Մինչեւ սեպտեմբերի վերջը Սիրիա կմեկնի առաջին հումանիտար օգնությունը Հայաստանից: Նախաձեռնությունը հայ հասարակությանն էՙ «Օգնի՛ր եղբորդ» կարգախոսով: Ավելի քան մեկ տարի կրակի ու արյան մեջ հայտնված Սիրիայում քաղաքացիական պատերազմ է, որի կիզակետն այսօր Հալեպ քաղաքն է: Հենց այստեղ են հիմնականում կենտրոնացած հայերը: Նախաձեռնությունը, որ հումանիտար է եւ նպատակ չունի օժանդակելու կողմերից որեւէ մեկին, ուղղված է ոչ միայն սիրիահայերին, այլեւ ընդհանրապես Սիրիայի ժողովրդին:
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգմավոր Վահան Հովհաննիսյանի գնահատմամբՙ հայ ժողովրդի բարոյական պարտքն է օգնել Սիրիային: Պատճառը միայն այն չէ, որ 1915-ի ցեղասպանությունից հետո Սիրիան իր դռները բացեց հայ բռնագաղթվածների առաջ եւ դարձավ նրանց երկրորդ հայրենիքը, այլ որովհետեւ սիրիահայ գաղութն ամենակազմակերպված ու ամենաակտիվներից է եւ տվել է բազմաթիվ անվանի ու նշանավոր դեմքեր: Սիրիան միշտ էլ կարողացել է արաբական աշխարհում լավագույնս ներկայացնել ոչ միայն Հայաստանի դիրոքորոշումները, այլեւ Ղարաբաղյան հիմնահարցն ու հայկական պահանջատիրությունը: Հովհաննիսյանը փաստում էՙ աջակցությունը քաղաքացիական նախաձեռնություն է, այստեղ չկան կուսակցական շահեր: «Անկախ փաստից, թե ինչ կանի պետությունը, հասարակությունը պետք է օգնի Սիրիային: Հենց այդ նպատակով ստեղծված «Օգնի՚ր եղբորդ» հասարակական նախաձեռնությունը դիմում է բոլորին: «Առէքսիմբանկում» արդեն բացվել է հաշվեհամարՙ 23800 AMD 01157620300, 23 800 USD 01157620401», ասաց Հովհաննիսյանըՙ հավելելով, որ նախաձեռնությունը համագործակցում է հասարակական բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք խոստացել են տրամադրել սնունդ, հագուստ կամ աշխատանքներում ներգրավել կամավորների: Հաշվեհամարին փոխանցված առաջին միլիոնը տրամադրել է ՀՅ Դաշնակցությունը, սակայն կազմակերպիչները վստահ ենՙ ժամանակի ընթացքում գումարը կբազմանա:
Դաշնակցության մեկ այլ ներկայացուցիչՙ Լիլիթ Գալստյանը նշում է, որ նամակներով դիմել են Հայաստանում եւ սփյուռքում գործող բազմաթիվ գործարարների, միջազգային կառույցների: Հայ գործարարներից շատերն արձագանքել են. պատասխանը դրական է: Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսվում են անցկացնել բարեգործական համերգներ եւ դրամահավաքի կազմակերպում:
Հ. Հ.