Հայ ձկնաբույծները կասկածում են թուրք եւ նորվեգացի գործընկերներին
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մերկապարանոց հայտարարություն եւ ուրիշ ոչինչ: Հայաստանի ձկնաբույծների միավորման նախագահ Արթուր Աթոյանը հենց այսպես է բնութագրում ռուսական գործընկեր կազմակերպությունների այն հայտարարությունները, թե ներմուծվող իշխանում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ: Տեղեկությունը հավաստի չէ եւ չկան կենսաբանական անալիզների որեւէ տվյալ կամ պաշտոնական ուսումնասիրություններով հաստատված ապացույցներ: Իշխանի վերաբերյալ միակ անհանգստությունը սննդի անվտանգության կանոնների անհամապատասխանությանն է վերաբերում, սակայն այլ մանրամասնություններ հայտնի չեն:
Աթոյանը տեղյակ չէ, թե խոսքը որ անհամապատասխանության մասին է, քանի որ կցված փաստաթուղթ էլ գոյություն չունի: Միավորումում այս առնչությամբ այլ կասկածներ ունեն: Նրանք վստահ են, որ սա Ռուսաստանում ձկնամթերքի շուկայում ազդեցիկ դիրք ունեցողՙ հայաստանյան ձկնարտադրողների հիմնական մրցակիցներ Թուրքիայի եւ Նորվեգիայի տնտեսվարողների ձեռքի գործն է: Միավորումում նաեւ անհանգստացած են ՌԴ պետական «Ռոսսելխոզպետրեբնադզորի» այն հայտարարությունից, որ սեպտեմբերի 27-ից ուժի մեջ կմտնի ՌԴ հայկական ձուկ արտահանելու արգելանքը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբՙ արդեն երկու ամիս տարբեր ընկերություններ Ռուսաստան ձուկ չեն արտահանում: Աթոյանի խոսքերովՙ սննդի անվտանգության ծառայությունը ձկնամթերքն ամիսը մեկ անգամ ուսումնասիրում է: Այն մարզի բժիշկը, որտեղ գործում է ձկնաբուծական տնտեսություն, պարտավոր է տալ արտահանվող արտադրանքին ուղեկցող փաստաթուղթ, առանց որի ձուկը վաճառքի հանելու իրավունք չունի:
«Մենք ինքներս մեր ապահովության համար ստուգել ենք մի քանի անգամ, սակայն ոչինչ չի հայտնաբերվել», ասում է Աթոյանըՙ հավելելով, որ հայկական ձկնաբուծական արտադրանքը Ռուսաստանում ներկայացնում են չորս ընկերություններՙ «Յունիֆիշ», «Դմիտրի» եւ «Գոս» ՍՊԸ-ներն ու «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն:
Բացի քաղաքական ենթատեքստից, Աթոյանը նաեւ բժշկական եւ կենսաբանական տեսանկյունից է փաստում, որ ռուսական ընկերությունների հայտարարություններն անհիմն են: «Աղիքային ցուպիկը վտանգավոր է ոչ միայն մարդու համար, այլեւՙ ձկան: Իշխանը շատ նուրբ եւ մաքրասեր կենդանի է եւ եթե նման ցուպիկ ունենա, մի քանի ժամից ավելի չի կարողանա ապրել»:
Հայ ձկնաբույծները սկսեցին կասկածել թուրք եւ նորվեգացի գործընկերներին այն ժամանակ, երբ Մոսկվա ուղարկված հատուկ խումբը պարզեց, որ «Հայկական ձուկ» բրենդի ներքո ձուկ իրացնող կազմակերպությունն իրացնում է այլ երկրների ձկնաբուծական արտադրանքը: Ռուսական կազմակերպությունը նախ ներողություն է խնդրել, հետո արդարացել, թե կատարվածը պայմանավորված է եղել տեխնիկական խնդիրներով:
Որ իշխան ձուկը մաքուր է եւ չի կարող ցուպիկ ունենալ, փաստում է նաեւ այն հանգամանքը, որ վերոնշյալ 4 ընկերություններից մեկն իր ձկնամթերքը Եվրոպա էլ է արտահանում: Եթե ռուսական կողմը ներկայացնում է 12 կետից բաղկացած պահանջ, եվրոպական կողմը ներկայացնում է 51 կետից պահանջ. ի հավելումն այս ամենիՙ եվրոպական կողմը որեւէ խնդիր հայկական իշխանի մեջ չի հայտնաբերել:
Քանի որ հայկական ձուկը համարվում է կենսասննդային ձկնամթերք եւ ամբողջ աշխարհում գրեթե մրցակից չունի, ապա շատ ավելի թանկ արժե, եւ դա է պատճառը, որ հայկական ձկան անվան տակ այլ արտադրանք են իրացնում: Հայկական ձկնաբուծական արտադրանքն այս պահին ուսումնասիրվում է ՌԴ լաբորատորիաներում: Սակայն միայն այսքանով հայ ձկնաբույծները չեն սահմանափակվի: Նրանք պատրաստ են հրավիրել նաեւ միջազգային փորձագետների, ավելինՙ դիմել նաեւ միջազգային դատարան: