«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


«ՀՈՒՍԱՄՙ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՄԵԶ ՎԱՅԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Երաժշտագետ, Կոմիտաս կոնսերվատորիայի պրոռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանին հանդիպեցինք Բեռլինում: Մեր զրույցիցՙ Հայաստանի անկախության վերաբերյալ նրա արժեւորումները ստորեւ:

- Անկախությունը բացարձակ արժեք է: Գնահատականը համեմատության մեջ է: Անկախությունը ազատության հոմանիշն է: Այն բացարձակ արժեք է, որովհետեւ արարչական պարգեւ է: Արարչության մեջ մարդն ազատ է ձեւակերպված: Անկախությունը դրա ատրիբուտն է, պետականությունն էլ դրա իրացման գործիքն է, խնդիր չկաՙ լավ է, թե վատ է:

Կորուստների համար անկախությունը մեղավոր չէ, մեղավորը մենք ենք: Ի՞նչ էինք սպասումՙ էլի պիտի մեզ համար պետությո՞ւն կառուցեին: Ո՞վ էր կառուցելու այդ պետությունը, մենք էինք կառուցելու, չէ՞: Այսպես ենք կառուցել: Հիմա հասկանում եմ, որ ես եւ դուք կարող ենք մեզ առանձնացնել հասարակության այսինչ խավից եւ կարող ենք ասելՙ հասարակության այսինչ խավը մեղավոր էր այսքանով, իսկ մենքՙ այսքանով, եւ նա ավելի է մեղավոր, քան մենք: Ես էլ առօրյա խոսակցության մեջ այդպես անում եմ: Բայց ընդհանուր հաշվովՙ պատմության առաջ այդպես չեն ասում, այլՙ այսինչ դարում հայերը կորցրեցին պետականությունը, չեն հաշվումՙ ո՞վ կորցրեց, ասում ենՙ ժողովուրդը չկարողացավ պահել իր պետականությունը: Այսինքնՙ բոլորս մեկ ներկով ներկվում ենք պատմության մեջ:

- Հույս տեսնո՞ւմ եք Հայաստանի համար:

- Եթե այդ հույսը չունենայի, ինչո՞ւ պիտի ապրեի այդ երկրում, ինչո՞ւ պիտի զբաղվեի հայ երաժշտության հարցերով: Մեկ ուրիշ երկրում կզբաղվեի բիզնեսով, շատ ավելի բարեկեցիկ կյանքով կապրեի երեւի: Ցանկությունս է, որ մեր հեռանկարը լինի լուսավոր, հստակ եւ ամուր:

Հիմա արտասահմանում ենք, ու մեր վարքագծային մի շարք հատկանիշներ ինձ հունից հանում են, չարչարում են: Ուզում եմ, որ մեր ժողովրդին վերադարձվի իր արժանապատվությունը: Արժանապատվության կորուստը մարդուն ինչ ասես կդարձնիՙ գող, սրիկա, խաբեբա, թալանչի: Այս բոլորը ծնվում են հայրենասիրության եւ արժանապատվության պակասից: Հուսամ, որ մի օր մենք կվերադարձնենք մեզ վայել արժանապատիվ կեցվածքը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4