով, արդարացի պահանջներով: Ընթերցողին հիացմունք եւ մեծ բավականություն են պատճառում բանաստեղծ, Արցախի գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանի «Երկու միլիոն զոհերի ձայնով...» չափածով ստեղծագործությունը, տակավին խորհրդային ժամանակներում գրածՙ Հովհ. Շիրազի «Ղարաբաղի ողբը» եղերերգությունըՙ ցողված ազգային ինքնության խոր ըմբռնումներով, ճշմարիտ պահանջատիրական կոչով:

Հապա՞ Վահրամ Բալայանի «Արցախի ազատագրական պայքարի փառահեղ ուղին», Նվարդ Սողոմոնյանի «Ի՞նչն է նախորդել Շուշիին», Բակուր Կարապետյանի «Քննարկում Լորդերի պալատում», Մհեր Հարությունյանի «Դուՙ սիրո՛ւն քաղաք, դուՙ գարո՛ւն քաղաք», Զորի Բալայանի «Համաշխարհային դիվանագիտությունը եւ «քարանձավային ռասիզմը», «Հրդեհ եւ գարշահոտություն», Գրիգոր Վանիկյանի «Իրապատում առասպել», Վարդգես Բաղրամյանի «Արցախի անկախության ինքնակազմակերպման գործընթացը» վերնագրերով տարողունակ հրապարակագրությունները, որոնք առարկայորեն ներկայացնում են արցախյան գոյապայքարը, ճշմարիտ փաստարկումներով դատապարտում ազերի թուրքերի եւ Թուրքիայի նենգությունները, ջրի երես հանում նրանց դիվանագիտության ստորագույն խաղերն ու խեղաթյուրումները, արտահայտում հայոց հեռագնա խնդիրներն ու պահանջները:

Ժողովածուի 2-րդ մասի առանձին նյութերում մենք հանդիպում ենք առասպելական Մոնթե Մելքոնյանին (տե՛ս հատկապես Գր. Ջանիկյանի «Իրապատում առասպել» (էջերՙ 301-307) վերնագրով դիմանկարային հոգեցունց հրապարակագրությունները, լենգենդար Կոմանդոսին, 17-ամյա թուրք ճիվաղի ձեռքով սպանված Հրանտ Դինքին, ազերի թուրք մեկ այլ ստահակի ձեռքով կացնահարված Գուրգեն Մարգարյանին, հայ ժողովրդի մեծ բարեկամ ու նվիրյալ Բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ բազում այլ երեւելիների...

Ժողովածուի բովանդակությունը հարստացնում եւ առավել առարկայական են դարձնում վավերագրական բազմաթիվ լուսանկարները, որոնք աներկբայորեն արտածում են ցեղասպանության սարսափելի պատկերները, մի քանիսն էլՙ «Ընդդեմ հայասպանության ծրագրի», «Մենք կհասնենք մեր արդար դատին» կարգախոսներով ծավալված պայքարը Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Կան նաեւ (Անիի մայր տաճարը, Ավերված Անին, Երեւանի Մեծ եղեռնի հուշակոթողը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Ստեփանակերտի մուտքը, Արցախի զինանշանը, Արցախի Գանձասարի վանքը արտացոլող գունավոր նկարներ, այլեւայլ լուսապատկերներ:

Ճշմարտության պարտադրանքով կազմված այս կողմնորոշիչ ժողովածուն ավարտվում է Արեւշատ Ավագյանի «Ճշմարտության սահմանում» վերնագրով գիտական, փիլիսոփայական հրապարակագրությամբ, որի մեջ, ըստ հեղինակի, «ճիշտ, ճշմարիտ, ճշգրիտ բառիմաստներից ավելի հեռու է ձգվում ճշմարտության սահմանը» (էջ 337) եւ ապաՙ «Պատմական այն իրողությունը, որ կոչվում է Հայոց ցեղասպանություն, դավադրություն է արդարության ու ճշմարտության դեմ, իբր մեր երկրի ողջ բնակչությանը ոճրագործությամբ սպանած ու տեղահանած վայրի ցեղախումբը առանց պատժվելու, արհամարհելով միջազգային օրենքները, տեր է կանգնում նրա երկրին, գույքին, հարստությանը» (էջ 338): Ահա սա է պարտադրող ճշմարտությունը, որ այնպե՜ս զորեղ ու տարողունակ արտահայտվել է Անժելա Սահակյանի «Ճշմարտության պարտադրանքով» խորագիրը կրող ժողովածուի էջերում:

Ամենալկտի ձեւերով հրապարակ հանելով իրենց խղճուկ ու ստահոդ մտքերի ու գաղափարների եղկելիներինՙ Թուրքիան եւ Ադրբեջան հորջորջվող հանրապետությունը ցեղասպանության եւ հայ ժողովրդի ինքնության ու այլ հարցերում ճգնել եւ ճգնում են «ապացուցել» անապացուցելին, ճգնում են թուրքավարի, հրեշավոր ձեւերով ու մեթոդներով մոլորեցնել աշխարհը, առանձին երկրների ու պետությունների կառավարող շրջաններին:

Ահա հենց այդ մոլորեցման, դիվանագիտական լարախաղացումների դեմ է ուղղված շնորհալի լրագրող, հրապարակագիր Անժելա Սահակյանի գիրքը, որ նաեւ չարաղետ ոճիրները դատապարտելու եւ պատմական ճշմարտությունը հաստատելու, մեր արդարադատն իրականացնելու համար պահանջում է բազմաձայնություն, բոլոր ուժերի, համայն հայության համախմբում ու զորեղացում: Մեր հին ու նոր դասերից ճշմարիտ եզրակացությունների հանգելով եւ ճշմարտության թելադրանքով ու պարտադրանքով մենք պիտի շահենք Հայոց դատը: Այս է հայության եւ մեր բարեկամների գերագույն խնդիրը:

ՌՈՄԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4