Մինչեւ 2014-ը Հայաստանին արգելվել է մասնակցել Եվրոպայի առաջնություններին
2010-ի եւ 2012-ի ուշուի Եվրոպայի առաջնություններում Հայաստանի մարզիկների հանդեպ մրցավարական նպատակային խարդախությունների հետեւանքով վերջին տարիներին խիստ լարվել են մարզաձեւի Եվրոպայի եւ մեր հանրապետության ֆեդերացիաների հարաբերությունները: Այս ամենի հետեւանքով մինչեւ 2014-ը Հայաստանի ուշուի հավաքականին արգելվել է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մասին երեկ «Նոյյան տապան» ակումբում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:
Ըստ ֆեդերացիայի նախագահի, ամեն ինչ սկսվել է 2010-ին Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Այդ ժամանակ ԱՄՆ-ի կոնգրեսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ էր ընդունել: Երբ մեր մարզական պատվիրակությունը հասավ մրցավայր ու սկսվեցին մրցումները, իր մաշկի վրա զգաց, որ կառավարական մակարդակով Թուրքիայում ամեն ինչ արվում է, որպեսզի մեր մարզիկների պատվին չբարձրացվի Հայաստանի դրոշը ու չհնչի մեր պետության օրհներգը: Այդ որոշման իրագործողը դարձավ մրցումների գլխավոր մրցավար, Ղազախստանում բնակվող, սակայն Գերմանիայի ուշուի ֆեդերացիան ներկայացնող Ալեքսանդր Ռադունցեւը:
Արդեն առաջին իսկ մենամարտից հետո հայ ուշուիստը կողմնակալ մրցավարության զոհ դարձավ: Ակնհայտ անարդարության դեմ մեր պատվիրակությունը բողոք ներկայացրեց, որը քննարկելով, բողոքարկման հանձնաժողովը փոխեց որոշումը եւ հաղթանակը շնորհեց հայ մարզիկին: Սակայն քանի որ մեր մարզիկի մրցակիցը թուրք էր, ժամեր անց որոշումը կրկին վերանայվեց ու հաղթանակը թուրքին շնորհվեց: Հայաստանի ֆեդերացիայի նախագահը սպառնաց բոյկոտել բացման արարողությունը, եթե արդարությունը չվերականգնվի: Խոստացան, որ տեխնիկական հանձնախումբը բացման արարողությունից հետո կփոխի որոշումը, սակայն այն ուժի մեջ թողնվեց: Հերթական անգամ մեր պատվիրակությանը խաբեցին:
Ըստ Տիգրան Չոբանյանի, Ռադունցեւը շատ անարդար ու վրիժառու անձնավորություն է: Նա ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը ներկայացված չլինի մրցումները սպասարկող մրցավարների թվում, թեեւ Եվրոպայի ֆեդերացիայից հատուկ հրավեր էինք ստացել, կանոնակարգով էլ դա նախատեսված է:
Մեր մարզիկների հանդեպ մրցավարական խարդավանքները շարունակվեցին այս տարվա մարտի 25-31-ը Տալլինում անցկացված ուշուի Եվրոպայի առաջնությունում: Թեեւ այդ ամենին, մեր մարզիկները հիանալի հանդես եկան Տալլինում: Մրցումների մասնակից մեր 14 մարզիկներից 12-ը դարձան մրցանակակիրներՙ նվաճելով 2-ական ոսկե եւ արծաթե, 8 բրոնզե մեդալ:
Այս անգամ Տիգրան Չոբանյանն ընդգրկված էր մրցավարական հանձնախմբում եւ անձամբ ականատես եղավ Հայաստանի դեմ իրականացված խարդախություններին ու անօրինականություններին, որոնց գլխավոր իրականացնողը կրկին գլխավոր մրցավարի դերը ստանձնած Ռադունցեւն էր: Ի նշան բողոքի, ՀՀ ֆեդերացիայի նախագահը ցուցադրաբար դուրս էր եկել մրցավարական հանձնախմբից, քանի որ մեր 3 մարզիկների նկատմամբ անարդարացի էին վարվել: Այլ երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներն էլ բողոքում էին մրցավարությունից եւ խոստացել էին Հայաստանի հետ համատեղ պայքարել Ռադունցեւի դեմ: Սակայն նրանք խոստումը չկատարեցին:
Տիգրան Չոբանյանը պաշտոնական նամակով բողոք է ներկայացրել ուշուի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ, բրիտանացի Ռայմոն Սմիթինՙ պահանջելով գլխավոր մրցավարի պաշտոնից հեռացնել Ալեքսանդր Ռադունցեւին: Հակառակ դեպքում Հայաստանը սպառնում էր բոյկոտել Եվրոպայի առաջիկա առաջնությունը: Այդ նամակն ուղարկվել էր նաեւ մյուս բոլոր ֆեդերացիաներին:
Որքան էլ որ տարօրինակ էր, սակայն ուշուի եվրոպական ֆեդերացիան Ալեքսանդր Ռադունցեւին պատժելու փոխարեն պատժամիջոցներ կիրառեց Հայաստանի ֆեդերացիայի նկատմամբ: Ընդ որում մայիսի 18-ին մակագրված պատասխան նամակը ուշուի Հայաստանի ֆեդերացիան ստացել է միայն սեպտեմբերի 7-ին: Այդ նամակով տեղեկացվում էր, որ Տալլինում Տիգրան Չոբանյանի դրսեւորած վարքագծի պատճառով ուշուի Հայաստանի հավաքականը զրկվում է մինչեւ 2014-ը Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Փաստորեն, ստացվում է, որ ոչ թե Հայաստանն է բոյկոտում մրցումները, այլ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիան է արգելում մեր մարզիկներին մասնակցելու Եվրոպայի առաջնություններին:
Տիգրան Չոբանյանը նշեց, որ նամակին չեն կցվել եվրոպական ֆեդերացիայի նիստի արձանագրությունը եւ քվեարկության արդյունքները: Ռադունցեւի հարցով էլ միայն նշված է եղել, որ հարցը քննարկվել է, սակայն պարզ չէ, թե ինչպիսի որոշում է ընդունվել: Ֆեդերացիայի նախագահը նաեւ խիստ տարօրինակ է համարում իր վարքագծի պատճառով հավաքականին զրկելու որոշումը: Նա գտնում է, որ կարող էին իրեն զրկել մրցավարությունից, այլ ոչ թե հավաքականին թույլ չտալ մասնակցել մրցումներին:
Այս հարցի շուրջ մյուս երկրների ֆեդերացիաների քար լռությունն էլ Չոբանյանին հասկանալի է: Այսօր Հայաստանի ուշուիստներն աշխարհում 5 ուժեղագույն երկրների մարզիկների ցանկում են եւ մեդալների հարուստ ավարով են մշտապես վերադարձել մրցումներից: Նրանց որակազրկումը հնարավորություն կընձեռի այդ երկրների մարզիկներին ավելի շատ մեդալներ նվաճել առաջիկա մրցումներում: Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի 46 անդամներից միայն մեկը Տալլինում մրցանակակիր դարձավՙ նվաճելով բրոնզե մեդալ:
Տիգրան Չոբանյանը վճռականորեն է տրամադրված եւ շարունակելու է պայքարն արդարությունը վերականգնելու համար: Նա մտադիր է դիմել ուշուի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ին:
Այս տարի լրանում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հիմնադրման 20-ամյակը, որի պատվավոր նախագահը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է: Հենց նրա աջակցությամբ տարիներ առաջ Երեւանում անցկացվեց ուշուի աշխարհի առաջնությունը: Հոբելյանի առիթով սեպտեմբերի 29-ին «Միկա» մարզասրահում կանցկացվի ուշուի փառատոն: Կլինեն մարզիկների ցուցադրական ելույթներ այկիդոյի, կարատեի եւ ուշուի ֆեդերացիաների անդամների կատարմամբ, կներկայացվի ֆեդերացիայի 20-ամյա գործունեությունը: