«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2012-09-19 | #164, 2012-09-20 | #165, 2012-09-21


ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 19-ին «Մարշալ Բաղրամյան» հրաձգարանում ավարտվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի «Փոխգործակցություն-2012» հինգ օր տեւած զորավարժությունները: Դրանց մասնակցեցին դաշինքի հինգ անդամ պետությունների մոտ երկու հազար զինվորականներ, գործարկվեց հինգ հարյուր միավոր տեխնիկա: Հանուն դաշինքի առաջին անգամ գործեցին «Կռունկ-25» հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը, նման ձեւաչափում նույնպես առաջին անգամ` ռազմական ուղղաթիռներ եւ օդանավեր: Շա՞տ է այս ամենը, թե՞ քիչ: Եվ ի՞նչ ազդեցություն է թողել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող գործընթացների վրա:

Թափանցիկ զորավարժանք եւ թափանցիկ մտադրություններ

Հայտնի պատճառներով վերջին ամիսներին այս զորավարժանքը տարածաշրջանի քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների ուշադրության կենտրոնում էր:

Վրաստանում անհանգստացած էին, որ «Փոխգործակցություն-2012»-ի հետ համարյա միաժամանակ Հյուսիսային Կովկասում անցնում էր «Կովկաս-2012» բանակային զորավարժանքը: Այլ կերպ ասած, Վրաստանի հյուսիսում եւ հարավում անցնում են զորավարժությունները ռուսաստանյան զինված ուժերի մասնակցությամբ: Այդ անհանգստության պատճառներից մեկը մոսկովյան ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի այն հայտարարություններն էին, որ Ռուսաստանը որոշակի հանգամանքներում չի կարող անտարբեր մնալ, եթե Վրաստանում անցնելիք խորհրդարանական ընտրություններից «ժողովրդական հուզումներ սկսվեն եւ իրադրությունը ապակայունանա»: «Մենք չենք կարող անտարբեր մնալ Վրաստանում ժողովրդավարական գործընթացների սպառնալիքի հանդեպ այնպես, ինչպես ԱՄՆ-ն անտարբեր չմնաց Լիբիայի հանդեպ», ասել էր ռուս քաղաղագետը զորավարժանքի նպատակների մասին խոսելով: Դժվար է ասել, թե որքանով էին լուրջ նրա դատողությունները եւ որքանով էին արտահայտում պաշտոնական մտայնություններ: Բայց նա նշել էր երկու այլ նպատակ, որոնք անվիճելի են: Առաջինը` հնարավոր սրացումն է Իրանի շուրջը: Եվ երկրորդը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախման ահագնացող վտանգը: Այս դիտարկումները կքննարկենք ստորեւ, այստեղ վերադառնանք Վրաստանի անհանգստությանը:

Հարավային Կովկաս այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պրն Ռասմուսենը Թբիլիսիում գտնված օրերին անդրադարձել էր ՀԱՊԿ զորավարժանքին եւ, մասնավորապես կոչ էր արել Ռուսաստանինՙ թափանցիկ անցկացնել այն, կանխատեսելի դարձնելով իր մտադրությունները:

«Փոխգործակցություն-2012»-ը առավելագույնս թափանցիկ էր: Լրատվամիջոցներին էր փոխանցվել զորավարժանքի սցենարը, որի բովանդակությունը հանգում էր դաշինքի անդամ պետության տարածք ներխուժած ահաբեկչական խմբավորումների ստեղծած սպառնալիքին եւ խափանարար գործողություններին համագործակցված հակահարված տալուն: Բոլոր փուլերում ռազմական դիտորդները եւ բոլոր դիվանագետները հնարավորություն են ունեցել դիտարկելու վարժանքն իր բոլոր մանրամասներով: Իսկ Հայաստանի քաղաքացիները եւ գլխավոր մայրուղով անցնող արտասահմանյան զբոսաշրջիկները հարգանքով եւ հետաքրքրությամբ նայում էին այն պատկառելի զրահատեխնիկային եւ զորամասերին, որոնք ինքնին խոսուն էին:

Տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործիքներ

Շա՞տ է, թե՞ քիչ երկու հազար զինծառայողն ու հինգ հարյուր միավոր տեխնիկան: Վարժանքին հետեւող դիտորդներից մեկը հիշում էր, որ 2008 թվականին Ռուսաստանի եւ Բելառուսի համատեղ զինավարժանքի ժամանակ գործարկվել էին չորս հարյուր տանկեր եւ վեց հարյուր օդանավեր, ինչը լարված հետաքրքրություն էր առաջացրել հարեւան Լեհաստանում եւ Լիտվայում: Այդ զորավարժանքում արձակվել էր հինգ անգամ ավելի շատ արկ, քան ամբողջ Արցախյան պատերազմի ժամանակ: Կամ այս տարվա հունիսին ՀԱՊԿ զորավարժանք է անցկացվել Տաջիկստանում, որին նույնպես մասնակցել են երկու հազար զինծառայողներ եւ հինգ հարյուր միավոր տեխնիկա: ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմում են ընդամենը քսան հազար մարդ: Այնպես որ Հայաստանում գործարկվել է դրա տասներորդ մասը: Ռուսաստանի պաշպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել են, որ զորավարժանքի առջեւ դրված խնդիրները հաջողությամբ կատարվել են, եւ դաշնակից բանակների զորամիավորումները գործակցել են միմյանց հետ: Այսպիսով, զորավարժանքը հաջողվել է:

Մի քանի խոսք քաղաքական բաղադրիչի մասին: ՆԱՏՕ-ն չի ճանաչում ՀԱՊԿ-ն եւ ուզում է գործ ունենալ առանձին Ռուսաստանի եւ առանձին նրա դաշնակիցների հետ: Վրաստանը ջանքեր չի խնայում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Խորացել է Ադրբեջանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Ադրբեջանը նաեւ կատաղի սպառազինվում է «Հայկական նոր ագրեսիայից պաշտպանվելու» համար, ինչպես դա բոլոր բեմահարթակներում հայտարարում են ադրբեջանցիները: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը եւ անդամակցությունը ՀԱՊԿ-ին համարում է իր անվտանգության առանցքը, որը լրացվում է համագործակցության այլ ձեւերի միջոցով, այդ թվումՙ համագործակցությամբ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության շրջանակներում: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հարաբերություններ չունի Հայաստանի հետ, Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցն է եւ Վրաստանի սերտ գործընկերը: Ճիշտ է, երեք տարի առաջ Թուրքիայի գլխավոր շտաբը Հայաստանը հանեց հավանական սպառնալիքների ցանկից, սակայն ոչինչ չի արել Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ փակ սամանները բացելու ուղղությամբ: ԱՄՆ-ն չի թաքցնում, որ պատրաստվում է պատերազմ սկսել Իրանի դեմ, իսկ մի ծանոթ իրանցի քաղաքագետ վերջերս ինձ ասաց, որ հանրապետական սենատոր Ռոմնիի` գալիք ընտրություններում հաղթանակի պարագայում պատերազմի հավանականությունը էլ ավելի կմեծանա: Հնարավոր անկայունության գոտիներում զորավարժությունների միջոցով իր ներկայությունն ամրապնդելու հետ մեկտեղ ՀԱՊԿ-ն լուծում է բազմաբնույթ խնդիրներ, որոնցից ամենագլխավորը միջազգային տարբեր կառույցներում դիրքավորվելն է, այլ կերպ ասած, ՆԱՏՕ-ի գործընկերներին ստիպելն իր հետ` իբրեւ հավասարը հավասարի հետ հաշվի նստելու: Սա բարդ եւ միչեւ հիմա անլուծելի խնդիր է եղել:

Հայաստանի խորհրդարանում զինավարժանքի նախօրեին բուռն քննարկման վերածված ՀԱՊԿ պայմանագրում լրացուցիչ արձանագրության վավերացման հարցը նոր մտորումների առիթ տվեց: Խոսքը այն մասին էր, որ դաշինքի անդամ պետությունը չի կարող իր տարածքում տեղակայել երրորդ երկրների ռազմակայաններ եւ ռազմական գույք առանց դաշինքի բոլոր անդամների համաձայնության: Պարզ է, որ սրա նպատակը ՀԱՊԿ-ն էլ ավելի կուռ դարձնելն է: Արձանագրությունն, իհարկե, վավերացվեց: Հաջորդ օրը թեման փորձագետների խոսակցությունների նյութ էր: Ահա թե ինչ ասաց ինձ այդ առիթով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը. «Իմ երկարամյա պատմաբան-հետազոտողի փորձն ինձ բերել է միանշանակ համոզմունքի, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքին լուրջ այլընտրանք չկա հիմա եւ չի լինի տեսանելի հեռանկարում: Մեր բարդ տարածաշրջանում Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու ավելի լավ տարբերակ չի էլ նշմարվում: Դրա համար մենք պետք է համընթաց քայլենք Ռուսաստանի տարածաշրջանային նախաձեռնություններին, երբեք չմոռանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը միջազգայնորեն ճանաչված դարձնելու հրամայականը»:

Որքանո՞վ այս հաջողված զորավարժանքը հեռացրեց Հարավային Կովկասն ապակայունացնելու հեռանկարը: Եթե ուժն իրական է, ապա նրա գործադրելու սպառնալիքը հավասարազոր է գործադրելուն: Այդպես է եղել բոլոր ժամանակներում: Դրա վրա է կառուցված ժամանակակից աշխարհի գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությունը: Ադրբեջանն, իհարկե, կշարունակի զինվել: Մենք էլ դատապարտված ենք հետ չմնալու, ընդ որում բոլոր հնարավոր միջոցներով: Զինավարժանքը դիտարկող դիտորդները մտքեր էին փոխանակում Ռուսաստանի ռազմական հզորության մեծացման մասին: Խոսում էին, օրինակ, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին, որ Մոսկվայի պատասխանն է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալման:

«Փոխգործակցություն-2012» զորավաժությունները դիտարկող ռազմական կցորդները գրելու եւ վերեւ զեկուցելու բան ունեն: Հայաստանցիները մի պահ հանգիստ շունչ քաշեցին մեր երկրում կուտակված ռազմական հզորությունը տեսնելով: Ինչպես անցյալ տարվա անկախության քսանամյակի զինվորական շքերթին: Մեր բանակն է խաղաղության երաշխավորը:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4