Այդ մասին սեպտեմբերի 19-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայտարարել է ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական խմբակցության ղեկավարի տեղակալ Աքիֆ Համզաչեբին: Թուրքական մամուլի վկայությամբ, նա զինված ուժերի հետ PKK-ի հետզհետե սաստկացող կռիվների առնչությամբ ասել է. «Օր չի լինում, որ նահատակված զինվորի լուրեր չստանանք: Ժողովուրդը այսպիսի լուրերի մտավախությունն է ապրում: Անվտանգության անվերջ գագաթաժողովներից արդեն հույսը կտրել է: Եթե վարչապետը հարցի կարգավորման տարբերակ ունի, թող ներկայացնի: Ժողովուրդը լուծում է ակնկալում, ահաբեկչության դադարեցումն ու ահաբեկչական կազմակերպության դեմ թուրքական զինված ուժերի հաջողությունը»:
Այնուհետեւ նա անդրադարձել է վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների արտաքին քաղաքականությանը, մատնանշելով. «Այս կուսակցության վարած քաղաքականությունը չի արտացոլում թուրք ժողովրդի կամքն ու իղձերը: Ինչպես երեւում է, կուսակցությունը խնդիրներ ունի հանրապետական կարգերի եւ ազգային պետության հետ: Մեծարգո Դավութօղլուն վերջերս հայտարարեց. «Եկել է ազգային պետության հետ հաշիվները մաքրելու ժամանակը»: Եթե չկա ազգային պետություն, ազգայնականություն էլ լինել չի կարող: Դավութօղլուն բացահայտ խոսում է ազգային թուրքական պետությունը մասնատելու մասին: Նրա նպատակը պարզ է եւ ակնառու: Մեծարգո Դավութօղլուն արժանի չէ Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնին: Նրա հայտարարությունը նախանշում է քրդական հարցի կարգավորման կառավարության բռնած ուղին, եւ Դավութօղլուի հայտարարությունները պատահական չեն»:
Հ. Չ.